/ Խրատանի Սրբոց / Ո՛չ հեռուստացույցին

Ո՛չ հեռուստացույցին

Ո՛չ հեռուստացույցին

Սուրբը կործանարար էր համարում հեռուստացույցի ազդեցությունը բոլորի, հատկապես, երեխաների ու երիտասարդների համար: Նա ցավով էր անդրադառնում դեպքերի, երբ ծնողներն իրենց խաղաղության համար երեխաներին թողնում են ժամերով հեռույստացույց դիտելու, ինչի արդյունքում նրանք մտավորապես, հոգեպես ու մարմնապես կործանվում են: Սուրբն առավել շեշտում էր այն վտանգը, որ ճառագայթումից է մարմնին հասնում, որ ստանում են դեռ չծնված մանուկներն ու փոքր երեխաները: Նա խոսում էր նաև հեռուստացույցի սատանայական ազդեցությունների մասին: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր առիթի դեպքում արգելում էր հեռուստացույց նայել և խորհուրդ էր տալիս, որ այն տնից դուրս նետեն՝ տալով իրենց երեխաներին ուրիշ, հոգևոր բան՝ Սրբերի վարքեր, հսկումների մասնակցություն, ուխտագնացություններ կամ էլ չեզոք մի բան՝ անմեղ խաղեր և էքսկուրսիաներ: Ասում էր. «Մի՛ թողեք ձեր երեխաներին հեռուստացույց նայեն: Հեռուստացույցը մինչև լուսնյակին է միայն հասնում: Իսկ հոգևոր հեռուստացույցը մինչև անգամ Աստծուն է հասնում»:

Մի անգամ Սուրբը երիտասարդների մի խմբի հետ էր զրուցում: Նրանցից բավականին հեռու նստած էր մի երիտասարդ դասախոս, որ վերջին շրջանում նրան զբաղեցնող ինչ-որ բանի մասին էր մտածում.

-Բարի, հեռուստացույցին վերաբերող մնացած հարցերը չեմ էլ քննարկում, սակայն միգուցե հիմնական տեղեկատվության համար պե՞տք է հետևել լուրերի տեսությանը:

Այդ իսկ պահին Ծերը կտրուկ դեպի նրա կողմն է շրջվում և ասում.

-Ո՛չ էլ լուրերը:

Ու կրկին շրջվում է երիտասարդների կողմը՝ շարունակելով նրանց հետ սկսած զրույցը:

Նոր ամուսնացած մեկը Սրբի հետ զրուցելիս խնդրում է, որ մի վերջին խորհուրդ էլ իրեն տա: Սուրբն ասում է նրան. «Կնոջդ ասա՛, որ հեռուստացույց չնայի, որովհետև ձեր երեխան հիմար կծնվի»: Ու կարճ դադարից հետո շեշտում է. «Ո՛չ էլ հարազատների տներ գնա հեռուստացույց դիտելու»: Նրա կինը սովորություն ուներ հեռուստացույց դիտել մոր տանը:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Ιερομονάχου Ισαακ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.

Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος Μεταμόρφωσις Χαλκιδικής.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության  որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

Ո՛չ հեռուստացույցին