/ Եկեղեցական տոներ / Տոն Սուրբ Հոգու

Տոն Սուրբ Հոգու

Տոն Սուրբ Հոգու

 

«Ո՞վ է ավելի մեծ Աստված, քան մեր Աստվածը,

Դու սքանչելագործ Աստված ես:

Քո զորությունը ցույց տվեցիր քո ժողովրդին» (Սաղմ. 76 (77), 14-15)

 

Սբ. Հոգեգալստին հաջորդող եկուշաբթիին ի ծագս աշխարհի Ընդհանրական և Առաքելական Սուբ Եկեղեցին նշում է Սուրբ Հոգու տոնը: Այս օրվա Հայսմավուրքում կարդում ենք. «Այս օրը՝ Հոգեգալստի եկուշաբթիին, նույն ամենասուրբ, և՛ կենդանարար, և՛ ամենազոր Հոգուն ենք տոնախմբում, Մեկին Սուրբ Երրորդություն Աստծուց՝ հավասարակից, և՛ համագո, և՛ փառակից Հորը և Որդուն»:

Եկեղեցին հատուկ հիշատակում է Սուրբ Հոգի Աստծո անձնավորված հատկանիշները, բնութագրականները, որպես ապացույց Նրա համագոյակցության ու փառակցության Հայր Աստծուն և Որդի Աստծուն: Եկեղեցին իր այս հավատքը արտահայտել է դեռևս Կ. Պոլսի Երկորդ Տիեզերաժողովում (381թ.)՝ ամբողջացնելով Իր Հավատո Հանգանակը Սուրբ Հոգու մասով և դավանաբանական-փրկագործական մյուս հոդվածներով: Եվ այսպես յուրաքանչյուր Աստուծո օր ժամերգություններին, Սուրբ Պատարագին, Մկրտության սուրբ Խորհդի ժամանակ Եկեղեցին դավանում-աղոթում է. «….(Հավատում եմ) Եվ Սուրբ Հոգուն՝ Տիրոջը, Կենդանարարին, որ Հորից է ելնում, որ Հոր և Որդու հետ երկրպագվում ու փառավորվում է. Որ խոսեց մարգարեների միջոցով….»[1]:

Հոգեգալստով Սուրբ Հոգին մշտապես Եկեղեցու մեջ է, յուրաքանչյուր սրբազան Խորհուրդ, ժամերգություն, սրբագործություններ, օրհնություններ Սուրբ Հոգու ներգործությամբ ու զորությամբ են կատարվում:

Աստուծո Հոգու՝ Սուրբ Հոգու ներշնչմամբ, ներգործությամբ ու զորությամբ են գրվել Աստվածաշունչ Մատյանի բոլոր 75 գրքերը:

Սուրբ Հոգու առաջնորդությամբ ու զորությամբ է Եկեղեցին սահմանել Ընդհանրական Մեծ Ժամագրքի մեջ եղած բոլոր ժամերգությունները, Մեծ ու Փոքր Էվխոլոգիոնները (ծիսական Մաշտոցները), ընդհանրական պաշտամունքի մնացած գոլոր գրքերը:

Նույն Հոգու առաջնորդությամբ ու զորությամբ  են Եկեղեցու Հայրերը գրել իրենց գրվածքները՝ մեկնություններ, Վարք Սրբոցներ, շարականներ և այլն, առաքելական Հայրերից մինչև մեր օրերի Հայրերը՝ սբ. Նեկտարիոս Պենդապոլսեցի, սբ. Ղուկաս Ղրիմեցի, սբ. Հուստին Պոպովիչ, սբ. Նիկողայոս Վելիմիրովիչ, սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի, սբ. Պաիսիոս Աթոսացի և այլն:

Սուրբ Հոգու առաջնորդությամբ ու զորությամբ են տեղի ունեցել Առաքելական առաջին Ժողովը Երուսաղեմում, Տիեզերական բոլոր 7 ժողովները, Եկեղեցու կողմից Տիեզերական Ժողովների հեղինակությանը հավասար ճանաչված մյուս ընդհանրական ու տեղական ժողովները և այլն:

Եկեղեցու բոլոր Սրբերը՝ Հին Կտակարանից սկսած մինչև մեր օրերը, Սուրբ Հոգու պտուղներն են և կենդանի ներկայությունը Նրա պատմության մեջ:

Սուրբ Հոգու պտուղները բազմաթիվ են: Դրանցից կարևորագույնները թվարկում է Պողոս Առաքյալը. «….սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղ. 5, 22-23):

Սբ. Սերաֆիմ Սարովսկին ասում է, որ «մարդու կյանքի նպատակը Սուրբ Հոգին ձեռք բերելու մեջ է»:

Իսկ սբ. Ինոկենդիոս Մոսկվացին († 1879, հիշատակը՝ մարտի 31-ին), մասնավորեցնելով Սուրբ Հոգու առաքելությունը Եկեղեցու մեջ, նշում է.

  1. «Երբ Սուրբ Հոգին բնակվի մարդու մեջ, նրան հավատք է տալիս և լուսավորություն:
  2. Սուրբ Հոգին ծնում է մարդու սրտում ճշմարիտ սերը:
  3. Սուրբ Հոգին մարդուն նաև ուժ է տալիս, որպեսզի նա դիմադրի աշխարհի փորձություններին:
  4. Սուրբ Հոգին մարդուն տալիս է նաև իմաստություն:
  5. Սուրբ Հոգին շնորհում է ճշմարիտ ուրախությունը, սրտաբուխ երջանկությունը և անսասան խաղաղությունը:
  6. Սուրբ Հոգին է տալիս նաև ճշմարիտ խոնարհությունը:
  7. Սուրբ Հոգին է, ի վերջո, մեզ ուսուցանում ճշմարիտ աղոթքը»:

 

Այս ամենը տեղի է ունենում միայն Եկեղեցու մեջ, Հոգեգալստով սկսված, Սուրբ Հոգու զորությամբ և առաջնորդությամբ: Եկեղեցուց դուրս հնարավոր չէ ունենալ այս ամենը, որովհետև Եկեղեցուց դուրս Սուրբ Հոգի չկա: Հետևաբար, Սուրբ Հոգու բացակայության պայմաններում չկա նաև փրկություն:

 

Հայր Հերոնիմոս Մայիլյան

 

[1] Թարգմանությունը բնագրից և հեղինակային իրավունքը՝ Գևորգ Ղազարյանի:

 

 

Տոն Սուրբ Հոգու

 

www.orthodoxkyanq.org