/ Խրատանի Սրբոց / Մարդիկ ծարավ են պարզության

Մարդիկ ծարավ են պարզության

Մարդիկ ծարավ են պարզության

Սբ. Պաիսիոս Աթոսացի

Լավն այն է, որ մարդիկ պարզության են ծարավ և այն աստիճանի են հասել, որ պարզությունը նորաձևություն են դարձրել, թեև դա չեն զգում: Ոմանք Աթոս են գալիս ինչ-որ գունաթափված հագուստներով: Ասում եմ. «Սրանք հող չեն մշակում, ինչու՞ են այդպես հագնված»: Մեկը բնականից գավառաբարբառով է խոսում և նրանով ուրախանում ես: Մեկ ուրիշն էլ բարբառով է ուզում խոսել և սրտխառնոց է առաջանում: Իսկ ոմանք էլ իրենց փողկապներով են գալիս… Մի ծայրահեղությունից մյուսը: Մեկը վեց-յոթ փողկապ ուներ իր հետ: Մի առավոտ պատրաստվելիս փողկապ է կապում, կոստյում հագնում և այլն:

-Ի՞նչ ես անում,- հարցնում է նրան մեկը:

-Հայր Պաիսիոսի մոտ եմ գնում,- պատասխանում է:

-Եվ ի՜նչ, իսկ ի՞նչ են այդ հագածներդ:

-Հագնում եմ, որ նրան պատվեմ,-ասում է:

Տեսնու՞մ ես, թե ուր ենք հասել:

Պարզություն չունեն բոլորովին, դրա համար էլ այդ դատարկապորտությունը գոյություն ունի: Երբ հոգևոր մարդիկ պարզ չեն ապրում, այլ «հագած-կապած», երիտասարդությանը չեն օգնում: Եվ այդպես, երիտասարդները հիմա չունենալով որևէ օրինակ` դատարկապորտ կյանք են վարում, որովհետև, երբ տեսնում են «հագած-կապած» քրիստոնյաների, փողկապներով սեղմված մարդկանց, կաղապարված, դրանց մեջ աշխարհիկների համեմատ որևէ տարբերություն չեն գտնում և հակադարձում են: Եթե հոգևոր մարդկանց մեջ պարզություն տեսնեին, այս վիճակին չէին հասնի: Իսկ հիմա երիտասարդներն աշխարհիկ ոգով են, իսկ մյուսներն՝ աշխարհիկ նիստուկացով:

«Քրիստոնյաներն այսպես պետք է շարժվեն, այսպես պետք է սա, այնպես՝ նա…»: Եվ այնպես չէ, որ դա ներքուստ, բարեպաշտությունից մղված են անում, այլ որովհետև «այդպես է պետք»: Հետևաբար, երիտասարդներն էլ ասում են. «Էս ի՞նչ բաներ են: Եկեղեցի գնան սեղմվա՜ծ պարանոցով: Թող մեզ հանգիստ թողնեն»: Եվ շորերը դեն են գցում ու մերկ շրջում: Մյուս ծայրահեղությանն են հասնում: Հասկացա՞ր. այդ ամենը հակազդեցությունից են անում: Նրանք թեև տեսլական ունեն, սակայն օրինակներ չունեն և ողբալի վիճակում են: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խթանել նրանց պատվախնդրությունը և պարզ կյանքով օրինակ դառնալ նրանց համար: Երիտասարդները զայրանում են, երբ հենց հոգևոր մարդիկ ու քահանաները փորձում են աշխարհիկ ձևերով նրանց զսպել: Սակայն երբ գտնում են համեստություն, բայց և պարզություն ու անկեղծություն, այդ ժամանակ են մտածում: Որովհետև, երբ մեկն անկեղծ է և իր անձը հաշվի չի առնում, նա պարզ է, խոնարհություն ունի: Այս ամենն իրեն էլ են հանգստացնում, բայց և զգալի են նաև դիմացինի համար: Նա հասկանում է՝ արդյո՞ք հետաքրքրված ես իրենով, թե կեղծավորություն ես անում: Դատարկապորտը կեղծավոր քրիստոնյայից ավելի լավ է: Դրա համար պետք է ոչ թե սիրո կեղծավոր ծիծաղ, այլ բնական վարվելակերպ՝ ո’չ չարություն, ո’չ կեղծավորություն, այլ սեր և անկեղծություն: Ինձ ավելի շատ հուզում է, երբ մարդը ներքուստ բարի է տրամադրված, այսինքն՝ հարգանք և իսկական սեր ունենա, պարզորեն շարժվի և ոչ թե կաղապարներով, քանի որ այդ ժամանակ մարդը մնում է միայն արտաքին բաներին և դառնում է արտաքին մարդ, այսինքն՝ բարեկենդանյան դիմակահանդես:

Ճշմարիտ մարդու գեղեցիկ հոգու ներքին մաքրությունը գեղեցկացնում է նաև մարդու արտաքինը, և Աստծո սիրո աստվածային այդ քաղցրությունը քաղցրացնում է անգամ նրա տեսքը: Հոգու ներքին գեղեցկությունը, բացի նրանից, որ մարդուն հոգեպես գեղեցկացնում ու սրբացնում է անգամ արտաքնապես, և նրան հայտնի է դարձնում Աստվածային Շնորհով, գեղեցկացնում ու սրբացնում է անգամ այն տգեղ զգեստները, որոնք հագնում է Աստծո շնորհալի մարդը: Պապա Տիխոնն[1] ինքն էր մախաթով կապայի կտորներից վանական թասակներ կարում: Տոպրակների նման էր կարում այդ թասակները և գլխին դնում, սակայն դրանք առատ շնորհ էին սփռում: Նա ինչ-որ հին կամ տձև բան հագնում էր, տգեղ չէր թվում, որովհետև իր հոգու ներքին գեղեցկությունից դա էլ էր գեղեցկացնում: Մի անգամ մի այցելու նրան լուսանկարում է այնպես, ինչպես որ կար՝ տոպրակը թասակի փոխարեն գլխին և մի ննջազգեստով, որ նրա ուսերին էր գցել, քանի որ տեսնում է, որ Ծերը մրսում է: Եվ հիմա, ովքեր պապա Տիխոնին լուսանկարում տեսնում են, կարծում են, թե եպիսկոպոսական թիկնոց է հագել, մինչդեռ մի հին խայտաբղետ ննջազգեստ էր: Մարդիկ նրա ցնցոտիներին էլ էին երկյուղածությամբ վերաբերվում և դրանք վերցնում էին որպես օրհնություն: Մեծագույն արժեք ունի մի այդպիսի օրհնյալ մարդը, որ ներքուստ փոխվել է և արտաքուստ էլ սրբացել, քան թե բոլոր մարդիկ, ովքեր շարունակ փոխում են միայն արտաքինը (իրենց հագուստները), իսկ ներքուստ իրենց հին մարդն են պահում՝ հնօրյա մեղքերով հանդերձ:

Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι Α΄, Με πόνο και αγάπη για τον σύγχρονο άνθρωπο, εκδ. Ιερόν Ησυχαστήριον <Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος> Σουρωτή Θεσσαλονίκης 2011.

 

[1] Խոսքը Սրբի հոգևոր հայր Տիխոն Աթոսացու մասին է, ում մանրամասն կանդրադառնանք առաձին հրապարակմամբ (թրգ.):

 

 

 

Մարդիկ ծարավ են պարզության