/ Վարք Սրբոց / Հրաշագործ սուրբ Եփրեմ Նոր

Հրաշագործ սուրբ Եփրեմ Նոր

Հրաշագործ սուրբ Եփրեմ Նոր

Մայիսի 5/18

(1384-1426 թթ.)

 

Սուրբ Եփրեմը ծնվել է 1384թ. սեպտեմբերի 14-ին` Սուրբ Խաչի վերացման տոնին, Հունաստանի Թեսալիա նահանգի Տրիկալա քաղաքում: Ավազանի անունը Կոստանդինոս Մորֆիս էր: 1398թ.` 14 տարեկան հասակում, նա լքում է այրի մորն ու 7 եղբայրներին և մոր հոդորով գնում  ճգնելու Ատտիկեի Ամոմոս լեռան լանջին գտնվող Աստվածամոր Ավետման վանքում, հավանաբար, որպեսզի խուսափի ենիչերիների բանակը համալրելու թուրքերի բռնի զինվորագրումից: Այդ ժամանակ վանքը գտնվում էր իր ծաղկման գագաթնակետին: Սուրբն այստեղ ճգնում է 28 տարի:

1424թ. թուրքերը բռնությամբ վանք են ներխուժում ու վանքի միաբաններին վայրագաբար կոտորում: Սուրբն այդ օրը գնացել էր Ամոմոս լեռան քարանձավ-ճգնարաններից մեկը: Վանք վերադառնալով` տեսնում է այսուայն կողմ հայրերի մորթված մարմիններն ու ողբում: Հաջորդ տարի Սուրբ Խաչի վերացման տոնին վայրագ թուրքերը նորից են հարձակվում վանքի վրա և սրբին այնտեղ գտնելով` բռնում ու ութուկես ամիս սարսափելի մոլեգնությամբ ու բարբարոսությամբ տանջում: Վերջում նրան գլխիվայր կախում են վանքի տարածքում գտնվող մի հին թթենուց: Նախապես փորից անցկացնելով մի հաստափոր այրվող հին փայտ` նրան շամփրաձև գծուծ մեծ մեխերով գամում են: Սուրբ Եփրեմը նահատակությամբ ննջում է 1426թ. մայիսի 5-ին, 42 տարեկանում:

Աստվածամոր Ավետման այս վանքը երկար ժամանակ ամայի ու լքված է մնում: 1945թ. հավիտենահիշատակ մայրապետ Մակարիա Դեսիպրիի ջանքերով այն վերակազմավորվում է արդեն որպես կանացի մենաստան: Հենց այս սրբացյալ մայր Մակարիային է 1950թ. հրաշքով հայտնվում հրաշագործ սուրբ Եփրեմը և հայտնում իր մարմնի ու նրա տեղի մասին:

Եվ այսպես, Մակարիա մայրապետը 1945թ. ամռան մի օր Ամոմոս լեռն է բարձրանում, որպեսզի վառի այդ ժամանակ ավերված երբեմնի հայտնի պատրիարքական վանքի կանթեղները: Մայրապետը ներքուստ տեղեկանում է, որ «այս տեղը սուրբ է»: Այդպես էլ մինչև իր կյանքի վերջը (1999թ.) հաստատվում է այդտեղ` նախնական շրջանում ապրելով բացարձակ աննպաստ պայմաններում ու զրկանքներով լի` առանց նույնիսկ ծածկոցի, առանց դուռ ու պատուհանի, հիվանդ…

Սակայն Փառքի Տերը նրան է վերապահում մեծագույն պատիվը` սուրբ Եփրեմի մասունքների հրաշալի հայտնությունը, 1950թ. հունվարի 3-ին, 500 տարի ծածուկ մնալուց հետո: Այդ օրն առավոտյան երանելի մայրապետը մի բանվորի օգնությամբ փորում է այն տեղը, որն իրեն խորհրդաբար նշմարվել էր, և որտեղ, ինչպես երևում է պատի կիսավեր օջախից, ոմն վանականի խուց էր եղել: Մոտավորապես 1,7 մետր խորությամբ գտնվում է սրբի մարմինը, որից անուշահոտություն է սփռվում շուրջ բոլորը, իսկ նրա սքեմն անվնաս է լինում:

Մի օր երեկոյան ժամերգությունը կատարելիս բակից լսվում է ծանր քայլերի ձայն… Զգում է, որ քայլողը եկեղեցու դռանը կանգ է առնում: Շրջվում է ու մի բարձրահասակ, նիհար վանականի տեսնում, սև ու գանգուր մորուքով: Նրա ձախ ձեռքին սավառնում էր մի ճերմակ գերապայծառ լույս, իսկ աջ ձեռքով օրհնում էր: «Շատ շնորհակալ եմ քեզնից: Անունս Եփրեմ է»,- ասում է մայրապետին ու անհայտանում:  

1950թ. երջանկահիշատակ Մակարիա մայրապետի շուրջն առաջին միանձնուհիներն են հավաքվում և վերականգնում պատրիարքական հին վանքը երկարամյա մաքառումներից, զրկանքներից ու հոգնություններից հետո, և այն դարձնում «համաշխարհային Ուղղափառության մեծ ուխտատեղի` հրաշագործ սուրբ Եփրեմի շնորհիվ», ինչպես որ խոստովանում են ժամանակակից հոգևոր մեծերը:

Այսօր Աստվածամոր Ավետման վանքը հայտնի է նաև որպես սուրբ Եփրեմի վանք: Նրա հիշատակը տարին երկու անգամ է տոնվում՝ հունվարի 3-ին, երանաշնորհ մայր Մակարիայի կողմից՝ նրա սուրբ մասունքերի ի հայտ գալու օրը, և մայիսի 5-ին` նրա նահատակության օրը:

Սրբի բարեխոսութամբ կատարված ու կատարվող հրաշքներն այնքան շատ են, որ միայն երջանկահիշատակ Մակարիա մայրապետը դրանք գրի առել և հաջորդաբար 10 հատորով հրատարակել է: Իսկ նրա ննջումից հետո (1999թ.) մինչ օրս սուրբ Եփրեմի հրաշքները պատմող ևս 6 հատոր է հրատարակվել` ի փառս Աստուծո և ի մխիթարություն ու զորացում ուղղափառ քրիստոնյաների:

Հրաշագործ սուրբ Եփրեմ Նոր

(Երանաշնորհ Մակարիա մայրապետը)

 

Պատրաստեց հայր Հերոնիմոս Մայիլյանը:

 

Հրաշագործ սուրբ Եփրեմ Նոր

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com