/ Խրատանի Սրբոց / Մեր մասին մեծ կարծիքը

Մեր մասին մեծ կարծիքը

 Մեր մասին մեծ կարծիքը

Սբ. Պաիսիոս Աթոսացի

-Գե՛րոնդա, ինչու՞ եմ հեշտությամբ հպարտանում:

-Հեշտությամբ հպարտանալը նշանակում է, թե մեծ կարծիք ունես քո մասին: Հավատում ես, թե ինչ-որ բան ես: Մարդը չի կարող հպարտանալ, եթե չհավատա, թե ինչ-որ բան է {իրենից ներկայացնում}: Հետևաբար, քանի որ հավատում ես, թե ինչ-որ բան ես, հետո ամեն մի փոքր բանով հպարտանում ես հիպերտոնիկների նման. նրանց, երբ մի քիչ նեղվում են, անմիջապես ճնշումն է բարձրանում:

-Գե՛րոնդա, սիրտս նորից սառել է: Ինչու՞ եմ հասնում այս վիճակին:

-Որովհետև գլուխդ թողնում ես առանց ձգելու[1], իսկ ուղեղդ հովերով է տարվում: Ես խցան եմ դնում ու այն ձգում եմ, իսկ դու այն թափում ես: Հիմա կարիք կա, որ մեծ խցան դնենք և այն շատ լավ ձգենք: Գիտե՞ս, Քրիստոսը քեզ որքան կտար, եթե այդ թերությունը չունենայիր: Երբ ուշադիր չենք, սատանան նենգաբար գալիս ու մեր գլուխը ծակում է իր շամփուրով՝ գոռոզությամբ, ու մեզ փուչիկի նման փչում է և օդ բարձրացնում:

-Գե՛րոնդա, մեկը, որ մեծ կարծիք ունի իր մասին, հեշտ չէ, որ ուրիշի միջի լավը տեսնի:

-Այդպես է: Նա, ով իր մասին մեծ կարծիք ունի, հպարտության մշուշի մեջ է մնում և ո՛չ հոգևոր առողջություն ունի, ո՛չ էլ տեսողություն: Հետևաբար, մյուսի շնորհները չի կարող տեսնել: Բայց ինչու՞ մարդն իր մասին մեծ կարծիք ունենա: Ինչպե՞ս են գալու աստվածային մտքերը, եթե դեն չշպրտի իր մասին մեծ կարծիքը: Եթե Քրիստոսը վերցնի պտուտակահանը, պտուտակը մի փոքր ձգի, կասենք, թե անխելքություն է: Ուրեմն էլ ի՞նչ կարծիք ունենաս քո մասին:

Նա, ով իր մասին մեծ կարծիք ունի, ինքն իրենից դուրս է, անխելք: Կարիք կա, որ իջնի ու իջնի, վայրէջք կատարի, որպեսզի ինքն իրեն գտնի: Այլապես ամպերի վրայով կշրջի, իսկ բենզինը զուր տեղը կծախսի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι, τόμος Ε΄, Πάθη και αρετές, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007. 

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սուրբ Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր Սուրբ Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1]Սուրբն այստեղ կատակելով օգտագործում է «ξεβίδωτο» բառը: Խոսքը պտուտակը հանելու մասին է (թրգ.):

 

 

Մեր մասին մեծ կարծիքը