/ Խրատանի Սրբոց / Սատանայական կատակներ

Սատանայական կատակներ

Սատանայական կատակներ

 

(հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից)

Ծերն ասաց. «Ամեն բանից առավել սատանան չի ուզում, որ աղոթենք: Երբ տեսնում է, որ մեկն աղոթում է, եթե չի կարողանում նրան արգելք հանդիսանալ, փորձում է գոնե միտքը երևակայություններին ու խորհուրդներին շեղել: Եթե դա էլ նրան չի հաջողվում, այդժամ անգամ ինքն է հայտնվում, միայն ու միայն, որ քեզ տակնուվրա անի ու գոնե փոքր-ինչ քեզ աղոթքից կտրի: Ահա, մի անգամ դրսում էի, պապա-Տիխոնի գերեզմանի մոտ: Մինչ փառաբանությունն էի («Փառք ի բարձունս») ասում երկրպագություններով, երբ հասա «լուսով քով տեսցուք զլոյս» տողին, հանկարծակի մի ուժեղ լույս, կարծես, լուսարձակ հեղվեց ետևիցս և լուսավորեց ողջ տարածքը, մինչև ներքև՝ Կալիագրա[1]: Հասկացա, որ այդ լույսը դիվական էր, և նշանակություն չտվեցի: Շարունակեցի աղոթքս՝ առանց իրարանցման: Սատանան տեսնելով, որ լույսից չխռովեցի, ուրիշ բան արեց: Ինձանից մի քանի մետր ձախ երկու դևիկներ հայտնվեցին, մոտավորապես մեկուկես մետր հասակով, որոնք խաղում ու քաշքշում էին մեկը մյուսին ձեռքերով ու ոտքերով ու ծիծաղում էին: Իսկական կինո: Է՜հ, չկարողացա ինքս ինձ պահել: Ծիծաղի բռնվեցի: Տեսա՞ր, թե ի՞նչ արեց չարը. նրան ուշադրություն չդարձրեցի լույսով, հետո դևիկներին ուղարկեց»:

Մի գիշեր, երբ Ծերը քնած էր, զգում է, որ մեկն իրեն հրում է՝ ասելով.

-Արթնացի՛ր, կանոնդ[2] արա՛. ժամն անցել է:

-Բայց ո՞վ է այս ժամին,- մտածում է քնի մեջ:

Արթնանում ու կողքին սատանային է տեսնում ու ասում.

-Է՛յ, դու՞ ես:

Եվ հանդարտ մյուս կողքի վրա է թեքվում՝ արհամարհելով նրան: Սակայն թշնամին չի հանդարտվում ու շարունակում է.

-Այո, բայց ժամն անցել է. պետք է կանոնդ անես:

-Ես գիտեմ, թե երբ եմ կանոնս անելու: Դու չէ, որ աղոթքիս համար պետք է ինձ առաջնորդես:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Ιερομονάχου Ισαάκ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.

Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος Μεταμόρφωσις Χαλκιδικής.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

© www.orthodoxkyanq.org

 

[1] Տեղանուն Աթոսում (խմբ.):

[2] Խոսքն ուղղափառ վանականների անհատական աղոթքի կանոնի մասին է (խմբ.):

 

 

Սատանայական կատակներ