/ Աստվածաշնչի մեկնություն / Զրույցներ Տերունական աղոթքի մասին (5)

Զրույցներ Տերունական աղոթքի մասին (5)

Զրույցներ Տերունական աղոթքի մասին (5)

ԲՈՐԻՍ ԱՐՔԻՄԱՆԴՐԻՏ ԽՈԼՉԵՎ

(1895-1971 թթ.)

(Շարունակություն)

ԽՆԴՐՎԱԾՔ ՉՈՐՐՈՐԴ

    Այժմ խոսքը Տերունական աղոթքի չորրորդ խնդրվածքի մասին կլինի. «Զհաց մեր հանապազորդ տու՛ր մեզ այսօր»: Այս խնդրվածքի, ինչպես և ողջ Տերունական աղոթքի մեջ աստվածազգյաց և հոգեկիր Հայրերից շատերն են խորացել:

    «Զհաց մեր հանապազորդ տու՛ր մեզ այսօր» բառերի իմաստը պարզաբանելու համար նրանք Աստուծո և արարածների գոյության միջև առկա տարբերության մասին ճշմարտությունն են մեզ բացահայտել:

    Աստված գոյության և կյանքի աղբյուրն ինքն իր մեջ ունի: Աստված ոչ մի բանի կարիքը չունի. թե՛ գոյությունը, թե՛ կյանքը հենց նրա մեջ են ամփոփված: Նա գոյության և կյանքի աղբյուրն է: Իսկ Աստուծո բոլոր արարածներն իրենք իրենց մեջ կյանքի աղբյուրը չունեն: Նրանք ոչ միայն Աստծուց են կյանքի կոչված, այլև իրենց կյանքում Աստուծո և մեկը մյուսի կարիքն ունեն: Արարածների գոյությունն Աստուծո գոյությունից դրանով է տարբերվում:

    Ամենապարզ օրգանիզմը` բույսը, ապրելու համար կենսական էներգիա ստանալու, համապատասխան միջավայրի կարիքն ունի: Որևիցե բարդ կենդանական օրգանիզմ վերցրեք: Նույնիսկ կենդանական գերագույն օրգանիզմը` մարդկային մարմինը, առանց համապատասխան միջավայրի, առանց կենսական էներգիայի հոսքի չի կարող ապրել. թե՛ սննդի, թե՛ ջերմության, և թե՛ լույսի կարիքն ունի: Սա վերաբերվում է նյութական օրգանիզմներին: Իսկ Աստուծո գերագույն արարածները` հրեշտակային Զորությունները, որ նյութական մարմին չունեն, նրանք էլ առանց կենսական էներգիայի հոսքի չեն կարող ապրել. նրանք կարող են ապրել միմիայն Աստծուց շնորհական, հոգևոր էներգիա ստանալով:

    Երբ Տերունական աղոթքի չորրորդ խնդրվածքով ասում ենք. «Զհաց մեր հանապազորդ տու՛ր մեզ այսօր», ապա «հաց» ասելով` ամենից առաջ հասկանում ենք այն, ինչն անհրաժեշտ է մեր մարմնի կյանքը պահելու համար: Մեր մարմինը շրջակա միջավայրից կենսական էներգիա ստանալու կարիքն ունի: Հացը, որի մասին չորրորդ խնդրվածքում է հիշատակվում, ոչ միայն բառիս բուն իմաստով «հաց» է նշանակում, այլև այն բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք մարմնի կյանքի համար են հարկավոր: Բայց մեր հոգին մարմնից վեր է, և դրա համար էլ այն, ինչն անհրաժեշտ է հոգու համար, վեր է նրանից, ինչը մեր մարմնի համար է անհրաժեշտ:

    Հիշեցե՛ք Փրկչի խոսքը. «Մարդը միայն հացով չի ապրի, այն ամեն մի խոսքով, որ Աստուծո բերանից է ելնում» (Մատթ. Դ, 4): Տերը մատնանշեց, որ մարդը հացի` ոչ միայն որպես մարմնական կերակուրի, այլ նաև` որպես Աստուծո խոսքի կարիքն ունի: Ի՞նչ է Աստուծո խոսքը և մեր հոգու սնման համար այն ինչու՞ է անհրաժեշտ: «Աստուծո խոսք» ասելով հասկանում ենք այն ամենը, ինչ որ Աստված ինքն իր, աշխարհի և մեր մասին է մեզ հայտնել: Մարդկային միտքը սահմանափակ է և Աստուծո կողմից հայտնության կարիքն ունի: Այն ամենը, ինչն Աստված է հայտնում, «Աստուծո խոսք» է կոչվում: Աստուծո խոսքը մարդկային խոսքից տարբերվում է, այն շնորհական զորություն ունի, որն անմիջականորեն, անկախ մեր գիտակցությունից, կարող է մեր հոգու վրա ազդել: Աստուծո շնորհական զորությունը կարող է մեր հոգին լուսավորել, մտքին անհասանելի մեծ խորհուրդներ հայտնել:

    Եկեղեցում աստվածապաշտության զգալի մասն Աստուծո խոսքից է բաղկացած: Եվ եթե ուշադիր ենք լինում այն ամենին, ինչը որ տաճարում ընթերցվում է, ապա մեր հոգին հոգևոր, շնորհական լույսով է լուսավորվում, հոգևոր կերակուրով է սնվում: Սբ. Ավետարանում մենք ոչ թե մարդկային, այլ հենց Քրիստոսի խոսքերին ենք հանդիպում: Իսկ Քրիստոսի խոսքերը մեծագույն նշանակություն ունեն և զորավոր ազդեցություն են թողնում նրանց վրա, ովքեր դրանք ընկալում են: Չնայած նրան, որ Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքից արդեն երկու հազար տարի է անցել, նրա խոսքերը հիմա էլ են ներգործող, քանզի Տերը հավիտենական է: Երբ սբ. Ավետարանն ընթերցվում է, ապա անձամբ Տեր Հիսուս Քրիստոսն է ներկա, և նա է խոսում: Դրա համար էլ Աստուծո խոսքը մեր հոգին պայծառակերպող և սրբացնող շնորհական մի զորություն է: Ահա թե ինչու յուրաքանչյուր քրիստոնյա սբ. Ավետարան պիտի ունենա և օրվա ընթացքում այն թեկուզ մի քիչ պետք է ընթերցի:

    Ահա մեծատառով Կերակուրի տեսակներից մեկը, որի մասին Հիսուս Քրիստոսն Ավետարանում ասում է. «Մարդը միայն հացով չի ապրի, այլ ամեն մի խոսքով, որ Աստուծո բերանից է ելնում»: Բայց սբ. Ավետարանում Տեր Հիսուս Քրիստոսը մարդու հոգու համար անհրաժեշտ մեկ այլ Կերակուրի մասին էլ է խոսում: Եթե կարդացել եք Հովհաննեսի սբ. Ավետարանը, ապա դուք ուշադրություն եք դարձրել այն բառերին, որ Տեր Հիսուս Քրիստոսն ասաց այն բանից հետո, երբ մի մեծագույն հրաշք կատարեց: Նա ասաց. «Ինձ փնտրում եք ոչ թե, քանի որ ինչ-որ հրաշք տեսաք, այլ քանի որ կերաք այն հացից և հագեցաք: Գնացեք, ոչ թե կորստյան կերակուրի համար ջանացեք, այլ այն կերակուրի, որ հավիտենական կյանքում է մնում» (Հովհ. Զ, 26-27): Եվ հետո ասում է. «Քանզի Աստուծո հացն է նա, որ երկնքից է իջնում և աշխարհին կյանք է տալիս» (Հովհ. Զ, 33):

    Իսկ ո՞րն է այդ Հացը:

    Տեր Հիսուս Քրիստոսը հոջորդող խոսքերով մի մեծ խորհուրդ է բացահայտում. նա ասում է, որ երկնքից իջած և աշխարհին կյանք տվող Աստուծո Հացը հենց ինքն է. «Ես եմ կյանքի հացը» (Հովհ. Զ, 35): Եթե Տեր Հիսուս Քրիստոս ինքն իրեն կյանքի հաց է անվանում, ապա դրանով նա ցույց է տալիս, որ առանց այդ հացի մենք չենք կարող ապրել: Ինչպես որ որևէ կենդանի բան առանց արեգակի չի կարող ապրել, այնպես էլ որևիցե հոգևոր բան չի կարող ապրել առանց սնվելու այն Հացով, որ Փրկիչն է:

    Ինչպե՞ս մենք կարող ենք մեծատառով այդ Հացով սնվել: Ինչպե՞ս կարող ենք սնվել այն Հացով, որի մասին Տեր Հիսուս Քրսիտոսն ասում է, որ այդ Հացը հենց ինքն է: Սա մի մեծ գաղտնիք է: Եվ Քրիտոսի Մարմնի և Արյան Հաղորդության Խորհրդի մեջ է այն կատարվում: Անձամբ Տեր Հիսուս Քրիստոսն է այդ մեծ Խորհուրդը հաստատել: Հիսուս Քրիսոսը, երկրի վրա ապրելով, հասարակ մարդու պես էր և այլ մարդկանցից արտաքին ոչ մի տարբերություն չուներ: Նա նույն մարմինն ուներ` ինչ որ մարդը, բայց այդ մարնինն ասես մի քող լիներ, որի հետևում նրա Աստվածությունն էր ծածկված: Ճիշտ այդպես էլ Հացի և Գինու տեսքով մենք Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Մարմինն ու Արյունն ենք ընդունում: Ճիշտ այդպես, երբ մենք Մարմնին և Արյանն ենք հաղորդվում, մեր ողջ էությունը Տեր Հիսուս Քրիստոսի հոգու հետ սերտ հաղորդակցության մեջ է մտնում, քանի որ Տեր Հիսուսի հոգին նրա Մարմնի և Արյան մեջ է: Իսկ Տեր Հիսուս Քրիստոսի հոգու հետ հաղորդակցության մեջ մտնելով` աստվածային Էության հաղորդակիցներն ենք դառնում: Մեզանից շատերն իրենց հոգևոր կենսափորձով զգում են, որ Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը հիրավի կենարար, աստվածային զորություն է: Հաղորդությունից անմիջապես հետո մարդն իր հոգում Աստուծո մեձավորությունն է զգում. կրքերը, պիղծ մտքերը, երազանքները լռում են: Մարդն ասես իշխանություն է ստանում իր մտքերի և զգացմունքների վրա: Դա այն բանի վկայությունն է, որ Աստուծո Մարմինն ու Արյունը կյանքի ճշմարիտ Հացն է և, հաղորդվելով, մենք Տիրոջ հետ անմիջական հաղորդակցություն ենք ունենում:

    Շատերն են զգացել, թե ինչպես են չար ոգին, խավարի ուժերը խոչընդոտել Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելուն: Երբ մարդը սբ. Հաղորդությանն է պատրաստվում, հաճախ ներքին ու արտաքին բազմաթիվ խոչընդոտներ են առաջանում: Օրինակ` սառնություն, անզդայություն է առաջանում, կրքերը գլուխ են բարձրացնում, մտքում տարբեր հարցեր են ծնվում:

    Իսկ Հաղորդությունից հետո խավարի ուժերը հաճախ աշխատում են խոչընդոտել այն Խորհրդի պտուղների ընդունմանը, մարդուն կամ շատախոսության, կամ էլ քնկոտության են դրդում: Չար զորությունը հաղորդվողներին խոչընդոտում է, որ նրանք սբ. Խորհուրդների զորությունն զգան: Չար զորությունը սբ. Խորհուրդներից` կյանքի Հացից վախենում է, սարսափում, որովհետև սբ. Խորհուրդները մեծ զորություն ունեն, մեծ հուր են:

    Իսկ երբ մենք հաղորդվում ենք, ինքներս մեզ պետք է հսկենք, դատարկախոսության կամ քնկոտության չպիտի տրվենք, պետք է մեր հոգում առանձնանանք, թեկուզ որոշ ժամանակ ինքներս մեր մեջ լինենք, մնանք նրա հետ, ով մեր հոգու մեջ է մտել: Ինչպես որ քրիստոնյան չի կարող քրիստոնյա լինել, եթե Աստուծո խոսքով չի սնվում, ճիշտ այդպես էլ քրիստոնյան չի կարող քրիստոնյա լինել, եթե Քրիստոսի Մարմնով և Արյամբ չի կերակրվում:

    Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված առաջին թղթում ասում է, որ Մարմնի և Արյան Խորհուրդը մինչև Երկրորդ գալուստը պիտի կատարվի, ինչպես որ Եկեղեցին էլ մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը պիտի գոյություն ունենա: Քրիոստոնյաները մինչև համաշխարհային պատմության վերջը Քրիստոսի Մարմնով և Արյամբ պիտի սնվեն: Եթե քրիստոնյան Հաղորդությունից հեռանում է, ապա կյանքից հեռանում և հավիտենական մահվան կողմն է անցնում:

    Ընդհանուր առմամբ չի կարելի որոշել, թե մարդը որքան հաճախ պետք է հաղորդվի: Դա պարագաներից է կախված: Ոմանք կարող են հաճախակի հաղորդվել, բայց եթե բարենպաստ արտաքին և ներքին հանգամանքներ չունեն, ապա ավելի հազվադեպ են հաղորդվում: Մենք պետք է խոստովանահոր խորհրդին թողնենք, թե որքան հաճախ պետք է հաղորդվենք: Ինքներս մեզ համար հաղորդության ժամկետներ չպիտի նշանակենք: Սա առաջին: Իսկ երկրորդը` սբ. Խորհուրդների ընդունմանը մենք պիտի նախապատրաստվենք: Եթե խոստովանահոր օրհնությամբ որոշենք հաղորդվել, ապա մի քանի օր պիտի նախապատրաստվենք` ինքներս մեր մեջ առանձնանալով: Այն ժամանակ մենք ոչ միայն կհավատանք, որ սբ. Խորհուրդները հոգին պայծառակերպում են, այլ դրանց զորությունը մեր մեջ կզգանք:

    Երկրավոր կյանքի ընթացքում ոչ միայն նյութական, այլև հոգևոր Հացով սնվելով, մահվան ժամին հասնելու պես մենք մի այլ աշխարհ կփոխադրվենք, որ կյանքի այդ Հացով է հագեցված. ամեն:

(Շարունակելի)

Աղբյուր. Բորիս արքիմանդրիտ Խոլչև, Զրույցներ Տերունական աղոթքի մասին: Թարգմանությունը` Գ. Ղազարյանի, Եր., «Տիգրան Մեծ», 2012:

 © www.orthodoxkyanq.org