Տոն սբ. Սպիրիդոն Սքանչելագործի
Դեկտեմբերի 12/25
Տոն սբ. Սպիրիդոն Սքանչելագործի
Սբ. Սպիրիդոնը ծնվել է շուրջ 270 թ., Կիպրոսի Տրիմիթուս (Տրիմիթոն) քաղաքում: Նա եղել է պարզ հովիվ, ունեցել է ընտանիք և իր վաստակի մեծ մասը տրամադրել է կարոտյալներին ու կարիքավորներին: Պարզության ու սիրո դիմաց Տերն իր հարուստ շնորհներն է տվել Սպիրիդոնին, և ապա մարդկանց իսկ պահանջով նրան ձեռնադրել են Տրիմիթոնի եպիսկոպոս: Այս հանգամանքը սակայն էապես չի փոխել խոնարհ Սպիրիդոնի կենսակերպը. արմավենու տերևներից հյուսված հովվական գլխարկը գլխին` պարզասիրտ եպիսկոպոսն ազատ ժամերին շարունակում էր արածեցնել իր հոտերը, և առաջվա պես առատաձեռն օգնում էր բոլոր նրանց, ովքեր ոչ միայն հոգևոր, այլև նյութական կարիքներ ունեին:
325 թ. Սբ. Սպիրիդոնը 317 այլ հայրերի հետ Նիկիա քաղաքում մասնակցում է առաջին Տիեզերական ժողովին` մերժելու ու դատապարտելու համար Արիոսի ուսմունքը, որը չէր ընդունում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածությունը: Ժողովի ընթացքում, երբ աստվածաբանական քննարկումները թեժանում են, սբ. Սպիրիդոնը վեր է կենում և, մի աղյուս վերցնելով, սեղմում է այն. աղյուսից անմիջապես հրո բոց է դուրս ժայթքում, ջուր է թափվում, իսկ կավը մնում է հայրապետի ափի մեջ:
-Ահա, աղյուսի մեջ երեք տարրեր կան` հուրը, ջուրն ու կավը, սակայն աղյուսը մեկն է: Նույնպես և Սբ. Երրորդության մեջ կան երեք Անձեր` Հայրը, Որդին և Սբ. Հոգին, սակայն Աստվածությունը մեկն է, – վարդապետում է սքանչելագործ հովիվ-եպիսկոպոսը` այս մեծ հրաշքով ամոթի մատնելով արիոսականներին:
Սբ. Սպիրիդոնի ողջ կյանքը զարմանահրաշ մի շղթա է` հյուսված հրաշքներից ու մերձավորի հանդեպ խորին սիրով: Եկեղեցական պատմիչներ Սոզոմենոսն ու Սոկրատեսը պատմում են երկու դեպք, որոնք վկայում են Սբ. Սպիրիդոնի սիրո մեծության մասին:
Մի անգամ, Մեծ պահքի ընթացքում մի օտարական հյուր է գալիս Սբ. Սպիրիդոնի տուն: Տեսնելով ճամփորդի հոգնությունը, Սուրբը պատվիրում է իր դստերը լվանալ հյուրի ոտքերն ու կերակրել նրան: Սակայն պարզվում է, որ տանը պիտանի կերակուր չկա, քանի որ եպիսկոպոսը Մեծ պահքին ուտում էր մի քանի օրը մեկ, և այն էլ` շատ քիչ: Այնժամ Սբ. Սպիրիդոնը խորովել է տալիս ապխտած խոզի միսը և սկսում ուտել այն` օրինակ ծառայելով, որ հյուրը ևս ուտի:
-Չեմ կարող, – պատասխանում է հյուրը, – ես քրիստոնյա եմ:
-Առավել ևս չպետք է հրաժարվես, – պատասխանում է Սբ. Սպիրիդոնը, – քանզի Աստուծո խոսքն ասում է. «Մաքուրների համար ամեն բան մաքուր է» (Տիտ. 1, 15):
Մի անգամ գողերը որոշում են գողանալ սրբի ոչխարները: Ուշ գիշեր նրանք մտնում են փարախը, սակայն անտեսանելի մի զորությունից կապված` փայտանում են` չկարողանալով շարժվել: Լուսադեմին Սբ. Սպիրիդոնը գալիս է փարախ` ոչխարներին դուրս հանելու, և գտնում է անշարժացած գողերին: Նա աղոթքով արձակում է անտեսանելի կապերը և երկար հորդորում գողերին թողնել իրենց չար ճանապարհը: Վերջում նրանց ազատ է արձակում` ամեն մեկին մի ոչխար նվիրելով ու կատակելով.
-Թող չլինի այնպես, որ գիշերն իզուր անքուն անցկացրեցիք:
Սբ. Սպիրիդոնը ննջել է շուրջ 348 թ.: Նրա մարմինը` արաբական ասպատակություններից փրկելու համար VII դ. Կիպրոսից տեղափոխվել են Կոստանդնուպոլիս, իսկ XV դ` Հունաստանի Կերկիրա կղզի: Սրբի մարմինն անապական է, լիովին պահել է իր փափկությունը և ունի կենդանի մարդու մարմնի ջերմաստիճանը:
Պատրաստեց Գ. Ղազարյանը
Տոն սբ. Սպիրիդոն Սքանչելագործի