/ Ծերերի խրատներ / Մոգություն (Կախարդություն) 1

Մոգություն (Կախարդություն) 1

Մոգություն (Կախարդություն) 1ԾԵՐ ՊԱԻՍԻՈՍ ԱԹՈՍԱՑԻ

(1924-1994 թթ.)

Մոգություն (Կախարդություն)

Քանի որ բազմիցս եմ խոսել դրախտի, հրեշտակների և սրբերի մասին, որ օգուտ քաղեք, հիմա մի քիչ էլ դժոխքի ու դևերի մասին կխոսեմ, որպեսզի իմանաք, թե ու՛մ հետ ենք մարտնչում և կրկին օգուտ քաղեք:

Մի անգամ Տիբեթից երիտասարդ մի մոգ խուցս եկավ և իր կյանքից շատ բան ինձ պատմեց: Կաթից կտրվելուն պես` երեք տարեկան հասակում, այդ տղային իր հայրը Տիբեթում նվիրել էր բարձրաստիճան երեսուն կախարդների մի խմբի, որպեսզի երեխային իրենց արվեստը սովորեցնեն: Պատանին հասել էր մոգության 11-րդ աստիճանին. 12-րդը ամենաբարձրն է:

16 տարեկանում նա Տիբեթից հեռանում ու Շվեդիա է գնում` հորը տեսնելու համար: Այնտեղ շատ հավատավոր ուղղափառ մի քահանայի է պատահաբար հանդիպում և խնդրում է նրան, որ զրուցեն: Երիտասարդ մոգը բոլորովին չի իմանում, թե ի՛նչ է նշանակում «ուղղափառ քահանա»: Եվ այսպես, այն սենյակում, որտեղ նստում են զրուցելու, երիտասարդն իր կախարդություններից մի քանիսն է անում, որպեսզի քահանային իր ուժը ցույց տա: Նա կանչում է գլխավոր[1] դևերից մեկին` Մի՛նասին, և նրան ասում է.

-Ջուր եմ ուզում:

Խոհանոցից մի բաժակ է բարձրանում, մեն-մենակ դեպի ծորակն է գնում, այն բացվում է, ջուրը` լցվում, ապա բաժակն անցնում է փակ ապակեպատից և սենյակ է գալիս: Երիտասարդը վերցնում ու խմում է:

Այնուհետև սենյակում քահանային ներկայացնում է ողջ տիեզերքը, երկինքը, աստղերը: Չորորրդ աստիճանի մոգություններ է անում և այդպես մինչև 11-րդ աստիճանը պիտի հասներ: Եվ այդ ժամանակ քահանային հարցնում է, թե ի՛նչ կարծիք ունի այդ ամենի մասին.

– Պատրաստ էի, – ինձ ասաց, – քահանային սպանելու, եթե սատանային հայհոյեր:

Սակայն քահանան նրան ոչինչ չի ասում: Այդ պահին երիտասարդը հարցնում է.

– Ինչու՞ դու  հրաշքներ չես անում:

– Իմ Աստվածը խոնարհ է, – պատասխանում է քահանան և մի խաչ է հանում ու նրան տալիս, որ պահի:

– Նորից հրաշքներ արա – ասում է երիտասարդին:

Երիտասարդը Մի՛նասին` գլխավոր դևին է կանչում, սակայն Մի՛նասը դողում է, չի համարձակվում մոտենալ: Սատանային է կանչում, բայց նա նույնպես տեսնում է խաչը և չի մոտենում: Սատանան երիտասարդին միայն ասում է, որ վեր կենա Տիբեթ գնա: Այդ պահին երիտասարդը սատանային հայհոյում է.

-Հիմա հասկացա, – ասում է նրան, – որ քո մեծ զորությունը մի մեծ անզորություն է»:

Այնուհետև բարի քահանան նրան փոքր-ինչ հավատքի մասին է ուսուցանում, պատմում է նաև Սբ. Երկրի, Սբ. Լեռան մասին ևն: Այսպես երիտասարդը Շվեդիայից Երուսաղեմ է գնում, որտեղ Սբ. Լույսն է տեսնում: Այնտեղից Ամերիկա է մեկնում` իր ճանաչած սատանայապաշտներին համոզելու, որ դարձի գան (Աստված նրան լավագույն քարոզիչն էր դարձրել), իսկ այնտեղից էլ Սբ. Լեռ է գալիս:

Բարին Աստված փորձության միջոցով օգնում է երիտասարդին, քանի որ փոքրուց նրա հանդեպ անիրավություն էր գործվել: Սակայն աղոթեք, որովհետև կախարդները` բոլոր դևերով հանդերձ, նրա դեմ են պատերազմում: Եթե իմ դեմ են պատերազմում, երբ նա գալիս է, որ իրեն օգնեմ, էլ ու~ր մնաց նրա դեմ չպատերազմեն: Երբ քահանաները երիտասարդի վրա դիվահալածության աղոթքներ են կարդում, նրա ձեռքերը ճեղքվում են, և արյուն է հոսում: Դևերը խեղճ տղային շա~տ են չարչարում, մինչդեռ սկզբում, երբ նրանց հետ ընկեր էր, նրան չէին վնասում, այլ օգնում ու ծառայում էին: Աղոթեք նրա համար: Սակայն պետք է, որ ինքն էլ շատ ուշադիր լինի, որովհետև Ավետարանն ասում է, որ պիղծ ոգին, երբ մարդուց դուրս է գալիս, «…գնում և վերցնում է իր հետ իրենից ավելի չար յոթը այլ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ. և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր…»[2]:

Կախարդները նաև տարբեր «սրբություններ» են օգտագործում

          – Գե՛րոնդա[3], ովքե՞ր են հմայողները:

– Կախարդներ են: Նրանք օգտագործում են Դավթի սաղմոսները, սրբերի անուններ ևն` դևերին ուղղված խնդրանքներ խառնելով: Այսինքն` եթե մենք, Սաղմոսագիրքը կարդալով, Աստուծո օգնությունն ենք կանչում և աստվածային Շնորհն ենք ընդունում, ապա նրանք իրենց կիրառած այդ ձևով հայհոյում են Աստծուն, մերժում են աստվածային Շնորհը, և հետո դևերն էլ նրանց ցանկությունն են կատարում:

Ինձ պատմել են մի տղայի մասին, ով կախարդի մոտ էր գնացել, որպեսզի ինչ-որ բան հաջողեցնի: Կախարդը նրա համար Սաղմոսագրքից ինչ-որ բան էր կարդացել, և տղան իր ուզածին հասել էր: Սակայն քիչ ժամանակ անց խեղճն սկսել էր նիհարել, մաշվել…

Ի՞նչ էր արել կախարդը: Ինչ-որ չորապտուղներ էր վերցրել ձեռքերի մեջ և սկսել էր 50-րդ սաղմոսը կարդալ: Երբ հասել էր «պատարագ Աստուծոյ»[4] համարին, չորապտուղները նետել էր` դևերին զոհ մատուցելով, որպեսզի իր ցանկությունը կատարեն: Ահա այդպես Սաղմոսագրքի միջոցով Աստծուն հայհոյել էր:

– Գե՛րոնդա, կախարդությամբ զբաղվողներից ոմանք օգտագործում են խաչը, սրբապատկերներ…

– Այո՛, գիտեմ: Այդտեղից պետք է հասկանալ, թե ի~նչ խարդախություն է թաքնված նրանց արածների ետևում: Խեղճ մարդիկ այդպես են խաբվում: Տեսնում են, որ կախարդներն օգտագործում են մոմեր, սրբապատկերներ ևն, և վստահում են նրանց: Ահա՛, մեկն ինձ ասաց, որ իր քաղաքում մի թրքուհի Աստվածամոր պատկերն է դրել մի քարի վրա և ասում է.

-Քարն է մարդկանց օգնում:

Չի ասում «Աստվածամայրը», այլ` «քարը»:

Քրիստոնյաները շփոթվում են, որովհետև Աստվածամոր պատկերն են տեսնում, և ոմանք, ովքեր առողջական ինչ-որ խնդիր ունեն, վազում են այնտեղ` մտածելով, որ օգուտ կքաղեն: Իսկ հետո սատանան նրանց հետ ինչ ուզում, անում է, որովհետև, երբ թրքուհին ասում է, որ քարն է մարդկանց օգնում, և ոչ թե Աստվածածինը, այդտեղից սկսած սատանան է մեջ մտնում, քանի որ դա արհամարհանք է Աստվածամոր հանդեպ: Աստուծո Շնորհը հեռանում է, և սկսում է սատանայությունը: Իսկ քրիստոնյաները վազում են, որ քարն իրենց բուժի. քարն ու դևը: Եվ ի վերջո հաշմանդամ են դառնում, քանի որ սատանայից ի՞նչ օգնություն կարող ես ստանալ:

Եթե մի քիչ խելք ունենային, կմտածեին. «Թրքուհին, մուսուլմանն ի՞նչ գործ ունի Աստվածամոր պատկերի հետ»: Անգամ եթե ասեր, թե Աստվածամայրն է օգնում, թրքուհին ի՞նչ կապ ունի Աստվածամոր հետ. չէ՞ որ մուսուլման է: Առավել ևս, երբ ասում է, թե քարն է նրանց օգնում:

Մի մարդու ասացի, որ Մետրոպիլիտարանին տեղեկացնեն ու միջոցներ ձեռնարկեն, որ մարդիկ պաշտպանվեն:

(Շարունակելի)

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Γ΄, Πνευματικός αγώνας, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007.

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:


[1] Դևերը, ըստ Եկեղեցու Հայրերի, զորագնդեր են կազմում:

[2] Մատթ. 12, 45:

[3] «Գերոնդաս» (կոչականը`«գերոնդա») հունարեն նշանակում է «ծեր», «ծերունի»: Իսկզբանե  «ծեր» են անվանվել վանահայրերը (այս իմաստով եզրը նույնիմաստ է «աբբային»), սակայն հետագայում և առ այսօր «ծեր»  (ռուս. старец) են կոչվում հոգևոր կյանքի բարձունքներին հասած հայրերը ովքեր, Աստուծո շնորհն ունենալով, մարդկանց հոգիները դեպի փրկություն կարող են առաջնորդել (թրգմ.):

[4] Սաղմ. 50, 19: