/ Ծերերի խրատներ / Ուսուցանում են Ծերեը

Ուսուցանում են Ծերեը

Ուսուցանում են Ծերեը

Ա՛յ բալիկ, ի՞նչ ես անում

Հ. Պորֆիրիոսի հոգևոր դուստրերից մեկը շատ լուրջ մի խնդիր ուներ, որի համար ծերից շարունակ օգնություն էր խնդրում: Հ. Պորֆիրիոսը նրան միշտ հանգստացնում էր` ասելով, որ խնդիրն ամենացանկալի կերպով, ինքն իրեն կլուծվի: Ժամանակը սակայն անցնում էր, խնդիրը` մեծանում: Վերջապես հարցն ամենաանցանկալի լուծումն ստացավ: Իմանալով դրա մասին` խեղճ կինը հուսահատության մեջ ընկավ և մի ամբողջ գիշեր լաց եղավ` հ. Պորֆիրիոսին մտովի անընդհատ ասելով. “Պապի՛կ, պապի՛կ, ինչու՞ այսպես եղավ. չէ՞ որ դու ուրիշ բան էիր խոստանում”:

Լուսանալուն պես ինչ-որ մեկը զանգեց: Կինը վերցրեց խոսափողը և ծերի ձայնը լսեց.

-Ա՛յ բալիկ, ի՞նչ ես անում: Ամբողջ գիշեր ինձ էիր կանչում ու չթողեցիր, որ հանգստանամ: Ինչու՞ ես դա անում, չէ՞ որ քեզ ասել եմ, որ ամեն բան լավ է լինելու:

Եվ իրապես, մի քանի օր անց ամեն ինչ ավարտվեց այնպես, ինչպես որ նախապես հ. Պորֆիրիոսն էր ասել:

Մտքի զորությունը

Երբ մարդիկ դժգոհում են ու բարկանում, իրենց ներսի չարությունից չար մի զորություն է դուրս գալիս և ուրիշի վրա ազդում` թեկուզ և ոչինչ չասեն: Նման մի ձևով է, որ ծնողներն այսօր իրենց երեխաների վրա են ազդում. Երբ տեսնում են, որ երեխաներն անկարգություն են անում, դժգոհում են: Ասում են` երեխայիս հիմա բան չասեմ ու չվիրավորեմ… Ահա՛ մահացու մի մեղք. Մարդուն վիրավորում ես` նույնիսկ առանց որևէ բան ասելու, որովհետև մեր հոգին հոգևոր է, և համապատասխանաբար տարբեր զորություններ են ներգործում` երբեմն բարին, երբեմն` չարը:

Ուրիշի համար բարի՛ն մտածեք: Ձեր աղոթքով` Քրիստոսի միջոցով, մարդու վրա դրականորեն եք ազդում: Որևէ մեկի մասին վատ մի՛ մտածեք, քանի որ այդ ժամանակ նրա վրա վատ եք ազդում”:

Հ. Պորֆիրիոս

Խոստովանություն

Զավակնե՛րս, հաճա՛խ խոստովանեցեք, հաղորդվեցեք և սիրեցե՛ք մարդկանց: Ուրիշ ոչինչ”:

Մարդն Աստծուց որքան հեռու է, տարբեր բաներից այնքան ավելի է վշտանում ու տառապում: Երբ մեզ տառապեցնող ինչ-որ բան ենք ունենում, մեր խոստովանահոր մոտ պիտի գնանք”:

Խոստովանի՛ր մեղքերդ կարգով ու լավ. Պատրիարք էլ լինես, եթե խոստովանության չգնաս, չես փրկվի”:

Հ. Պորֆիրիոս

Որ հոգ տանես` կյանքդ փոխելու

Մի անգամ հ. Պորֆիրիոսը երեք հոգեզվակների հետ վանք էր գնում: ճանապարհը երկար էր, ու քանի որ հ. Պորֆիրիոսը շատ էր հոգնել, որոշեցին մեքենա բռնել: Հեռվում տաքսի երևաց:

-Ձեռքով չանե՛ք, – զգուշացրեց ծերը, – տաքսին ինքն իրեն կկանգնի: Երբ նստենք, ոչ ոք բան չասի: Միայն ես կխոսեմ:

Իրապես տաքսին ինքն իրեն կանգնեց: Երբ հ. Պորֆիրիոսն ու երեք ուղևորները նստեցին, վարորդն սկսեց փնովել հոգևորականներին` նրանց հասցեին հազար ու մի բան պատմելով ու անընդհատ աշխարհականներին ասելով.

-Ա՛յ տղերք, էդպես չէ՞:

Տեսնելով, սակայն, որ վերջիններս լուռ են մնում, սկսեց նույն բաները հ. Պորֆիրիոսին ասել.

-Հայրի՛կ, ճիշտ չե՞մ:

-Բալի՛կս, ես քեզ մի փոքրիկ պատմություն կպատմեմ, – պատասխանեց ծերը: – Մի անգամ կպատմեմ, երկրոդ անգամվա կարիքը չի լինի: Այսինչ գյուղից մի մարդ կար: Այս մարդու հարևանը ծեր էր և մի մեծ ագարակ ուներ: Մի գիշեր մարդը հարևանին սպանեց ու թաղեց: Հետո կեղծ թղթերով տիրացավ նրա ագարակին ու վաճառեց այն: Ու գիտե՞ս, թե վաճառված ագարակի դրամով ինչ գնեց. մի տաքսի գնեց:

Ցնցված վարողը կանգնեցրեց մեքենան ու գոչեց.

-Հայրի՛կ, ոչինչ մի՛ ասա. Միայն ես դա գիտեմ ու դու:

-Աստված էլ դա գիտե. Տերն ինձ դա ասաց, որ ես քեզ ասեմ, ու դու հոգ տանես` սրանից հետո կյանքդ փոխելու:

Աստված հոգում է մեր մասին

“…Իրականություն է այն, ինչ Աստվածաշունչն է ասում. “Ձեր գլխի մազերը հաշվված են”: Այդպես է` մեր կյանքում ոչ մի բան պատահական չէ: Աստված մեր կյանքի անգամ ամենափոքր մանրամասնությունների համար է հոգ տանում: Նա մեր հանդեպ անտարբեր չէ: Աշխարհի երեսին մենք միայնակ չենք: Աստված մեզ շատ է սիրում. մենք ամեն վայրկյան նրա մտքում ենք, և Աստված մեզ պաշտպանում է: Մենք դա պիտի հասկանաք և ոչ մի բանից չվախենանք”:

Հ. Պորֆիրիոս

Խնդիրները լուծելու գաղտնիքը

Քո խնդիրների համար մի՛ վշտանա, դրանց մեջ մի՛ փակվիր, դրանց շուրջը շարունակ մի՛ պտտվիր: Ազատվի՛ր դրանցից և առա՛ջ քայլիր` ողջ ուշադրությունդ տալով քո գործին, այսինքն` այն բանին, թե Քրիստոսի սիրուն ինչպե՛ս արժանի լինես` նրա պատվիրանները ճանաչելով ու պահելով: Քրիստոսի պատվիրանները կատարելիս կտեսնես, որ քո բոլոր խնդիրներն իրենք իրենց լուծվել են, և դու մտել ես Քրիստոսի անստեղծ Եկեղեցու դրախտը, որն այս կյանքից է սկսվում”:

Հ. Պորֆիրիոս

Հուսահատության մասին

Երբ Եկեղեցու մեջ ես, հուսահատություն գոյություն չունի` ինչ էլ արած լինես, ինչի էլ բախված լինես. հուսահատություն գոյություն չունի: Վիշտ կարող է ունենաս, բայց հուսահատություն` ոչ: Խոստովանության միջոցով Աստված քեզ օգնում է, և դու անցնում ես այն, ինչը որ քեզ կարող է հուսալքության վերջին աստիճանին հասցնել”:

Աստված մեծ է. այնտեղ, որտեղ հուսահատվում ես, մի բան է քեզ ուղարկում, որ չես սպասում… բավական է, որ Նրան հավատաս ու սիրես: Ինչպես որ Նա էլ է մեզ սիրում և մեր մասին հոգում` ինչպես ամեն մի հայր` իր երեխաների համար: Եվ մենք բոլորս Աստծու զավակներն ենք: Եվ ինչ բարի բան որ ունենք` Աստծուց է, որ ունենք. Նրա նվերն է”:

Չեխ քահանան և հ. Պորֆիրիոսը

Չեխիայից հ. Պորֆիրիոսի մոտ է գալիս մի կաթոլիկ քահանա, ով երկու խնդիր ուներ` մեկը զուտ անձնական, մյուսը` եկեղեցու հետ կապված: Ինքը քահանան սակայն, մեծ հավատ չուներ, քանի որ կարծում էր, թե այն, ինչ որ գրված է սբ. Գրքերում, հիմնականում տեսական բնույթի է, կամ էլ առասպելական:

Երբ չեխ քահանան գալիս է հ. Պորֆիրիոսի մոտ, ծերն իր մտերմիկ ժպիտով նրան դիմավորում է, ձեռքից բռնում և ասում.

-Տեր հայր, Դուք երկու խնդիր ունեք, որ Ձեզ տառապեցնում են:

Ապա խորհուրդներ է տալիս` խնդիրների առջևն առնելու համար: Հետագայում քահանան խոստովանում է.

-Երբ հ. Պորֆիրիոսն սկսեց ինձ հետ խոսել, անմիջապես զգացի, որ ոտքերիցս կողպեքներ ընկան: Պատրաստ էի ծնկելու, քանի որ առաջին անգամ հասկացա, թե ինչ է Ուղղափառությունը: Հիմա հասկացա իրականությունը. Աստված շնորհ է տալիս, և այդ շնորհն Ուղղափառության մեջ է գտնվում”:

Եհովայի կեղծ վկաները

Մի անգամ հ. Պորֆիրիոսին իր հոգևոր զավակները մեքենայով տեղ են տանում: Ճանապարհին Եհովայի վկաների ինչ-որ հավաքույթի միջով են անցնում: Ծերի խոստովանազավակներից մեկը, աղանդավորներին տեսնելով, ներքուստ խորը վրվդովմունք է ապրում, բայց հ. Պորֆիրիոսը լուռ է մնում: Վերջապես, ծերն ասում է.

-Է~, Եհովայի այս խեղճ կեղծ վկաները… Աստված թող իրենց ողորմի: Որոշ քրիստոնյաներ սրանցից դժգոհում են, ուրիշներ` կռիվ են անում, հայհոյում, այլք` դատարաններում դատի տալիս: Բայց Եհովայի վկաների դեմ այդպես չեն պայքարում: Գիտե՞ք, թե նրանք ե՛րբ կպարտվեն. երբ որ մենք սուրբ դառնանք”:

Քաղցկեղը

Երիտասարդ ժամանակ Աստծուն խնդրել էի, որ ինձ քաղցկեղի հիվանդությունն ուղարկի, որպեսզի հանուն իր սիրո տառապեմ: Երբ բժիշկներն ինձ ասացին, որ քաղցկեղ ունեմ, ուրախացա և ասացի.

– Փառք քեզ, Աստված. այսքան տարի հետո խնդրանքս չես մոռացել:

Քաղցկեղս այստեղ է` հիպոֆիզում: Այտուցք է դարձել, որ մեծանում է և տեսողական հանգույցը ճնշում: Դրա համար սկսել եմ կուրանալ: Այս մի աչքով մի քիչ լույս եմ տեսնում, մյուսով ուրվագծերի պես եմ մարդկանց տեսնում, իսկ նրանց դիմագծերը` ոչ: Լեզուս հաստացել ու երկարացել է, բերանիս մեջ դժվար է… Ձայնս փոխվել է: Երբ ցավեր եմ ունենում, համբերում եմ ու աղոթում: Երբ շատ ուժեղ է ցավում, չեմ կարողանում աղոթել: Բայց չեմ տրտնջում ու չեմ բողոքում:

Ցավազրկող չեմ խմում… Մի՞թե Քրիստոսը չգիտե, որ ցավերի մեջ եմ: Գիտե: Ուրեմն, Քրիստոսի խաչը համբերությամբ եմ կրում: Ցավերի մեջ Աստծուն խնդրում եմ, որ ինձ ողորմի ու մեղքերս ների:

Գիտե՞ս, քաղցկեղը լավագույն հիվանդությունն է, որովհետև մյուս հիվանդությունների պարագային խնդիրը լուրջ չես ընդունում, հույս ես ունենում, որ կապաքինվես ու սովորաբար չես փոխվում: Իսկ քաղցկեղի ժամանակ ասում ես. “Սա վերջն է, սուտը վերջացավ, գնում եմ…”: Միակ հույսը, որ քեզ մնում է, Աստված է: Ամուր բռնում ես այդ հույսն ու փրկվում ես”:

Հ. Պորֆիրիոս

Լուսամու՛տը բաց

Մի մութ սենյակում ես գտնվում և ձեռքերդ ես թափահարում` փորձելով այդպես խավարը փարատել: Բայց խավարն այդ ձևով չի հեռանում: Լուսամու՛տը բաց, որպեսզի լույսը ներս գա և միայն այդ ժամանակ խավարը կհեռանա: Լույսն է այն բանը, որ խավարը կհեռացնի: Կարդա՛նք Աստվածաշունչը, սրբերի վարքերը, Հայրերին. դա է այն լույսը, որը կհալածի խավարը”:

«Երբ Քրիստոին սիրում ենք, մեր մեղսական կրքերն իրենք իրենց ընկրկում են, սիրո զորության առջև իրենց ուժը կորցնում: Երբ լուսանում է, և արեգակը մեր սենյակը լուսավորում է, խավարը փախչում է, չի կարող մնալ»:

Հ. Պորֆիրիոս

Ծխելու մասին

-Ծխախոտը ոչ մի օգուտ չի տալիս, ընդհակառակը` քաղցկեղ և ուրիշ հիվանդություններ է առաջացնում: Ծխելն անմիջապես թարգեք, – խորհուրդ է տալիս հ. Պորֆիրիոսը մի մարդու:

-Ինչպե՞ս թարգեմ. շատ եմ փորձել, բայց` ապարդյուն:

-Ամեն անգամ, երբ ծխել ես ուզում, ասա` Տե՛ր, ողորմի՛ր ինձ: Առ Քրիստոս աղոթքը մեր ամեն մի խնդրի լուծումն է: Տեսնու՞մ ես, անգամ այս թութակը` այս գեղեցիկ թռչունը, որ սենյակումս եմ պահում, սովորել է ասել` Տե՛ր, ողորմի՛ր ինձ:

Սուպեր մինիով” աղջիկը

Մի անգամ հ. Պորֆիրիոսն իր երկու հոգևոր դուստրերի հետ քայլում էր Աթենքի կենտրոնում: Նրանց դիմացից “սուպեր մինի” հագած մի աղջիկ անցնավ:

-Ի՞նչ եք ասում, ի՞նչ մտածեցիք: Այս աղջկան դատու՞մ եք, -հարցրեց հ. Պորֆիրիոսն իր հոգեզավակներին:

-Ո՛չ, հայր, -պատասխանեցին նրանք:

-Լա՛վ եք անում, որ չեք դատում, -ասաց ծերը: – Արտաքին տեսքից մարդկանց մասին դատողություն մի՛ արեք: Այդ աղջիկը, որ տեսաք, հրաշալի հոգի ունի: Հոգու զորեղություն ունի: Այն, ինչ որ հիմա է անում… իր հոգու զորեղության արդյունքն է: Երևակայեցե՛ք, ի՜նչ կլինի այս աղջիկը, եթե Քրիստոսին ճանաչի, եթե իմանա այն ամենը, ինչ որ դուք գիտեք: Այն ժամանակ հաստատ շա՜տ բարձր կհասնի”:

Գիշերային զանգը

Հ. Պորֆիրիոսի հոգևոր զավակներից մեկը սիրում էր տարվել լավ կերակուրներով ու գինիով` մի բան, որ իր առողջությանը հակացուցված էր: Մի անգամ ուշ երեկոյան ընկերոջ տանը համադամ կերակուրներ ու անուշ գինի են հյուրասիրում , և մարդը չի կարողանում դիմակայել. “Կերանք, մի քիչ ավելի էլ խմեցինք և ուշ` կեսգիշերից մի քիչ առաջ մեկնեցիք: Տուն հասա, ընկա քնելու: Ի՜նչ աչք փակել: Տեղաշորում այս ու այն կողմ էի շրջվում: Անօգուտ: Ստամոքսս ծանր էր, գլուխս դվվում էր: Երկար ժամանակ այսպես չարչարվում էի ու տառապում: Գիշերվա ժամը երեքի մոտ լսեցի, որ զանգում են: “Այս ժամին ո՞վ պիտի լինի: Երևի սխալ են զանգում” – մտածեցի: Խոսափողը վերցրեցի և ի՞նչ լսեմ. հայր Պորֆիրիոսի ձայնը.

– Ա՛յ օրհնյալ, քանի՛ անգամ եմ քեզ ասել, որ լավ ուտելիքով ու գինով չտարվես: Խնդրեմ, հիմա ի՛նչ վիճակում ես: Քեզ տեսնում եմ, որ տառապում ես, ես էլ քեզ հետ եմ տառապում: Աղոթում եմ, որ լավանաս: Դու էլ աղոթի՛ր և մյուս անգամ ավելի զգու՛յշ եղիր:

Մի՛ հուսահատվիր

«Երբ մեղանչում ես, մի՛ հուսահատվիր: Համարձակությամբ և առ Աստված հույսով ապաշխարիր և խոստավանահոր մոտ գնա…Միայն այդպես կփրկվես»

Հ. Պորֆիրիոս

Հ. Պորֆիրիոսը քաղցկեղի մասին

«Քաղցկեղի դեմ դեղը շատ պարզ է. բժիշկներն ամեն օր գործ են ունենում դրա հետ, և դեղն ամեն օր իրենց աչքի առաջն է… Բայց Աստված չի բացահայտում, որովհետև վերջին տարիներին այդ հիվանդության շնորհիվ դրախտն է լցվել»:

Թաքնված բարդույթը

Մի երիտասարդ դժվարանում էր ամուսնանալ, քանի որ ոչ մի հարսնացուի չէր հավանում: Հուսահատ` նա դիմեց հ. Պորֆիրիոսին, ով Սբ. Հոգով իմացավ, թե որտեղ են թաքնված խնդրի արմատները. «Դու հոգուդ բոլոր ուժերով մի աղջկա ես սիրել, կյանքիդ իդեալն ես նրան դաձրել, բայց նրա անտարբերությունից վիրավորվել ես, երկատվել: Յուրաքանչյուր աղջկա մեջ, որ քեզ խնամախոսել են, այն աղջկան ես փորձել գտնել: Ու քանի որ դա անհնարին է եղել, սիրտդ փակ է մնացել»:

Հ. Պորֆիրիոսի օգնությամբ երիտասարդը կարողացավ բարդույթից ձերբազատվել ու ընտանիք ստեղծել:

Հ. Պորֆիրիոսը պիղծ մտքերի մասին

«Դուք ձեր ճամփով գնացեք: Սատանան մտքերով գալիս է ու ձեր թևքից քաշում, որպեսզի ճամփից շեղի: Դուք մի շրջվեք և մի զրուցեք կամ մի վիճեք նրա հետ: Դուք ձեր ճամփով առաջ գնացեք: Սատանան ձեր թևքից կքաշի, բայց դուք ձեր ճամփով առաջ պիտի գնաք, և ինչ-որ տեղ նա կձանձրանա ու ձեզ կլքի»:

Հ. Պորֆիրիոս

Խանդն ու քաղցկեղը

Այն կանայք, ովքեր իրենց ամուսիններին խանդում են, շատ հաճախ քաղցկեղով հիվանդանում: Դա նույնիսկ երեցկանանց է պատահում: Բոլոր հիվանդությունները վշտերից են առաջանում: Նույնիսկ` երիկամների քարերը”:

Հ. Պորֆիրիոսը նեռի մասին

Գիտեմ, որ նեռը պիտի գա, որ Տիրոջ երկրորդ Գալուստը պիտի տեղի ունենա, բայց երբ` չգիտեմ: Վա՞ղը: Հազար տարի հետո՞: Չգիտեմ: Բայց դրա համար չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ, որ յուրաքանչյուրիս համար Տիրոջ երկրորդ Գալուստը մահվան ժամն է: Եվ այդ ժամը շատ մոտ է”:

Այն հարցին, թե Աստված մեզ ուժ կտա արդյոք` նեռին դիմադրելու, ծերը պատասխանել է. “Եթե խոստովանության գնում ենք, ապա այդ զորությունը մեզ կտա”:

Ոչ վախճանաբանությունը, ոչ նեռը, ոչ էլ նրա նշանները ձեզ թող չտառապեցնեն: Իմացեք, որ եթե մեր մեջ Քրիստոսին ունենաք, նեռը ոչնչով, անգամ ամենաչնչին բանով մեզ չի կարող վնասել…Այսօր մեր մեջ Քրիստոսին չունենք ու դրա պատճառով է, որ նեռի համար անհանգստանում ենք: Երբ Քրիստոսը մեր մեջն է, ամեն բան դրախտ է դառնում”:

«Եթե չես կարողանում առաջ գնալ, գոնե ետ մի գնա»:

Հ. Պորֆիրիոս

Աստված չի պատժում, մարդն է ինքն իրեն պատժում` Աստծուց հեռանալով: Այստեղ ջուր է, այնտեղ` կրակ: Ազատ եմ ընտրելու: Ձեռքս ջրի մեջ մտցնեմ, կզովանամ: Կրակին մոտեցնեմ, կայրվեմ”:

Հ. Պորֆիրիոս

Մենք չպիտի ուրիշների սերը պահանջենք: Որպեսզի ուրիշները քեզ սիրեն, առաջինը դու նրանց պիտի սիրես”:

Հ. Պորֆիրիոս

Աղբյուր:

Γέροντος Πορφυρίου ιερομονάχου Ανθολόγιο συμβουλών, Εκδόσεις η Μεταμόρφωσις του Σωτήρος, Μήλεσι Αττικής, 2008.

Թարգմանությունը հունարենից` Գ. Ղազարյանի

 

© www.orthodoxkyanq.org