/ Խրատանի Սրբոց / Հոգևոր մարգարիտներ

Հոգևոր մարգարիտներ

 

 Հոգևոր մարգարիտներ

 

Սբ. Հովհաննես Կղեմաքոս[1] Սինայեցի

 (525-595 թթ.)

Հոգևոր մարգարիտներ

 

  Սարսափելի է այն ծովը, որ նավարկում ենք: Այն սարսափելի է և լի արգելքներով, հողմապտույտներով, խութերով, գազաններով, ծովահեններով, ալիքներով ու փոթորիկներով: Արգելքը վայրի և հանկարծակի բարկությունն է: Հողմապտույտը հուսահատությունն է, որը շրջապատում է միտքը և հուսալքության անդունդն է նրան քարշ տալիս: Խութը չիմացությունն է, որը չարը բարի է կարծում: Գազանը ծանր ու վայրագ մարմինն է: Ծովահենները փառասիրության սարսափելի դևերն են, ովքեր հոգևոր հարստությունն են գողանում: Ալիքը մեր որովայնն է, որ փքվում է որկրամոլությամբ, և ուժգնությամբ նետում մեզ մարմնական կրքերի մեջ: Փոթորիկը հպարտությունն է, որ երբեմն երկինք է մեզ բարձրացնում, իսկ երբեմն էլ անդունդի մեջ խորասուզում:

  Ինչպես որ օձը չի կարող հին կաշին հեռացնել` առանց նեղ անցքից անցնելու, այդպես էլ մենք չենք կարող հին մարդուց ազատվել` առանց պահքի և նվաստացման նեղ ու դժվար ճանապարհով անցնելու:

  Ինչպես որ շատ փայտը խեղդում է կրակն ու ծուխ առաջացնում, այդպես էլ ծայրաստիճան տրտմությունը հոգին է պղտորում ու մթագնում:

  Ինչպեր որ ձվերը տաքանալիս կենդանագործվում են, այդպես էլ մեղսական մտքերը, եթե խոստովանության ժամանակ չեն բացահայտվում, ապա մեղսական գործերի են վերածվում:

 

  Ինչպես որ ձիարշավարանում վազող ձիերն են իրար հետ մրցում, այ…դպես էլ լավ միաբանության մեջ մի եղբայրը մյուսին է հոգևոր պայքարի առաջ մղում:

  Ինչպես որ աղքատը, արքայական գանձերը տեսնելով, ավելի շատ է իր աղքատությունն զգում, այդպես էլ մեծ սրբերի առաքինություններն ուսումնասիրողն  է ավելի խոնարհ միտք ձեռք բերում:

  Ինչպես որ մագնիսը երկաթն է ձգում, այդպես էլ կրքերն են ակամա ձգում նրան, ով հապաղում է դրանց մեջ:

  Ինչպես որ ձեթն է ծովը խաղաղեցնում, այդպես էլ պահքն է մարմնի պոռթկումները հանդարտեցնում:

  Ինչպես որ մարդը շատ չի ախորժում այն կերակուրները, որոնք երբեք չի համտեսել, այդպես էլ մարմնով մաքուրներն ավելի թեթև ու ավելի հազվադեպ են մարմնական փորձություններն զգում:

  Ինչպես որ զինված պահակներով պաշտպանվող տունը գողերն են ջրջանցում, այդպես էլ իմանալի գողերը` դևերն են աղոթող հոգուց խուսափում:

  Ինչպես որ մի կայծը կարող է ողջ անտառն այրել, այդպես էլ մեր մեկ առաքինի գործը կարող է մեղքերի մի բազմություն ծածկել:

  Ինչպես որ առանց զենքի հնարավոր չէ գազան խփել, այդպես էլ առանց խոնարհության հնարավոր չէ բարկությունը հաղթել:

  Ինչպես որ լավ նավապետ ունեցող նավն Աստծո օգնությամբ ողջանդամ նավահանգիստ է հասնում, այդպես էլ լավ հոգևոր առաջնորդ ունեցող հոգին է հեշտությամբ երկինք բարձրանում, թեկուզ և շատ մեղքեր ունեցած լինի:

  Ինչպես որ ծանր հիվանդը մի ակնթարթում բժշկվել չի կարող, այդպես էլ հնարավոր չէ անմիջապես հաղթել կիրքը:

 Դևերը մեր դեմ պատերազմում են կա՛մ մեր անհոգության պատճառով, կա՛մ մեր հպարտության, կամ էլ` որովհետև մեզ նախանձում են:

 Երբ մեր մարմինը հիվանդ է, ապա մեծ է ուշադրությունն ու աչալրջությունը, որովհետև դևերն ուժգնորեն են պատերազմում մեր դեմ, երբ տեսնում են մեզ պառկած ու գրեթե անկարող` հոգևոր զենքերն օգտագործելու:

  Հիվանդություններ կան, որ մեզ մաքրագործում են: Հիվանդություններ էլ կան, որ մեզ խոնարհեցնում են: Ամենաբարի Տերը, ճգնության նկատմամբ մեր դժկամությունը հաճախ տեսնելով, հիվանդություն է տալիս` որպես ավելի հեշտ միջոց` սրբության, խոնարհության, չար մտքերից ու կրքերից ազատագրման:

  Նրան, ինչը որ մեզ հետ պատահում է` մարմնավոր կամ հոգևոր, կարող ենք վերաբերվել կա՛մ լավ ձևով, կա՛մ` վատ, կա՛մ` անտարբեր: Ես տեսել եմ երեք եղբայրների, ովքեր միևնույն փորձանքին էին բախվել: Նրանցից առաջինը տրտնջաց, երկրորդը անտարբեր եղավ, իսկ երորրդն ուրախացավ:

  Ես տեսել եմ հողագործների, ովքեր միևնույն սերմն էին ցանում, սակայն տարբեր նպատակներով. մեկը` պարտքերը մարելու համար, երկրորդը` հարստանալու, երրորդը` նվիրատվության, չորրորդը` որպեսզի գովաբանվի  անցորդների կողմից, հինգերորդը` որպեսզի թշնամիների նախանձը գրգռի, իսկ վեցերորդը` որպես ծույլ չդատապարտվելու համար: Ուրեմն, եթե պահք ես պահում, կամ հսկում ես կատարում, ողորմություն ես տալիս, կամ քո եղբորն ես սպասավորում, ապա հո՛գ տար` տարորոշելու, թե վերոնշյալ նպատակներից ո՛ր մեկի համար ես դա անում:

   Չտրտմե՛նք, երբ տարիներ շարունակ Աստծուց մի բան ենք խնդրում, սակայն Նա մեզ չի տալիս: Դա մեզ չի տալիս կա՛մ այն պատճառով, որ անպատեհ ժամանակին ենք խնդրում, կա՛մ որովհետև անպատեհ ձևով ենք խնդրում, կա՛մ որովհետև անարժան ենք դա ընդունելու, կամ էլ` քանի որ խնդրածն ստանալով` հպարտության կամ անհոգության մեջ կընկնենք:

   Երբ մեր առջև երկու չարիք ունենք և անպայման պետք է ընտրենք մեկը, ապա նվազագույն չարիքն ընտրենք: Օրինակ` աղոթքի ժամանակ հյուրեր են մեզ այցելում: Ի՞նչ անենք. աղոթքը դադարեցնե՞նք, թե՞ եղբայներին վշտացնենք`թողնելով, որ նրանք սպասեն: Այս պարագային նախընտենք առաջինը, քանի որ սերն աղոթքից ավելի բարձր է. աղոթքը մասնակի առաքինություն է, մինչդեռ սերն իր մեջ բոլոր առաքինություններն է ամփոփում: Մի ուրիշ օրինակ. երիտասարդ ժամանակ մի սեղանի շուրջ նստեցի: Այդ պահին երկու տեսակի մտքեր վրաս հարձակվեցին` որկրամոլության (որ շատ ուտեմ ու վայելելով) և սնապարծության (որ մյուսների աչքին ճգնակյաց ու պահեցող երևամ): Նախընտրեցի  սնապարծությունից հաղթված լինել, քանզի  երիտասարդ լինելով, որովայնամոլության հետևանքներից (այսինքն` պոռնկությունից) վախեցա:

  Նրանք, ովքեր լավ հոտառություն ունեն, անմիջապես իմանում են նրան, ով իր մոտ օծանելիք է թաքցրել. այդպես էլ մաքուր հոգին է  մեկ այլ մաքուր հոգու զգում:

 Չար մտքերի դեմ կարող ենք պատերազմել երեք տարբերակով` աղոթքով, հակառակաբանությամբ (հակառակ մտքեր բերելով) և արհամարհանքով:

 Մեր ամեն մի ջանք, եթե խոնարհությամբ չի ուղեկցվում, ապա աստվածային կամքից օտար է: Սա թող չափանիշ լինի մեր բոլոր գործողությունների և ողջ կյանքի համար:

 

Թագմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Οσίου Ιωάννου της Κλιμακος, Η διάκριση, εκδ. Ιερά Μονή Παρακλήτου, Ωρωπός Αττικής 2013.

 

 

[1] «Կղեմաքոս»` գրաբար փոխանցումն է հունարեն ὅ τῆς Κλίμακος կապակցության, որ նշանակում է «Սանդուղքի» (այսինքն` «Սանդուղքի» հեղինակ): Սբ. Հովհաննես Սինայեցին այս մակդիրն ստացել է «Սանդուղք աստվածային վերելքի» իր կոթողային երկի շնորհիվ:

 

 

Հոգևոր մարգարիտներ