/ Խրատանի Սրբոց / Եսասիրությունը մեզ զրկում է խաղաղությունից և ուրախությունից

Եսասիրությունը մեզ զրկում է խաղաղությունից և ուրախությունից

Եսասիրությունը մեզ զրկում է խաղաղությունից և ուրախությունից 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

 

            -Գե՛րոնդա, պատճառն ի՞նչ է, որ միշտ խաղաղ չեմ:

            -Եսիցդ չես ազատագրվել, քո հին մարդու ստրուկն ես: Հոգ տար վանելու եսդ, որովհետև, եթե չվանես, եսդ քեզ կվանի: Եսասիրություն ունեցողը չի կարող հանգստություն, հոգու խաղաղություն ունենալ, որովհետև ներքուստ ազատ չէ. կրիայի նման է, իսկ քայլվածքն էլ կրիայի քայլվածքին է նման: Կրիան անկաշկա՞նդ է իր գլուխը դուրս հանում. մեծամասամբ փակված է մնում իր պատյանում:

            -Գե՛րոնդա, կարծում եմ, որ տեսականորեն հասկանում եմ խնդիրը, սակայն գործնականում…

            -Գործադրումը դժվար է. հին մարդն այնտեղ է դժվարանում: Սակայն եթե պատվախնդրությամբ մեր հին մարդուն չճնշենք, ապա մեր հոգևոր կառույցը հօդս կցնդեցնի:

            -Գե՛րոնդա, դժոխքն ինչպիսի՞ն է:

            -Լսածս մի պատմությունը քեզ պատմեմ: Մի անգամ մի պարզ մարդ Աստծուց խնդրում էր, որ իրեն ցույց տա, թե դրախտն ու դժոխքն ինչպիսին են: Եվ այսպես, մի գիշեր քնի մեջ իրեն ուղղված մի ձայն է լսում. «Ե՛կ, քեզ ցույց տամ դժոխքը»: Այդ ժամանակ հայտնվում է մի սենյակում, ուր շատ մարդիկ էին նստած մի սեղանի շուրջ, և մեջտեղում կերակուրով լի մի կաթսա կար: Սակայն ամենքը քաղցած էին, որովհետև չէին կարողանում ուտել: Յուրաքանչյուրը ձեռքին մի երկար գդալ ուներ. կաթսայից ճաշը վերցնում էին, սակայն չէին կարողանում գդալն իրենց բերաններին մոտեցնել: Այդ իսկ պատճառով ոմանք տրտնջում էին, ոմանք` բղավում, ոմանք` լացում… Այնուհետև նրան կանչող նույն ձայնն ասում է. «Ե՛կ, հիմա քեզ դրախտը ցույց տամ»: Այդ ժամանակ հայտնվում է մի ուրիշ սենյակում, ուր շատ մարդիկ էին նստած նախորդի նման մի սեղանի շուրջ, և կենտրոնում կրկին մի կերակրակաթսա կար, իսկ մարդիկ միևնույն երկար գդալներն ունեին: Սակայն ամենքն էլ կուշտ էին և ուրախ, որովհետև յուրաքանչյուրն իր գդալով կաթսայից կերակուր էր վերցնում և մյուսին կերակրում: Հիմա հասկացա՞ր, թե ինչպես այս կյանքից սկսած կարող ես Դրախտն ապրել:

            Նա, ով բարին է գործում, ցնծում է, որովհետև աստվածային մխիթարությամբ է վարձատրվում: Ով չարիք է գործում` տանջվում է, իսկ երկրային դրախտն երկրային դժոխք է դարձնում: Սեր,  բարություն ունե՞ս` հրեշտակ ես, և ուր էլ գնաս կամ հանգրվանես` Դրախտն ես փոխանցում: Կրքե՞ր, չարությու՞ն ունես` սատանային ունես մեջդ, և ուր էլ գնաս կամ հանգրվանես` դժոխքն ես փոխանցում:

            Այստեղից սկսած ենք ապրում Դրախտը կամ դժոխքը:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

 Եսասիրությունը մեզ զրկում է խաղաղությունից և ուրախությունից

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Ε΄, Πάθη και αρετές

, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007.

 

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

Եսասիրությունը մեզ զրկում է խաղաղությունից և ուրախությունից