/ Ծերերի խրատներ / Աղոթքն զգանք իբրև անհրաժեշտություն

Աղոթքն զգանք իբրև անհրաժեշտություն

 

 Աղոթքն զգանք իբրև անհրաժեշտություն

 

 

Ծեր Պաիսիոս Աթոսացի

(1924-1994 թթ.)

 

 Աղոթքն զգանք իբրև անհրաժեշտություն

 

– Գե՛րոնդա, ես մեծ հավատք չունեմ և ինքս ինձ տկար եմ զգում:

– Գիտե՞ս ինչ արա. կախվիր Աստծուց, ինչպես որ երեխան է հոր վզից կախվում, և Նրան այնքա՜ն ամուր փարվիր, որ քեզ Իրենից հեռացնել չկարողանա: Այն ժամանակ վստահություն և ուժ կզգաս:

– Գե՛րոնդա, Աստծուն հենվելու կարիք եմ զգում, բայց դժվարանում եմ:

– Ձեռքերդ վե՛ր բարձրացրու. այդպես ձեռքերդ կամաց-կամաց կերկարեն ու դու կբռնես Աստծուց:

–  Գե՛րոնդա, երբ շատ ժամանակ չունեմ և աղոթքի մեջ շտապում եմ, ապա միգուցե դրանով գողանու՞մ եմ այն ժամանակը, որ Քրիստոսին պիտի նվիրեի:

– Քրիստոսը շա՜տ բան ունի. որքան էլ որ գողանաս, ոչնչի կարիքը չունի: Բայց դու ես, որ օգուտ չես քաղում: Քրիստոսը մեր աղոթքի կարիքը չունի, բայց մենք Նրա օգնության կարիքն ունենք: Մենք աղոթում ենք, քանի որ մեր Արարիչ Աստծո հետ այդպես ենք հաղորդակցվում: Եթե դա չանենք, ապա սատանայի ձեռքը կընկնենք, ու դրանից հետո վա՜յ մեզ: Տե՛ս, թե աբբա Իսահակն ինչ է ասում. «Աստված մեզանից պատասխանատվություն է պահանջելու ոչ թե նրա համար, որ չենք աղոթել, այլ նրա, որ Իր հետ հաղորդակցություն չենք ունեցել և այդպիսով սատանային իրավունք ենք տվել` մեզ տառապեցնելու»:

– Գե՛րոնդա, աղոթքն ինչպե՞ս պիտի սիրեմ:

– Աղոթքն զգա իբրև անհրաժեշտություն. ինչպես որ մարմինն ապրելու համար սննդի կարիքն ունի, այդպես էլ հոգին ապրելու համար պետք է կերակրվի: Եթե հոգին չսնվի, ապա ուժից կընկնի, և հոգևոր մահը վրա կհասնի:

– Գե՛րոնդա, աղոթքի մեջ ի՞նչն է մեզ համար դժվարություն հարուցում:

– Մենք դժվարանում ենք միայն այն ժամանակ, երբ աղոթքը որպես անհրաժեշտություն չենք զգում: Նա, ով աղոթքի իմաստի մեջ չի մտնում` այն որպես անհրաժեշտություն զգալու համաստիճան, աղոթքը բռնի աշխատանք է համարում` նմանվելով մի անմիտ երեխայի, որ իր մոր ստինքից ու նրա ողջ քաղցր գուրգուրանքից երես է թեքում, ու դրա պատճառով էլ հիվանդոտ ու չարաբախտ է:

 

Աղոթքն ապահովություն է

 

– Գե՛րոնդա, աղոթքն իբրև անհրաժեշտություն ինչպե՞ս զգանք:

– Դուք պիտի պատերազմի գնացած լինեիք, որ մենք կարողանայինք իրար հասկանալ: Բանակում, պատերազմի ժամանակ, երբ կենտրոնի հետ շարունակական կապի ու «հարատև լսման» մեջ էինք, ավելի շատ վստահություն ունեինք: Երբ երկու ժամը մեկ էինք կապվում, մի տեսակ անապահով էինք գգում: Երբ օրը միայն երկու անգամ` առավոտյան ու գիշերն էինք կապվում, ապա անորոշություն էինք զգում: Նույնը պատահում է նաև աղոթքի պարագային. մարդը որքան ավելի շատ է աղոթում, այնքան է՛լ ավելի հոգևոր վստահություն է զգում: Աղոթքն ապահովություն է:

Եթե Աստծո հետ շարունակական կապի ու «հարատև լսման» մեջ ենք, ապա ամեն չարիք կկանխենք: Մի անգամ, ավտոբուսի մեջ մի վանական է լինում[1], որ աչքերը փակ աղոթք է անում, իսկ մյուսները կարծում են, թե նա քնած է: Ինչ-որ պահի հակառակ ուղղությունից մի բեռնատար է գալիս ու հոսանքի սյանն է հարվածում, իսկ երկու կողմերից եկող մեքենաներն իրար են բախվում ու մեծապես վնասվում են: Սակայն ավտոբուսը` կարծես թե անտեսանելի ձեռքով մի կողմ տարված, ճանապարհից մի քանի մետր դուրս է հայտնվում, իսկ ուղևորներից որևէ մեկը բնավ չի վնասվում. վանականի աղոթքը նրանց փրկում է:

– Գե՛րոնդա, աշխարհականները հաճախ են հարցնում, թե աղոթելն ինչպես սովորություն դարձնեն:

– Տեսե՛ք, հնում ոմանք, ովքեր վանական ուղին էին բռնում ու խիստ բնավորություն ունեին, գնում ճգնում էին բարձրաբերձ ժայռերում, քարանձավների մեջ, կռապաշտների դամբարաններում կամ էլ դևերի բնակարաններում: Այնտեղ մի շարք վտանգների միջով էին անցնում. սարսափում էին, որ ժայռը հանկարծ չպոկվի, դևերը մռնչում էին ևն, և վախը նրանց ստիպում էր շարունակ աղաղակելու` Քրիստո՜ս իմ, Աստվածամա՜յր իմ: Անդադար աղոթքի բարի սովորությունն ահա այսպես էր նրանց մեջ մնում: Այսօր, գիշերային կյանքով, թմրանյութերով ևն, վարորդներից շատերն իրենք իրենց չեն հսկում: Ուստի, մարդն աշխատանքի է գնում ու չգիտի, ողջ-առողջ տուն կվերադառնա՞ արդյոք, թե՞ հաշմանդանված` ինչ-որ հիվանդանոցում կհայտնվի: Մի՞թե դա մարդուն չի ստիպում շարունակ ասելու` Քրիստո՜ս իմ, Աստվածամա՜յր իմ: Եթե աշխարհականներն արժևորեին իրենց վտանգները, ապա աղոթքի մեջ մեզ` վանականներիս կգերազանցեին, վտանգներից էլ կխուսափեին:

Մեկը խուց եկավ շատ վշտացած, որովհետև իր անուշադրության պատճառով մի երեխայի էր մեքենայով հարվածել:

– Հանցավոր եմ, – ասում էր:

– Այն պահին դու աղոթու՞մ էիր, – հարցրեցի:

– Ո՛չ:

– Այնքան հանցավոր չես նրա համար, որ երեխային ես հարվածել, – ասացի, – որքան` որ աղոթքի մեջ չես եղել:

Եվ նրան մի իրավիճակ պատմեցի, որ մտքիս մեջ էր: Ծանոթացել էի մի պաշտոնյայի հետ, ով առաքինության մեծ չափերի էր հասել: Նա շարունակ Հիսուսի աղոթքն էր ասում և՛ իր աշխատավայրում, և՛ ճանապարհին, և՛ ամենուր: Նրա աղոթքն ինքնաբուխ էր դարձել, և աչքերից փառաբանության ու ցնծության արցունքներ էին հոսում:  Գրասենյակում  աշխատելիս, փաստաթղթերն արցունքներով թրջում էր: Դրա պատճառով մտադիր էր նվազեցված թոշակով աշխատանքից հեռանալ ու խուցս եկավ` իր անելիքի մասին ինձ հարցնելու:

-Մի՛ հեռանա, – ասացի, – ու երբ աշխատակիցներդ քեզ հարցնեն, թե ինչու ես լացում, ասա` լուսահոգի հորս եմ հիշել:

Եվ մի օր, երբ նա մեքենան է վարում, հանկարծակի մեքենայի առաջ մի երեխա է դուրս պրծնում: Մեքենան երեխային հոլի պես մի կողմ է շպրտում, բայց երեխային ոչինչ չի պատահում: Աստված պահում է նրան, որովհետև այդ պահին մարդն աղոթք էր անում:

 

Ինքնաբուխ աղոթքը

 

 – Գե՛րոնդա, ինքնաբուխ աղոթքի մասին մի բան մեզ կասե՞ք:

– Ինքնաբուխ աղոթքն ունեցող մարդը Հիսուսի աղոթքն ասելու համար ջանք չի թափում, այլ առանց որևէ ջանք գործադրելու մտային աղոթքն ինքն իրեն ասվում է մարդու մեջ: Նույնիսկ քնի մեջ է աղոթքն ասում, և երբ արթնանա, աղոթքը շարունակվում է: Դրա համար Աստվածաշնչում` Երգ Երգոցում ասված է. «Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է» (Երգ Երգոց 5, 2):

   Սբ. Լեռում մի բանվոր կար, որ շատ էր աշխատում. երեք բանվորի գործ էր անում, ուստի հայրերը նրան կրկնակի աշխատավարձ էին տալիս: Երբեմն նա Սբ. Խաչ խուցն էր գալիս: Մի անգամ, երբ եկավ, նրան ասացի.

– Աշխատելիս Հիսուսի աղոթքն ասա, որպեսզի կատարածդ աշխատանքն էլ սուրբ լինի:

 Նա պարզությամբ ինձ լսեց և մտային աղոթքն ասելը սովորություն դարձրեց: Մի օր եկավ ու ասաց ինձ.  

– Քնում եմ, և քնիս մեջ էլ եմ աղոթքն ասում, ու երբ արթնանում եմ, աղոթքը շարունակվում է: Մեջս ուրախություն եմ զգում:

–  Սկսվել է [հոգուդ] արշալույսը, – նրան ասացի:

Աշխարհական մարդ էր և այդպիսի մակարդակի էր հասել:

            – Գե՛րոնդա, ինքնաբուխ աղոթքն ունեցող մարդը կրքերից մաքրվե՞լ է:

            – Դե, այդ պարագային լավ մակարդակի է հասել:

            – Գե՛րոնդա, ինքնաբուխ աղոթքին մարդն ինչպե՞ս է հասնում:

     – Երբ որ մարդն զգում է իր մեղավոր լինելը և շարունակ մտքում ունի իր ապերախտությունը: Այն ժամանակ հոգին պատվասիրաբար ճնշվում է և խոնարհաբար Աստծո ողորմությունն է խնդրում: Իսկ հետո, առանց ջանք գործադրելու, Հիսուսի աղոթքն ինքն իրեն է սկսում ասվել, աղոթքը գործում է մարդու ներսում:

            –  Գե՛րոնդա, մարդը դա որպես անհրաժեշտությու՞ն է զգում:

         – Ո՛չ որպես անհրաժեշտություն, այլ աղոթքը նրա համար արդեն սովորություն է դառնում: Մարդու տարած աշխատանքի շնորհիվ անդադար աղոթքի բարի սովորությունն է նրան մնում:

 

Հունարենից թարգմանությունը` հայր Հերոնիմոս Մայիլյանի

 

 

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος ΣΤ΄, Περί Προσευχής, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2012.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

[1] Հետագայում ճշտեցինք, որ դա հենց ինքը ծերն է եղել:

 

 

 

 

Աղոթքն զգանք իբրև անհրաժեշտություն

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com