/ Ծերերի խրատներ / Աստուծո կամքը և մարդու ընտրությունը

Աստուծո կամքը և մարդու ընտրությունը

 Աստուծո կամքը և մարդու ընտրությունը

Ծեր Տիմոթեոս վանահայր

Աստուծո կամքը և մարդու ընտրությունը

 

Աստուծո կամքը մեկն է` այն, որ բոլոր մարդիկ Երկնքի Արքայությանն արժանանան: Եվ կա երկու ճանապարհ` վանականությունը և ընտանեկան կյանքը` ըստ Աստուծո պատվիրանների: Առաքինությանը հետևելով` մենք կփրկվենք, Աստուծո Արքայությունը կստանանք, իսկ արատին հետևելով` երբեք:

Տերն ունի մարդու փրկության որոշակի մի ծրագիր, բայց նաև մարդու որոշումն է պահանջվում: Կան մանրամասնություններ, որոնք այդ ծրագրի համար կարևոր չեն: Ամենակարևորն այն է, որ փրկության ծրագրի այս կամ այն տարբերակի պարագային Աստուծո Օրենքը պահվի:  Եթե վանական ես դարձել, ապա պահիր վանական կարգը, քահանա ես ձեռնադրվել` քահանայականը, ամուսանցել ես` ընտանեկան օրենքները, և կփրկվես: Տերը մեզ է թողնում այն, թե ո՛ր տարբերակով փրկվենք:

Մեծահարուստ երիտասարդն ասաց, որ բոլոր պատվիրանները պահել է: Եվ Տերը նրան ասաց. «Եթե կամենում ես կատարյալ լինել…» (Մատթ. 16, 21): Հենց այդ կատարյալ ճանապարհն է վանականությունը: Առավել է, քան սոսկ փրկությունը. Վանականությունը ազգակցություն է Աստծուն, դրախտային կյանքն արդեն այստեղ` երկրի վրա, ամբողջական նվիրում Աստծուն: Փրկվում են և՛ վանականները, և՛ աշխարհականները, բայց վանականությունն ավելին է, քան փրկությունը:

Տերը մարդուն չի պարտադրում ոչ վանականությանը, ոչ ընտանիքին: Տերն ուզում է, որ մարդն ինքն ընտրի: Ռուսաստանում հաճախ են ասում.

-Կգնանք ծերի մոտ, ինչպես որ նա ասի, այնպես էլ կանենք:

Սա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև թե՛ ծերերը, թե՛ սրբերը կարող են և սխալվել. միայն Աստված է անսխալական:

Երբեք չի կարելի մտածել, թե` վանք գնամ, քանի որ ուրիշ ելք չունեմ: Դա այդպես չէ: Եթե մարդ անհաջող կերպով վանական է դարձել, ապա նա ողջ կյանքում բժբախտ է մնում: Ուստի պետք է շատ լուրջ ու զգուշավոր լինել:

Ամուսնական կյանքը նորմալ վիճակ է: Ամուսնացել են մեր հայրերը, պապերը, ապուպապերը…Ուստի այս կյանքն ընտրելու համար փորձառություն հարկավոր չէ: Իսկ վանականությունը ոչ նորմալ վիճակ է, ոչ նորմալ մի կյանք է: Եվ ճանաչելու համար այն փորձառություն է պահանջվում: Մոնթության լավագույն ժամանակամիջոցը երեք տարին է, ոչ պակաս: Հաճախ է պատահում, որ մարդը մեծ ոգևորությամբ վանք է գալիս: Առաջին տարին լավ մոնթ է, երկրորդ տարին` շատ լավ, երկուսուկես` հիանալի, բայց երբ մոտենում է երրորդ տարին, անսպասելիորեն թողնում է վանքը և աշխարհ վերադառնում:

Չի կարելի ընտրել այն, ինչը հեշտ է թվում, այլ այն, ինչը որ ներդաշնակ է մարդու ներաշխարհին: Մարդու ընտրությունը պիտի իր ներաշխարհից բխի: Չի կարելի ասել, թե` վանական դառնամ, քանի որ այդպես հեշտ է: Կամ` ամուսնանամ, քանի որ այդպես դյուրին է: Ստացվում է, որ մենք ծույլ ենք…

Մարդը պետք է մտածի, նա բանականություն (ուղեղ) ունի: Կույր մարդիկ պետք չեն, այլ մտածող, նույնիսկ առարկող, հարցապնդող: Մարդը պիտի առաջնորդվի ոչ միայն զգացողությամբ, այլև` բանականությամբ: Ինչ-որ տեղ նաև` զգացողությամբ: Այդ երկուսը` ուղեղն ու զգացմունքը, պետք է համատեղել:

Շտապել երբեք պետք չէ: Մարդը պիտի խաղաղվի, կենտրոնանա ու աղոթք անի: Եվ Տերը կօգնի…

 

Զրույցը գրի առավ Գ. Ղազարյանը:

 

Աստուծո կամքը և մարդու ընտրությունը