/ Խրատանի Սրբոց / Մարդու կապը կենդանիների հետ մեղսագործությունից առաջ ու դրանից հետո

Մարդու կապը կենդանիների հետ մեղսագործությունից առաջ ու դրանից հետո

Մարդու կապը կենդանիների հետ մեղսագործությունից առաջ ու դրանից հետո

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

Մարդու կապը կենդանիների հետ մեղսագործությունից առաջ ու դրանից հետո

 

            – Գե՛րոնդա, սբ. Ծննդյան առթիվ ինձ մի բան մաղթեցե՛ք:

            -Մաղթում եմ, որ Քրիստոսն ու Աստվածամայրը մսուրի մոտի գառնուկի պես քեզ իրենց կողքին պահեն: Կարծում եմ` նա իրեն լավ է զգում, ինչպես և մսուրի միջի Քրիստոսին ջերմացնող եզն ու իշուկը… «Ծանեաւ եզն զստացիչ իւր, եւ էշ զմսուր տեառն իւրոյ», – ասում է Եսայի մարգարեն (Ես. 1, 3): Այսինքն` եզն իր Տիրոջը ճանաչեց, իսկ էշը` իր Տիրոջ մսուրը: Ճանաչեցին, թե ի՛նչ է մսուրի մեջ և իրենց բերանի շնչով տաքացնում էին այն. հասկացան, որ դա իրենց Արարիչն է: Իսկ իշուկը… նրա համար ինչպիսի՜ մեծ պատիվ էր Քրիստոսին Եգիպտոս տանելը: Իշխանները ոսկեհյուս կառքեր ունեին, իսկ Քրիստոսն ի՜նչ օգտագործեց: Ի՜նչ լավ կլիներ, եթե ես այն իշուկը լինեի:

            Դրախտում կենդանիներն զգում էին Շնորհի անուշահոտությունը և Ադամին իրենց տեր էին ճանաչում[1]: Սակայն պատվիրանազանցությունից հետո նրանք ևս, թեպետ անմեղ էին, Դրախտից դուրս եկան և Ադամին այլևս որպես իրենց տիրոջը չէին ճանաչում, այլ նրա վրա էին հարձակվում` հոշոտելու համար: Կարծես թե նրան ասում էին.

            – Դու վատն ես, մեր տերը չես:

            Այժմ երբ մարդը, Աստծո պատվիրանները պահելով, նորից մոտենում է Նրան, ապա աստվածային Շնորհով է կրկին զգեստավորվում` վերադառնալով այն վիճակին, որ մեղանչելուց առաջ ուներ, և կենդանիները մարդուն իրենց տեր են ճանաչում: Այնժամ նա անվախ կերպով շրջում է վայրի կենդանիների մեջ, որոնք արդեն դադարում են վայրի լինելուց. չէ՞ որ իրենց տերն է վայրի լինելուց դադարել:  

 

Կենդանիները զգում են մարդու սերը

          – Գե՛րոնդա, աբբա Իսահակն ասում է. «Ողորմած սիրտը ողջ արարչագործության համար այրումն է»:

            – Այո՛, այդպես է. «սրտի այրումն» է և՛ կենդանիների համար, և՛ անգամ դևերի համար: Հոգևոր մարդն իր սերը նախ Աստծուն է տալիս, այնուհետև` մարդկանց, իսկ իր սիրո ավելցուկը` կենդանիներին ու ողջ արարչագործությանը: Աստվածային այդ սերն իրեն զգալ է տալիս նաև կենդանիներին, որ իրենց սիրող և իրենց համար ցավ ապրող մարդուն հասկանում են և, չվախենալով, մոտենում են նրան: Անգամ վայրի կենդանիներն իրենց սիրող մարդուն զանազանում են որսորդից, որ ուզում է իրենց սպանել: Կենդանիները որսորդից խուսափում են, իսկ իրենց սիրող մարդուն` մոտենում: Ինձ թվում էր, թե դա օձերին չի վերաբերում, քանզի  օձը միակ կենդանին է, որ մարդիկ չեն սիրում: Սակայն հետո հասկացա, որ օձերն էլ են մարդու սերն զգում ու նրա հետ ընկերանում: Երբ մարդն օձի վիճակի մեջ է մտնում ու նրա համար ցավ  է ապրում, ապա օձն անմիջապես դա հասկանում է և մարդուն ընկերոջ պես է մոտենում: Օձը կարծես թե ասում է. «Փա՜ռք քեզ, Աստվա՜ծ, վերջապես ես էլ մի ընկեր գտա»:

            – Գե՛րոնդա, բնազդո՞վ են դա զգում:

            – Աստված կենդանիներին ևս անհրաժեշտ ամեն բան տվել է, որպեսզի իրենց կարիքները հոգան: Զգացողությունն է նրանց տվել: մեղսագործությունից հետո մարդը զրկվեց գերբնականից, սակայն ոչ մտքից, տրամաբանությունից: Օրինակ` երբ մարդիկ ինչ-որ տեղ սոսիներ են տեսնում ու հասկանում են, որ այդտեղ ջուր էլ կա, փնտրում են ու գտնում: Իսկ կենդանիներն իմանում են` կարծես ռադար ունենալով: Օրինակ երբ ուղտն անապատում  ծարավում է, ապա ինքնիրեն վազում է այնտեղ, որտեղ ջուր կա, և ուղտապանը հետևում է նրան: Ուղտը կարծես թե հեռագիր է ստանում:

 

Կենդանիներից օրինակ վերցնենք

 

          – Գե՛րոնդա, այս ի՞նչ բզզոց է լսվում:

            – Մի մեղվապարս է բնագրվել պատուհանիս մեջ ու լարված գործ է անում[2]: Ուշ երեկոյան դրանց ձայնի պատճառով ի՜նչ օրն եմ ընկնում: Եկե՛ք ձեզ ցույց տամ իմ փեթակը: Տեսե՛ք, թե մեղուներն ի՜նչ ճարտարապետությամբ են աշխատում, մինչդեռ ո՛չ ճարտարապետ ունեն, ո՛չ գործատու: Մաղթում եմ, որ դուք էլ ճիշտ աշխատեք, հոգևոր կերպով, հոգևոր փեթակ պատրաստեք, որպեսզի այն հոգևոր մեղր արտադրի, և աշխարհականներն այն ճաշակերով` հոգեպես քաղցրանան:

            – Գե՛րոնդա, ի՞նչ է նշանակում Սաղմոսերգուի ասածը. «Մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տե՛ր» (Սաղմ. 35, 7):

            – Նկատի ունի, որ Աստված կենդանիներին էլ է օգնում: Կենդանիների պահապան որքա՜ն սրբեր կան: Խեղճ կենդանիներն ի՜նչ վիճակում են: Մենք անգամ մեկ շաբաթ չէինք կարողանա ցուցաբերել այն հնազանդությունը, որ կենդանիները մարդու նկատմամբ են անում: Եթե նրանց կերակրում են, լավ է, իսկ եթե ոչ, ապա խեղճ կենդանիները քաղցած են մնում: Եթե իրենց տիրոջ ուզածը չեն անում, ծեծ են ուտում: Եվ ինչպիսի՜ տառապանք են քաշում` որևէ վարձատրություն չպասելով: Մենք գեթ մեկ «Տե՛ր, ողորմյա՛» ասենք, դրախտը կարող ենք ժառանգել: Մի՞թե քիչ է: Հետևաբար, կենդանիները մեզ գերազանցում են թե՛ անընչության, թե՛ համբերության, թե՛ հնազանդության առումով:

            Ամեն բանի հետևե՛ք, քանի որ ամեն բան շահեկան է: Ես նկատում եմ, թե մրջյուններն առանց վերակացու ունենալու ինչպիսի՜  պատվասիրությամբ են աշխատում: Այն նրբությունը, որ մրջյունների մեջ եմ տեսել, որևէ մարդու մեջ չեմ գտել: Երիտասարդ մրջյունները փայտիկներ ու մի շարք այլ անպետք իրեր են շալակում ու իրենց բույնը բերում, որովհետև դեռ չգիտեն, թե ի՛նչ է պետք բերել: Տարեց մրջյունները թողնում են, որ նրանք այդ ամենը շալակեն` երիտասարդների պատրաստակամությունը չկոտրելով, իսկ հետո դրանք բնից դուրս են հանում: Հետո երիտասարդները կամաց-կամաց տեսնում են, թե ավագներն ի՛նչ են շալակում և այդպես սովորում են, թե ի՛նչ է պետք բերել: Իսկ եթե մենք լինեինք, ապա կասեինք.

-Հլա մի էստեղ արի՛, էս ի՞նչ ես բերել: Շու՛տ արա, դու՛րս շպրտիր:

            Աստված կենդանիներին ստեղծել է, որպեսզի մարդուն  ծառայություն մատուցեն, բայց նաև` որպեսզի մարդը նրանցից օրինակ վերցնի: Եթե մարդը մարդ է, ապա ամեն ինչից օգուտ է քաղում:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Ε΄, Πάθη και αρετές, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007.

 

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

[1] Տե՛ս Ծննդ. 1, 28:

[2]Մեղվապարսը մտել էր պատուհանի փակ փեղկի (խոսքը պատուհանների փայտյա փեղկերի մասին է – թրգմ.) ծակերից և դրա ու ապակու միջև իր փեթակն էր հյուսել: Ծերն իր խցի այդ պատուհանը միշտ փակ էր պահում` վարագույրը քաշած (դեպքը պատահել է 1993 թ. հունիսին):

 

 

Մարդու կապը կենդանիների հետ մեղսագործությունից առաջ ու դրանից հետո