/ Հրաշքներ / Սուրբ Հովհաննես Ռուսի ցնցող հրաշքը

Սուրբ Հովհաննես Ռուսի ցնցող հրաշքը

 

 Սուրբ Հովհաննես Ռուսի ցնցող հրաշքը

 

 

            Պետական բարձրաստիճան պաշտոնյա Կոստանդինոս Պոլիխրոնիուն մոտ երկու ժամ լալով աղոթում էր Սուրբ Հովհաննես Ռուսի մասնատուփի առաջ: Հագին ննջազգեստ էր, իսկ մի տաքսի նրան սպասում էր եկեղեցու հյուսիսային դռան մոտ: Երբ վերջացնում է իր խորհրդավոր զրույցը Սրբի հետ, կոշիկները հատակին քարշ տալով դեպի եկեղեցու ելքն է առաջանում: Նրան փոքր-ինչ կագնեցրեցինք այն մտադրությամբ, որ եթե ցանկանար,  ապա մեզ հայտներ, թե ինչու էր այդքան երկար արտասվում, որովհետև նորմալ էլ հագնված չէր, և քանի եկեղեցի է եկել, եթե ուզենար, իրեն մեր հյուրանոցում մի սենյակ տայինք` փոքր-ինչ հանգտանալու համար:

            – Ո՛չ, հայր,- պատասխանեց և շարունակեց,- Սուրբն ինձ երկար տարիներով հանգստացրեց` այս մեծ ու հրաշագործ բժիշկը, որին ծառայում եք: Այսօր առավոտյան կինս «Էվանգելիզմոս»[1] եկավ` ինձ տեսնելու: Ավելի քան տասնամյակ է անցել այն օրից, երբ զրկվեցի ոտքի կանգնելու ունակությունից, ինչպես որ հիմա ինձ տեսնում եք: Մի տարի նյարդային համակարգի ախտորոշումից ու մի հիվանդության տանելուց հետո հաշմանդամության այնպիսի վիճակի հասա, որ պաշտոնս կորցրեցի, վաղաժամ թոշակի անցա ու հիվանդանոցների գիրկն ընկա, որովհետև երկրորդ տարուց հետո ստորին վերջույթների շրջանում 80%-ից ավելի անդամալուծություն ունեի: Մի կողմից անդամալուծությունը, մյուս կողմից` հոգեբանական վիճակն ու կենսագործունեությունից վաղաժամ հեռանալն ինձ առաջնորդում էին թառամելու, գրեթե` մահվան:

            Ահա, այսօր առավոտյան կինս հիվանդանոց եկավ ու ինձ քնած տեսնելով` չարթնացրեց, այլ նստեց մահճակալիս մոտ մի աթոռի վրա: Մի քանի րոպեից քունը տարավ: Քանի մեջ տեսնում է, որ կողքի պալատում բժիշկներ էին այցելել: Նրանց մեջ մի անծանոթ օտար բժշկի է տեսնում: Նա մոտենում է նրան ու հարցնում.

            -Բժի՛շկ, դուք օտա՞ր եք. առաջին անգամ եմ ձեզ հիվանդանոցում տեսնում: Խնդրում եմ, եթե կարող եք, կողքի պալատն այցելեք, այնտեղ տաս տարուց ավել անդամալույծ ամուսինս է: Բժիշկներն ինձ ասել են, որ կողակցիս կորցնում եմ: Կորցնում եմ հենարանիս: Ամուսինս կմեռնի: Բժիշկ, եկե՛ք, տեսե՛ք նրան, ու՛ժ տվեք նրան, դուք էլ որևէ բան մեզ ասեք:

            – Տիկի՛ն, գնացե՛ք, սպասեք, ձեր ամուսնուն էլ կտեսնեմ:

            – Այո՛, բժիշկ, կսպասեմ ձեզ: Ասացե՛ք, խնդրեմ, ձեր անունը:

            – Հովհաննես Ռուս,- պատասխանում է:

            Կինս արթնանում է, իր նստատեղից վեր թռչում: Այդ պահին տեսնում է, թե ինչպես միայնակ` արմուկներիս հենված, փորձում եմ վեր կենալ:

            -Օգնի՛ր ինձ,- ասում եմ նրան,- ինչ-որ մեկը թևատակիցս ընկած բարձրացնում է ինձ, դու՛ էլ օգնիր:

            Վեր բարձրացա, կանգնեցի գետնին, երբ կնոջս լացը մեր շուրջ էր հավաքել բժիշկների ու օգնական անձնակազմը: Բաժնի պատասխանատու բժիշկը` մի հավատացյալ քրիստոնյա, ցնցվում է կնոջս պատմածից ու հորդորում.

            -Պարոն Պոլիխրոնիու, այդպես, ինչպես որ կաս, մի՛ խնդրիր ննջազգեստդ փոխել, գնացեք, տաքսի նստեք հիվանանոցի մուտքից ու մեկնեք Հոգևոր բժշկարան` Սուրբ Հովհաննես Ռուսի եկեղեցի, որը Էվբեայի[2] Պրոկոպիոս ավանի կանաչածածկ լեռնահովտում է: Այնտեղ է գտնվում Սրբի ամբողջ մարմինը: Գնացեք, ձեր մեծ շնորհակալությունը հայտնեք Սրբին ու վերադարձեք դուրս գրման անդորրագիրը վերցնելու համար, որն այս անգամ, իհարկե, հազվադեպ, ոչ թե բժիշկ է ստորագրում, այլ` մի Սու՜րբ: Եվ որպես քրիստոնյա, և որպես գիտնական, ինչ-որ ասացի, հավատում եմ: Մեր գիտությունից վերև Աստծո ու Նրա Սրբերի ամենակարողությունն է:

            Այս բաները մեզ ասաց, հայր: Ահավասիկ դուք էլ տեսնում եք: Դուք էլ մեզ ձեր օրհնությունը տվեք:

            Այս բաները մեզ հայտնեց այդ օրհնյալ մարդը, որ լալով Սրբին «շնորհակալություն» էր հայտնում: Որպեսզի տղամարդիկ լացեն, պետք է, որ շատ լուրջ մի բան պատահած լինի: Այդ «շնորհակալությունը» պատրաստակամ են հայտնելու բոլոր հիվանդանոցների, ամեն տեսակի բժշկական հաստատությունների հիվանդները, անբուժելի հիվանդությամբ տառապողները. նրանք որևէ «հրեշտակի» են սպասում, որևէ Սրբի, հենց Նրան` Տիրոջը, որ «ջրերը խառնի», որպեսզի մտնեն այս խորհրդի մեջ, որ հրաշագործ բժշկում է կոչվում[3], ինչն, իսկապես, ժամանակ առ ժամանակ պատահում է այն հիվանդների հետ, որոնց Աստված է ընտրում ըստ Իր չափանիշների, ինչը գրեթե մեզ անհայտ է:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Ιερέως Ιωάννου Βερνέζου, Βίος και Νέα θαύματα του Οσίου Ιωάννου του Ρώσσου, Ιερό Προσκύνημα Οσίου Ιωάννου του Ρώσσου, Προκόπι Εύβοιας 1998.

  Սուրբ Հովհաննես Ռուսի ցնցող հրաշքը

 

[1] Աթենքի կենտրոնական ամենամեծ ու ամենահայտնի հիվանդանոցը: Կոչվում է «Էվանգելիզմոս», այսինքն` Ավետում:

[2]Էվբեան իր մեծությամբ Կրետեից հետո Հունաստանի երկրորդ կղզին է: Այն հարավից այնքան մոտ է ցամաքին, որ Խալկիդա քաղաքի սահմաններում կամրջով է կապված:

[3] Հմմտ. Հովհ. 5,7:

 

 

Սուրբ Հովհաննես Ռուսի ցնցող հրաշքը