/ Ծերերի խրատներ / Մեր հոգու փրկությունը

Մեր հոգու փրկությունը

 

Մեր հոգու փրկությունը

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

 

 

   -Գե՛րոնդա, ոմանք վստահություն են զգում, որ կփրկվեն, ոմանք էլ երկմտում են: Ո՞ր դիրքորոշումն է ավելի ճիշտ:

   -Նպատակն այն է, որ մարդը պահի Աստծո պատվիրանները: Հոգևոր մարդը պետք է այնպիսի վիճակի հասնի, որ, եթե անգամ Աստված իրեն դրախտին չարժանացնի, ապա չմտահոգվի դրանով: Պետք է լավ հասկանանք, որ այսօր ապրում ենք, վաղը՝ կարող է մեկնենք այս կյանքից, և պետք է մտածենք, թե ինչպես ենք Քրիստոսի մոտ գնալու: Նրանք, ովքեր Աստծո շնորհով կարողանում են այս կյանքի ունայնությունը ճանաչել, ամենամեծ շնորհն են ընդունում և անհրաժեշտ չէ, որ պայծառատեսության շնորհը ձեռք բերեն, որպեսզի ապագայում կայանալիք բաները կանխատեսեն. բավական է, որ մարդը կանխատեսի, հոգ տանի իր հոգու փրկության համար և փրկվելու համար գործադրի լավագույն հոգևոր միջոցները: Ահա՛, տեսնում ես, Քրիստոսն ասում է. «Որքան որ մարդու հոգին արժի, ողջ աշխարհը չարժի»[1]: Այսինքն` հոգին որքա՜ն արժեք ունի: Այդ իսկ պատճառով հոգու փրկությունը  մե՜ծ բան է:

   -Գե՛րոնդա, այսինքն` մարդ փրկության հույսն ու դժոխքի վախը չպե՞տք է ունենա:

   -Եթե մարդը փրկության հույսն ունի, ապա դժոխքի վախը չի ունենա: Իսկ որպեսզի մարդն ունենա փրկության հույսը, ապա ինչ-որ կերպ [հոգին] պետք է կարգավորված լինի: Աստված չի լքի այն մարդուն, որը պատվասիրությամբ մարտնչում է իր ուժերի չափով և տրամադրված չէ անկարգություններ անելու, սակայն իր պայքարի ժամանակ հաղթվում-հաղթում է, հաղթվում-հաղթում է: Եթե մարդը փոքր-ինչ տրամադրություն ունի Աստծուն չնեղացնելու, ապա «կոշիկներով[2]» [առանց հասկանալու]  դրախտ կգնա. էությամբ Բարին Աստված նրան խելացնորաբար դրախտ կհրի: Աստված այնպես կտնօրինի, որ նրա հոգին վերցնի այն պահին, երբ ապաշխարության մեջ է գտնվում: Մարդը կարող է իր ողջ կյանքի ընթացքում մարտնչել, սակայն Աստված նրան չի թողնի. հոգին կվերցնի ամենալավ պահին:

   Աստված բարի է. ուզում է, որ բոլորս փրկվենք: Եթե միայն քչերն էին փրկվելու, այնժամ ինչու՞ Քրիստոս խաչվեց: Դրախտի դուռը նեղ չէ. այն տեղավորում է բոլոր մարդկանց, որոնք հպարտությունից փքված չեն և խոնարհաբար կռանում են, բավական է, որ ապաշխարեն, այսինքն` իրենց մեղքերի բեռը Քրիստոսին տան: Եվ այդժամ տեղավորվում են և հեշտությամբ կարող են դրախտի դռներից անցնել: Դրանից բացի, արդարացումն էլ ունենք, որ հողեղեն ենք. հրեշտակների նման միայն հոգի չենք: Սակայն արդարացում չունենք, երբ չենք ապաշխարում և մեր Փրկչին խոնարհաբար չենք մոտենում: Ավազակը խաչի վրա մի «օրհնյա[3]» ասաց ու փրկվեց[4]: Մարդու փրկությունը ոչ թե րոպեից, այլ վայրկյանից է կախված: Մարդը մի խոնարհ խոհով փրկվում է, միչդեռ, եթե մի հպարտ խոհով տարվի, ամեն բան կորցնում է:

   Պատվասիրությունից և միայն դրանից մղված պետք է փրկվենք: Աստծո համար մարդուն դժոխքում տեսնելուց ավելի մեծ ցավ չկա: Կարծում եմ, որ միայն առ Աստված երախտագիտությունն Իր բազում օրհնությունների համար և սիրով, խոնարհ վերաբերմունքը դեպի Իր պատկերները` մարդկանց, փոքր պատվասեր պայքարով բավական են, որ մեր հոգին հանգիստ լինի և՛ այս, և՛ այն կյանքում[5]:

    Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

 

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος B΄, Πνευματικοί αφύπνιση, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2011.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սուրբ Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր Սուրբ Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

 

[1] Հմմտ. Մատթ. 16, 26:

2 Հունարեն բնագրում բառացի օգտագործված է «με τα παπούτσια» դարձվածքը (թրգ.):

3 Ուղղափառ Եկեղեցում վականաններն այսօր էլ, ավանդության համաձայն, մեկը մյուսին «ներողություն» բառի փոխարեն հաճախ են «օրհնյա՛» կամ «օրhնեցե՛ք» ասում (թրգ.):

4 Տե՛ս Ղուկ. 23, 40-43:

[5] Իհարկե, Ծերն իր խոսքն ուղղում է ուղղափառ հավատացյալներին, որ պայքարում են և Եկեղեցու խորհրդական կյանքին մասնակցում:

 

 

 

 

Մեր հոգու փրկությունը