/ Խրատանի Սրբոց / ԽՐԱՏՆԵՐ

ԽՐԱՏՆԵՐ

ԽՐԱՏՆԵՐ

ՍԲ. ՆԵԿՏԱՐԻՈՍ ՊԵՆԴԱՊՈԼՍԵՑԻ

Տարորոշման1 մասին

    Ձեզ խորհուրդ եմ տալիս ամեն ինչում տարորոշում և խելամտություն ունենալ, ծայրահեղություններից խուսափել: Խստություններն առաքինության չափերին են համընթաց. ով որ մեծ առաքինություններ չունի, բայց կատարյալների հետ է մրցակցում` սբ. ճգնավորների նման խստությամբ ապրել ցանկանալով, նա վտանգված է հպարտանալու և ընկնելու: Ուստի, տարորոշմամբ ընթացեք և չափից ավելի ճգնություններով մարմինը մի՛ ճնշեք: Հիշեք, որ մարմնի ճգնությունը պարզապես օգնում է հոգուն` կատարելության հասնելու, իսկ կատարելությանը հիմնականում հոգու ճգնությամբ են հասնում:

    Չափից ավելի լարը մի՛ ձգեք: Իմացեք, որ Աստված իր պարգևների հարցում չի բռնադատվում. Նա տալիս է այն ժամանակ, երբ ինքն է կամենում: Այն, ինչ ստանում ենք, ձրի ենք ստանում Աստուծո ողորմությունից:

    Մի՛ հետապնդեք առանց առաքինությունների, մեծ ճգնություններով բարձր հասնել, քանի որ ձեր հպարտության ու հանդգնության պատճառով վտանգվում եք պատրանքի մեջ ընկնելու: Նա, ով դեռ կրքերով է բեռնավորված, բայց աստվածային շնորհներ ու բարձր տեսիլքներ է փնտրում, այդպիսին` որպես անմիտ ու հպարտ, պատրանքի մեջ է:

    Մարդ ամենից առաջ իր մաքրման համար պետք է ճգնի: Աստվածային Շնորհքն իր շնորհներն ուղարկում է ի վարձատրություն նրանց, ովքեր կրքերից մաքրվել են և նրանց այցելում է անաղմուկ, այն ժամանակ, երբ նրանք չեն իմանում:

Քրիստոնեական քաղաքավարություն

    Տիրոջ պատվիրանի համաձայն` քրիստոնյաները պարտավոր են սուրբ ու կատարյալ լինել: Կատարելությունն ու սրբությունը սկզբում քրիստոնյայի հոգու մեջ են խորապես գծվում և այնտեղից նրա մտքերի, ցանկությունների, խոսքերի, գործերի մեջ են տպավորվում: Այսպիսով, հոգու մեջ առկա Աստուծո Շնորհքը նաև ողջ արտաքին բնավորության մեջ է արտահեղվում:

    Քրիստոնյան պարտավոր է բոլորի հետ քաղաքավարի լինել: Քրիստոնյայի խոսքերն ու գործերը նրա հոգում բնակվող Սբ. Հոգու Շնորհքն են արտաշնչում, որպեսզի նրա քրիստոնեական կենցաղավարությունը վկայվի և Աստուծո անունը փառաբանվի:

    Ով խոսքերի մեջ չափավոր է, նա գործերի մեջ էլ է չափավոր: Ով քննում է ասվելիք բառերը, նա կատարվելիք գործերն էլ է քննում և բարի ու առաքինի վարվելակերպի սահմանները երբեք չի խախտում:

    Քրիստոնյայի շնորհալի խոսքերը նրբությամբ ու քաղաքավարությամբ են բնութագրվում: Դրանք են, որ սեր են ծնում, խաղաղություն և ուրախություն են բերում: Եվ ընդհակառակը, դատարկաբանությունն ատելություն, թշնամանք, վշտեր, վիճաբանություն, խռովք ու պատերազմներ է ծնում:

    Արդ, միշտ քաղաքավարի լինենք: Մեր շուրթերից չար խոսք թող դուրս չգա. խոսք, որ Աստուծո Շնորհքով աղված չէ: Այլ միշտ շնորհալի, բարի խոսքեր թող դուրս գան, որոնք ի Քրիստոս կենցաղավության ու մեր հոգու բարեկրթության մասին են վկայում:

    Թարգմանությունը հունարենից` Գ. Ղազարյանի

    Աղբյուր. Φωνή τών Πατέρων, 21. Αγίου Νεκταρίου Πενταπόλεως, Διδαχές, εκδ. Ι. Μ. Παρακλήτου, Ωρωπός Αττικής 2010.

1Հունարեն «դիա՛կրիսիս» բառը նշանակում է տարորոշում, տարբերակում, կշռադատում. Խոսքը հոգևոր կյանքում իրավիճակները տարորոշելու, զանազանելու, ամեն մի անձի ու պարագայի պատշաճ մոտեցում ցուցաբերելու առաքինությունն է, որն ավելի լայն իմաստով նույնական է հոգևոր իմաստությանը: Ռուսերենում «դիա՛կրիսիսը» թարգմանվում է рассуждение եզրով: Սբ. Հովհաննես Կղեմաքոսը տարորոշումը սահմանում է որպես «ամեն ժամանակ, ամեն տեղում և ամեն պարագայում աստվածային կամքի իմացություն», իսկ Ծեր Պաիսիոսը, տարորոշումն առաքինությունների թագը համարելով, այն որպես «հոգևոր տեսողություն» է բնորոշում:

© www.orthodoxkyanq.org

 ԽՐԱՏՆԵՐ