/ Աստվածաշնչի մեկնություն / Զրույցներ Տերունական աղոթքի մասին

Զրույցներ Տերունական աղոթքի մասին

Զրույցներ Տերունական աղոթքի մասինԲՈՐԻՍ ԱՐՔԻՄԱՆԴՐԻՏ ԽՈԼՉԵՎ

(1895-1971 թթ.)

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ

(Շարունակություն)

ԽՆԴՐՎԱԾՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ

          Հիմա մենք Տերունական աղոթքի հինգերորդ խնդրվածքի մասին կզրուցենք. «Եւ թող մեզ զպարտիս մեր` որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց»:

            Առաջին չորս խնդրվածքները բացահայտում են մարդու գլխավոր առանձնահատկությունները, գլխավոր տարբերակիչ գծերը` եթե նա իր նշանակությանն է համապատասխանում, այսինքն` Ատուծո զավակ է:

            Բայց մարդն անկյալ էակ է. նա պետք է բարձրանա Աստուծո զավակ լինելուն: Դրա համար խոչընդոտներ ու դժվարություններ է պետք հաղթահարել, հոգևոր մարտ է հարկավոր: Աստուծո զավակ լինելու կոչումն իրականացնելու համար մարդն ի՞նչ խոչընդոտներ պիտի հաղթահարի:

            Դրա մասին վերջին երեք խնդրվածքներն են խոսում.

            «Եւ թող մեզ զպարտիս մեր` որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց»:

          Առաջին խոչընդորտը, որ մարդը պիտի հաղթահարի, առաջին դժվարությունը, որ մարդուն խանգարում է Աստուծո զավակ դառնալուն, իր մեղավոր անցյալն է: Մեզանից յուրաքանչյուրն անցյալ ունի, և այդ անցյալում նրա լուսավոր մասի հետ նաև մեղավոր, խավարին, մութ շատ բաներ կան: Մեղավոր անցյալը յուրաքանչյուրիս վրա ծանրացող առաջին խոչընդոտն է այն ճանապարհին, որով մարդն Աստուծո զավակ պիտի դառնա:

            Երբ մենք ինչ-որ վատ արարք ենք կատարում, երբ մեղավոր հակման ենք տրվում, աշխատում ենք ինքներս մեզ արդարացնել` ասելով. «Սա կանցնի, այս մեկն էլ ոչինչ, այն մյուսն էլ խնդիր չէ»: Մինչդեռ ոչ միայն որևէ գործ, այլև ամեն մի զգացմունք, ամեն մի միտք առանց հետքի չի անցնում. հենց դրանք էլ կազմում են մեր մեղսական անցյալը, որն անընդհատ մեղավոր նոր գործերով, մտքերով, զգացմունքներով է մեծանում: Մեղսական անցյալն ասես մի մեծ պարտք է, որ մեզ վրա է ծանրանում:

            Եթե մենք սրբերի կյանքին անդրադառնանք, ապա կտեսնենք, թե նրանք ինչպես են աշխատել իրենց մեղսական անցյալից ձերբազատվել. Կտեսենք, թե ինչ սարսափելի, չար, խավար զորություն է այդ մեղսական անցյալը, որ մեր հոգին ասես մամուլի մեջ է պահում, բազմաթիվ շոշափուկներով է բռնում և խանգարում է, որ մենք մարդկային բնականոն կյանքով ապրենք:

            Սբ. Մարիամ Եգիպտացու կյանքը մտաբերենք: Գիտեք, որ նա մեղավոր մի կին էր: Ավելին` նա մեղքերի մեջ խեղդվում էր, դրանցով անկման հատակին, եզրին էր հասել, բայց հետո առ Աստված դարձավ, կապը մեղքի հետ խզեց ու Աստուծո հետ և Աստուծո համար սկսեց ապրել: Մարիամը Հորդանանի անապատը հեռացավ: Սրբուհին իր մասին պատմել է: Նա ասել է, որ մեղսական անցյալը երկար տարիներ իրեն հանգիստ չէր տալիս, և ամենից առաջ` իր երևակայության միջոցով: Սբ. Մարիամի մտքում տարբեր պիղծ երազանքներ էին ծագում` իրենց ողջ գեղեցկությամբ, ողջ զորությամբ: Եվ դրանք ոչ թե ինչ-որ հպանցիկ պատկերներ էին, այլ կիզիչ երազանքներ, որ սրբուհուն Աստծուց և աղոթքներից հեռացնում էին, և դրանց հուրը նրա բռնկում էր: Մարիամի հոգում այդ երազանքների պատճառով անապատից հեռանալու և կրկին մեղավոր կյանքն սկսելու ձգտումներ էին առաջանում: Սբ. Մարիամն ասել է, որ ինքը մեղավոր երազանքների, զգացմունքների ու ձգտումների հետ ասես գազանների հետ մարտնչեր: Այդ երազանքները, զգացմունքներն ու ձգտումները ասես շոշափուկներ էին, որոնցով մեղսական անցյալն իրեն բռնում էր ու հետ քաշում: Դրանք ասես մամուլներ էին, որ սրբուհուն բռնել էին և խոչընդոտում էին առաջ` դեպի Աստված գնալուն: Այդպիսին էր մեծ սրբուհի Մարիամ Եգիպտացու պայքարը: Բայց մեզանից յուրաքանչյուրը մեղսական անցյալի դեմ պայքար ունի, մազանից յուրաքանչյուր ոք իր հոգում ունի բազմաթիվ մեղավոր բծեր, որոնք մեղքի լուծն են կազմում:

            Հարսանեկան սրահ մտավ մի մարդ, ով հարսանեկան զգեստով չէր: Նա սրահ մտնելու ցանկություն ուներ, բայց նրա զգեստը հարսանեկան չէր. մեղսական անցյալից նա չէր ձերբազատվել: Մեղքերի այդ մեծ պարտքը չեր ներվել, և այն զգեստը, որով մարդը սրահ մտավ, մեղավոր, պատռված, արյունոտված էր (Մատթ. ԻԲ,11):

            Տերունական աղոթքի «Եվ թող զպարտիս մեր» խնդրվածքը կարդալիս խնդրում ենք, որ երկնավոր Հայրը մեր վրայից մեղքերի լուծը վերցնի:

            Մի մեծ ճգնավորի հարցրեցին, թե ո՛րն է այն բանի նշանը, որ մեղքը մարդուն ներվել է: Ճգնավորը պատասխանեց. «Եթե մեղքը մարդու համար իր հրապուրանքն արդեն կորցրել է, եթե մեղքը մարդուն այլևս դեպի իրեն չի ձգտում, ապա դա նշանակում է, որ մեղքը մարդուն ներվել է»:

            Եթե մեղքը ներվել է, ապա դա չի նշանակում, որ մարդը լոկ դրա պատժից է ազատվել: Երբ մեր մեղքերի պարտքերը ներվում են, ապա մեր մեղսական անցյալը հատվում է, իր նշանակությունը, իշխանությունը կորցնում է, չի տանջում, մեզ վրա ոչ մի ազդեցություն չի ունենում: «Մարդուն մեղսական պարտքերը ներել» նշանակում է «անցայի իշխանությունից հոգևոր առումով նրան ազատագրել»: Ահա թե ինչ ենք մենք խնդրում: Եթե մենք ճշմարիտ քրիստոնեական ներքին կյանքով ենք ուզում ապրել, ապա մեղսական այդ պարտքից, անցյալի իշխանությունից ազատվելու նպատակը պիտի ունենանք:

            Մեղսական պարտքից հոգին ազատագրելու պայքարը երկկողմանի է. մի կողմից մարդկային ջանքն է, իսկ մյուս կողմից` Աստուծո շնորհը: Մարդը լոկ իր ջանքով չի կարող մեղսական պարտքերն իր վրայից վերցնել, մեղսական անցյալի հետ կապերը խզել: Դրա համար Աստուծո շնորհն այն մարդուն է տրվում, ով մեղսական անցյալի իշխանությունից ազատագրվելու համար պայքարում, ջանք է գործադրում:

            Եթե անդրադառնանք փորձառու սբ. ճգնավորներին, ովքեր քրիստոնեական կյանքի ուղով անցել են և մեղսական լուծը իրենց վրայից թոթափել, ապա իրենց կյանքում մի կողմից ջանքը, պայքարը կտեսնենք, իսկ մյուս կողմից` Աստուծո շնորհի մեծ ներգործությունը, որն իրենց վրայից մեղսական այդ լուծը թոթափում է, մեղսական պարտքերից ազատում:

            Ահա թե Տերունական աղոթքի «եւ թող մեզ զպարտիս մեր» խնդրվածքն ինչ է նշանակում: Բայց այդ խնդրվածքը երկրորդ կողմն էլ ունի: Գիտեք, որ այդ խնդրվածքը «որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց» բառերով է վերջանում: Ուրեմն մեր մեղսական լուծը որոշ պայմանով կարող է թոթափվել. եթե մենք էլ մեր պարտապաններին ենք ներում:

(Շարունակելի)

            Աղբյուր. Բորիս արքիմանդրիտ Խոլչև, Զրույցներ Տերունական աղոթքի մասին: Թարգմանությունը` Գ. Ղազարյանի, Եր., «Տիգրան Մեծ», 2012:

 © www.orthodoxkyanq.org