Ուղղափառ սրբերը որպես ընդօրինակման օրինակ
Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Agionoros.ru (Սուրբ Լեռ) ուղղափառ կայքէջի գլխավոր խմբագիր և պատմաբան Աթանասիոս Զոիտակիսի վերջին հրապարակումներից:
Կատարելության հասնելու հնարավորության ժխտումը և քրիստոնեական կյանքի բարձրության նշաձողի իջեցումը ներկայանում է որպես վտանգավոր մոլորություն:
«Մինչև դարավերջ չեն սպառվի սրբերը»,- մեր ժամանակակից աթոսացի ծեր Եփրեմ Ֆիլոթեացու այս խոսքերը հաստատվում են Եկեղեցու ողջ պատմութան ընթացքում: Այնուհանդերձ, բոլոր պատմական ժամանակաշրջաններում գտնվել են մարդիկ, ովքեր պնդել են, թե արդարակյացներն սպառվել են կամ արդեն չեն կարող անցյալի ճգնավորների հետ նույն շարքում դասվել: Այսօր հայացքների նման համակարգը նախկինի պես շատ կողմնակիցներ ունի: Հաճախակի ենք լսում, թե «երանելի հայրերի ժամանակներն անդառնալիորեն անցել են»:
Կատարելության հասնելու հնարավորության ժխտումը և քրիստոնեական կյանքի բարձրության նշաձողի իջեցումը ներկայանում է որպես վտանգավոր մոլորություն: Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբանը († հիշատակը հոկտեմբերի 12/25-ին) նման կարծիքն ամենավտանգավոր հերձված էր կոչում. «Ես հերետիկոս եմ անվանում նրանց, ովքեր ասում են, թե, իբր, ոչ ոք չկա մեր ժամանակներում և մեր մեջ, որ կարողանա պահպանել ավետարանական պատգամները և դառնալ սուրբ հայրերի նման… նրանք, ովքեր ասում են, թե դա անհնար է, տիրապետում են ոչ թե ինչ-որ մի մասնավոր հերձվածի, այլ ամենին, եթե դա կարելի է ասել, քանզի այդ հերձվածն առավել գերակշռում և ծածկում է բոլոր մյուսներն անմաքրությամբ ու սրբապղծությամբ: Նման միտք ասողը հերքում է բոլոր Սուրբ Գրքերը: Քրիստոսի այդ հակառակորդներն ասում են. «Դա անհնար է, անհնար»: Եվ ինչու՞ է, ասա ինձ, անհնար: Իսկ ինչի՞ միջոցով սրբերը փայլեցին երկրի վրա և դարձան լուսատուներ աշխարհում: Եթե անհնար լիներ, նրանք էլ երբևէ չէին կարողանա դա անել: Քանզի նրանք էլ մարդիկ էին, ինչպես և մենք: Նրանք որևէ առավել բանի, քան մենք, չէին տիրապետում, բացի դեպի բարին ուղղված հոժարակամությունից, փութաջանությունից և համբերությունից, և Աստծո նկատմամբ սիրուց: Այսպիսով, դու էլ դրանք գտիր, և քո համար արցունքների աղբյուր կդառնա այժմ քարացած հոգին: Իսկ եթե դու չես ուզում համբերությամբ տանել վշտերն ու նեղությունները, ապա առնվազն մի ասա, թե դա անհնար է»:
Քրիստոնյաներն իրենց կոչմամբ սրբեր են. «Այդ ավետիսը և պատվիրանը հնչում է որպես զանգ Նոր Կտակարանի բոլոր Ավետարանների միջոցով» (Սբ. Հուստին Պոպովիչ († հիշատակը հունիսի 14/27-ին), հմմտ. Ա Թես. 4. 3, Հռոմ. 1. 7, Ա Կոր. 1. 2, Եփ. 1. 1, 18. 2-19, 5. 3, 6. 18, Փիլ. 1. 1, 4. 21-22, Կող. 1. 2, 4. 12, 22, 26, Ա Թես 3. 13, 5. 27, Բ Տիմ. 1. 9, Եբր. 3. 1, 6. 10, 13. 24, Հուդ. 1. 3): Դառնալ սուրբ, և՛ հոգով, և՛ մարմնով. ահա՛ մարդու կոչումը (Ա Թս 5. 22-23), «այլ ինչպես որ ձեզ կանչողը՝ Աստված, սուրբ է, դուք էլ սուրբ եղեք ձեր ամբողջ կյանքով» (Ա Պետ. 1. 15): «Սու՛րբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտ. 11. 44), «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5. 48), «Սու՛րբ եղեք, որովհետև սուրբ եմ Ես» (Ա Պետ. 1. 16):
Այս կոչն ընկալելի եղավ տարբեր պատմական ժամանակաշրջանների ճգնավորների կողմից: «Աստղերին երկնքում և ծովային ավազին են թվով հավասար մարգարեները, առաքյալները, նահատակները, ճգնավորները: Նրանք իրենց արյունը թափեցին Սուրբ Երրյակի համար և այժմ գտնվում են Երկնային Արքայության հավիտենական ուրախության մեջ: Աստղերի նման մեծաքանակ են այրերն ու կանայք՝ աշխարհից հրաժարված և անապատ հեռացած, ուր իրենց ողջ կյանքի ընթացքում ճգնել են հանուն Սուրբ Երրյակի սիրո… Աստղերին երկնքում և ծովային ավազին են թվով հավասար և՛ այրերը, և՛ կանայք, ովքեր աշխարհում ապրել են ողջամտորեն և անարատ, պահք պահել, աղոթել, ողորմություն բաժանել, բարի գործեր արել՝ ամենը Սուրբ Երրյակի նկատմամբ սիրուց: Նրանք և՛ երկրային կյանքն են լավ ապրել, և՛ ժառանգել են Աստծո Արքայության հավիտենական ուրախությունը»,- ասում է իր մի խրատում առաքելահավասար ս. Կոզմաս Էտոլիացին:
Սրբերի մեծ բազմությունը վկայում է երանության լիության մասին, որը Տերը սփռում է Իր Եկեղեցու վրա. «Մարդ դառնալով՝ Նա Իրենով սուրբ մարդկանց տալիս է բոլոր աստվածային ուժերը, անհրաժեշտ սուրբ և բարեպաշտ կյանքի համար այս աշխարհում (հմմտ. Բ Պետ. 1. 3): Հավատքի օգնությամբ հոգևոր կերպով ու երանությամբ միավորվելով Սրբի՝ Քրիստոս Տիրոջ հետ, քրիստոնյաները Նրանից էլ են ստանում սուրբ ուժեր, որպեսզի վարեն սուրբ կյանք» (Սբ. Հուստին Պոպովիչ):
Սրբերը՝ տարբեր սեռերի, եկամուտների, մասնագիտությունների, ընկերային վիճակի, բնավորության և ազգության մարդիկ, մեզ ցույց են տալիս զանազան ճանապարհներ, որոնցով նաև մենք կարող ենք հասնել «Քրիստոսի կատարյալ նմանությանը» (Եփես. 4. 13) և հաճո լինել Տիրոջը:
«Երբ մենք մտածում ենք, թե չենք կարող սրբանալ, ապա դա կեղծիք է և հոգևոր հմայություն»: Տերը մեզ բացել է սրբության ճանապարհը, և եթե մենք դրանով չենք ընթանում, ապա պատճառն այն չէ, որ արտաքին անբարենպաստ պայմաններ են ձևավորվել և «անցել են երանելիների ժամանակները»: «Մեր սրտում, մեր հոգում ինչ-որ բան դեռևս այն չէ և այդ «ինչ-որը» խանգարում է մեզ կատարել մեր մասին Աստծո մտադրությունը» (Գեորգի սարկավագ Մաքսիմով, «Եթե դուք ապրում եք առանց սուրբ դառնալու ջանքերի, ապա դուք քրիստոնյա եք ընդամենն անվամբ, այլ ոչ թե էությամբ»):
Հոգևոր մինիմալիզմին և քրիստոնեության հեշտացված տարբերակի արմատավորման պայմաններում մեծ նշանակություն ունի վարքագրական գրականությանը դիմելը: Բյուզանդիայում և Ռուսիայում սրբերի վարքերի ընթերցումը համարվում էր կարևոր միջոց հոգևոր դաստիարակության և հոգու փրկության համար…
«Հոգևոր կյանքում օրինակ պետք է լինեն սրբերը, այլ ոչ թե այս աշխարհի մարդիկ», – ասում էր սբ. Պաիսիոս Աթոսացին, – «Վազորդները մարզադաշտում հետ չեն նայում, որպեսզի տեսնեն, թե որտեղ են գտնվում վերջինները: Քանի որ եթե նրանք աչք նետեն վերջիններին, ապա իրենք վերջինը կդառնան»,- ավելացնում է Սուրբը:
Երանելի Հուստին Չելիացու խոսքերով, «Վարք Սրբոց»-ը միակ ուղղափառ մանկավարժությունն է»: Դրանցում «ցույց է տրվում, թե ինչպես է մշակվում և կանգնում կատարյալ մարդկային անհատականությունը, միանգամայն կատարելատիպ մարդը… Բայց դա էլ հենց ավետարանական դաստիարակչական բարձրագույն նպատակն է, միակ դաստիարակչական բարձրագույն նպատակը՝ արժանի այնպիսի աստվածակերպ արարածի, ինչպիսին մարդն է, բարձրագույն նպատակ՝ որոշված Քրիստոս Տիրոջ Ավետարանով: Որոշված և իրականացված, առաջին հերթին, Քրիստոս Աստվածամարդով, և ապա իրականացված սուրբ առաքյալներով և Աստծո մնացյալ սրբերով: Միաժամանակ առանց Քրիստոս Աստվածամարդու և Քրիստոս Աստվածամարդուց դուրս որևէ այլ դաստիարակչական բարձրագույն նպատակի պարագային մարդը հավիտյանս մնում է որպես անկատար արարած, մահկանացու գոյություն, որպես խղճուկ արարած, դժբախտ արարած՝ արժանի բոլոր աչքերի բոլոր արցունքներին, որքան որ դրանք կան Աստծո աշխարհներում» (Սբ. Հուստին Պոպովիչ):
Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբանն ընդգծում էր, որ վարքագրական գրականության իսկական բովանդակությունը ոչ բոլորին է վերահասու լինում, այլ միայն նրանց, ովքեր փորձում են ընդօրինակել սրբերին իրենց սեփական կյանքում. «Քանզի նրանք, ովքեր գրել են սրբերի վարքը, ցույց են տվել միայն նրանց մարմնավոր գործերը, ինչպես սակավապետություն, պահեցողություն, հսկում, ժուժկալություն, համբերություն… Իսկ նրանց հոգևոր գործերը՝ միայն նվազ չափով, ինչպես հայելու մեջ, [մարմնավոր գործերի] միջոցով…»:
Սրբերի վարքերում, Սուրբ հայրերի գործերում, ինչպես և Սուրբ Գրքում, գոյություն ունի սեփական θεωρία-ն (աստվածատեսություն): Այն բացվում է ոչ թե գիտնականներին, տեսաբաններին, փիլիսոփաներին, այլ նրանց, ովքեր ընդօրինակում են սրբերին իրենց կյանքում: Ավելին, սրբերի օրինակին հետևելը յուրաքանչյուր քրիստոնյայի պարտականությունն է: Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբանի խոսքերով, «մարդիկ դատապարտվելու են, որ չեն ընդօրինակել սրբերին և չեն կարդացել նրանց վարքը»:
Աղբյուր. www.agionoros.ru
© www.orthodoxkyanq.org
Ուղղափառ սրբերը որպես ընդօրինակման օրինակ