/ Χωρίς κατηγορία / Անաստվածը հավատաց

Անաստվածը հավատաց

Անաստվածը հավատաց

(հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից)

Վանական Պաիսիոսի վկայությունը. «Իրավաբանության ֆակուլտետի ուսանող էի, երբ 1988թ. օգոստոսի 22-ին իմ  դասընկեր Գրիգորի հետ այցելեցինք սբ. Պաիսիոսին: Առաջին անգամ էի Աթոս գնում՝ ծանոթներիս հորդորներից հետո. Եկեղեցուց հեռու էի ապրում: Ավելի շատ հոգևոր առևտրի համար Աթոս գնացի, բայց նաև ուզում էի սրբին ապացուցել, որ Աստված չկա, որ իր ժամանակն այդքան տարի իզուր է վատնել որպես վանական:

Երեկոյան մոտավորապես ժամը 4-ին Պանագուդա[1] հասանք: Այնտեղ սրբին սպասում էին մոտ 35 հոգի: Նրանք համառորեն զարնում էին զանգակը, սակայն սուրբը չէր երևում: Մենք ետևի դռնից գնացինք, սակայն այն փակ գտանք:  Չգիտեմ, թե այստեղ ներքուստ ինչ պատահեց և 12 տարի գոյություն չունեցող խորհրդաբանական (հոգևոր) կյանքից հետո առաջին անգամ ծնկի եկա ու աղոթեցի. «Աստվա՜ծ իմ,- ասացի,- եթե, իրոք, գոյություն ունես և ուզում ես, որ հավատամ, այնպես արա, որ Ծերը գա ու մեզ քո մասին պատմի»: Հինգ րոպե չանցած սուրբը դանդաղ, հանդարտ հայացքով ու մի բավական քաղցր ժպիտով անտառից գալով՝ մեզ մոտեցավ.

-Հայր Պաիսիո՞սն եք,- հարցրեցի նրան հուզված:

-Ինչու՞ ես ուզում հայր Պաիսիոսին,-պատասխանեց:

-Ուզում եմ նրան այս գուլպաները տալ և իր օրհնությունն ստանալ:

-Խոնարհվի´ր քեզ օրհնեմ:

Մկրտությունիցս հետո առաջին անգամն էր, որ այդպիսի օրհնություն էի ստանում: Ձեռքը գլխիս էր հպել և մոտ հինգ րոպե աղոթում էր: Հետո մեզ իր խցի բակը տարավ և նստեցինք կոճղերի վրա: Աստծո մասին էր խոսում և թե ինչ է աշխարհում կատարվում: Կարծես, թե լուրերի վերջին հաղորդումը լսած լիներ՝ շատ անգամ մեզ լոխում հյուրասիրելով:

Այդ ընթացքում երկու երիտասարդ էլ եկան, որ անիշխանական էին թվում, իսկ սուրբը շարունակում էր իր զրույցը: Նմանապես մեզ խոսեց բուդդայականության մասին և փշերն իմ միջից արմատախիլ արեց, որովհետև վերջին տարիներին օրական մեկ ժամ յոգայի վարժություններ էի կատարում:

Մեկ ժամ զրույցից հետո շրջվեց ու ինձ ասաց.

-Ուզու՞մ ես իմ հնազանդը (մոնթ) դառնալ:

-Ո´չ, հա՛յր, ես դրա համար չեմ. սիրում եմ աշխարհը,- պատասխանեցի:

Նույն նախադասությունը մի քանի անգամ կրկնեց ավելի ուշ, սակայն, դժբախտաբար, ես այնքան հեռու էի այն ժամանակ հոգևոր կյանքից, որ չէի կարողանում ըմբռնել առաջարկության վեհությունը:

Այնուհետև թողեց մեզ ու գնաց մի քանի կտրված փայտ կուտակելու: Դիմեցինք, որպեսզի օգնենք նրան, սակայն մերժեց՝ ասելով, որ ճգնության համար է դա կատարում, և որ դա է իր հնազանդությունը (աշխատանքը):

Մոտավորապես տասնհինգ րոպե անցավ, իսկ մենք՝ չորս հոգևոր զբոսաշրջիկներս, չէինք խոսում իրար հետ. տպավորվել էինք սրբի խոսքերից: Այն ամենը, ինչ ասել էր Երրյակ Աստծո գոյության մասին, տարակուսանքներս վանել էր: Սակայն ես միաժամանակ նաև մտքերի բուռն հարձակման էի ենթարկվում չարի կողմից: Հանկարծակի մի միտք եկավ, որ հարցնեմ սրբին, թե ինչ պետք է անենք, որ դրախտը շահենք: Սակայն իմ սնափառ մտքով ասացի՝ կարծելով, թե քանի հայր Պաիսիոսը հոգեպես այդքան բարձր է, ապա մտքերս կգուշակի ու ինձ կպատասխանի: Աստված ինձ խղճաց, եսասիրությունս անտեսեց, և ծերին տեսա, որ թողեց փայտերն ու դանդաղ քայլերով եկավ՝ նայելով մինչև հոգուս խորքը և ոչ այլևս աչքերիս, և ինձ պատասխանեց. «Տղա´ս, սեր ու հավատք ունեցիր Քրիստոսի նկատմամբ»:

Ոտքերս սկսեցին դողալ և սիրտս այնքան ուժգին էր հարվածում, որ կարծեցի, թե կկոտրվի: Միակ բանը, որ կարողացա շշնջալ, սա էր. «Գրիգո´ր, գնանք, հեռանանք» և «Հա´յր, ձեր օրհնությունը»:

-Ինչու՞ ես ուզում հեռանալ: Մնա´ այստեղ, քեզ իմ հնազանդը կդարձնեմ և իմ անունը կտամ:

Սակայն սիրտս չէր դիմանում Աստծո հայտնությանը, որ եղել էր….

Այդ պահից կյանքս ամբողջությամբ փոխվեց: Հակառակ այն բանի, որ նրան այլևս չտեսա, միշտ նրա հետ մի ներքին հոգեկան հաղորդակցություն ունեի: Իմ կյանքում նրա ներկայությունը նաև իր ննջումից հետո շատ անգամ արտահայտվեց զարմանահրաշ կերպով: Սակայն մեծագույն հրաշքն այն է, որ կարողացավ Քրիստոսին մշտապես հոգուս մեջ տնկել՝ մինչ Եկեղեցուց ամբողջովին հեռացած էի: Վեց տարուց պակաս Եկեղեցին մերժողից դարձա վանական ու ինձ Պաիսիոս անունը տրվեց, ինչպես որ սուրբն էր կանխատեսել»:

 

Թարգմանությունը հունարեն բնագրից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

© Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1] Սբ. Պաիսիոսի խուցն Աթոսում:

 

 

Անաստվածը հավատաց