/ Եկեղեցական տոներ / Կույրի կիրակի

Կույրի կիրակի

Կույրի կիրակի

 

Ընթերցումներ.

Առաք.: Գործք 16. 16-34

Ավետ.: Հովհ. 9. 1-38

 

Պենտեկոստարիոնի վեցերորդ կիրակին Քրիստոսի Եկեղեցին, ըստ ավետարանական ընթերցումի, կոչում է կույրի կիրակի: Այսօրվա ավետարանական հատվածի բովանդակությունն անհերքելի փաստ է, որ Քրիստոսը ոչ միայն կատարյալ մարդ էր, այլ նաև կատարյալ Աստված:

Քրիստոս Երուսաղեմով անցնելով՝ ի ծնե մի կույրի է հանդիպում: Տերը գետնին թքելով՝ կավ է պատրաստում և կավը ծեփելով կույրի աչքերին՝ նրան ուղարկում Սիլովամի ավազանում լվացվելու: Բժշկման այս եղանակը մեզ հիշեցնում է այն կարգը, թե Աստված ինչպես ստեղծեց մարդուն: Տերը Հին Կտակարանում հողից արարում է մարդուն, իսկ հիմա Քրիստոս ի ծնե կույրի աչքերն է բժշկում կրկին հողի միջոցով: Նույն Աստվածը փորձում է կույրի հավատքը՝ նրան Սիլովամի ավազան ուղարկելով: Հարգում է մարդու ազատությունը՝ ցանկանալով նրա կամավոր և ազատ մասնակցությունը հրաշքին: Կույրը հավատքով հնազանդվում է Աստծո հրամանին, գնում  է լվացվելու և բժշկված վերադառնում:

Սակայն բժշկված կույրի կյանքը չի հեշտանում: Նա դառնում է փարիսեցիների չարության ու ատելության նշանակետ, այսինքն՝ այն մարդկանց, որ նախանձախնդրորեն հավատում էին Աստծուն և Նրա օրենքի կատարմանը: Նրանք հարցաքննում են կույրին և փոխարեն իրենք էլ հավատան՝ կենդանի հրաշքն իրենց առջև տեսնելով, փակում են իրենց հոգու աչքերը: Նրանց կրոնական մոլեռանդությունը ոչ միայն փակում է իրենց հոգու աչքերը և անհետացնում հոգուց լույսը, այլև, ի վերջո, նրանց հեռացնում է նաև Աստծուց:

Կույրի ծնողները վախենում են հրաշքը խոստովանելուց, որ իրենց ի ծնե կույր զավակի  հետ կատարվեց, որպեսզի սինագոգից նրանց չվտարեն: Այսքան էր նրանց հավատքն ու ուրախությունը, որ վարպետորեն թաքցնում էին խոստովանելու մի ճշմարիտ դեպք. «…ինքն արդեն չափահաս է, հենց իրե՛ն հարցրեք»: Միգուցե Քրիստոս նրանց ծրագերը փչացներ, քանի որ նրանց ի ծնե կույր զավակը մուրացկանություն էր անում: Միգուցե նրանց հանգիստը խափաներ, քանի որ պետք էր ժողովարանում ներկայանային և հանցաքննվեին՝ այնտեղից վտարվելու վտանգով: Իսկ մենք՝ քրիստոնյաներս, որ ամեն օր Աստված մեզ բարեգործություն է անում, ամաչում կամ վախենում ենք Նրան խոստովանել մեր անհավատությունից դրդված: Մեր շահն Աստծուց վեր ենք դասում՝ ներքուստ հավատալով, որ Նա մեզ կհասկանա: Նա կհասկանա մեզ, բայց կտեսնի նաև մեր հավատքը և մեր կյանքի նախապատվությունները: Աստված կտեսնի նաև, թե ինչ աստվածներ ենք Իր տեղը դրել և, այդուհանդերձ, Իր ձևով չի դադարի մեզ հիշեցնելուց, որ Նա է աշխարհի լույսը:

Կույրի միայն մարմնի աչքերը չէ, որ բժշկվում են, այլև՝ հոգու: Նա ընդունում է Քրիստոսին ու երկրպագում Նրա աստվածությանը և չի վարանում այդ ճշմարտությունը արիաբար կրոնական առաջնորդների առջև խոստովանելուց: Միայն հավատքը բավական չէ, անհրաժեշտ է նաև հավատքի խոստովանությունը, որպեսզի Հիսուսի ճշմարիտ զավակները լինենք: Երբ խոստովանենք Քրիստոսին մարդկանց առաջ, Նա էլ, ըստ իր խոստման,  մեզ կխոստովանի Իր Հոր առաջ:

 

 

© www.orthodoxkyanq.org

 

 

Կույրի կիրակի

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com