/ Աստվածաշնչի մեկնություն / Զրույցներ Տերունական աղոթքի մասին (2)

Զրույցներ Տերունական աղոթքի մասին (2)

182003_296901980421070_1615353231_n

ԲՈՐԻՍ ԱՐՔԻՄԱՆԴՐԻՏ ԽՈԼՉԵՎ

(1895-1971)

ԶՐՈՒՅՑՆԵՐ  ՏԵՐՈՒՆՈՒԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ

 

(շարունակություն)

ԽՆԴՐՎԱԾՔ ԱՌԱՋԻՆ

 

            Անցյալ անգամ զրուցում էինք այն աղոթքի մասին, որն անձամբ  Տեր Հիսուս Քրիստոսը սովորեցրեց. այն աղոթքի, որը «Հայր մեր, որ յերկինս ես» բառերով է սկսվում:

            Այս աղոթքի առաջին բառերի մասին խոսելով` տեսանք. դրանցով բացահայտվում է մի մեծ ճշմարտություն, որը ողջ քրիստոնեական աշխարհայացքի և քրիստոնեական կյանքի հիմքում է ընկած: Տերունական աղոթքի այս բառերով բացահայտվում է, որ Աստված բոլոր արարածների Հայրն է, որ ողջ տիեղերքը` թե՛ տեսանելի, թե՛ անտեսանելի, Աստուծո մեծ ընտանիքն է. որ հոգևոր աշխարհը` հրեշտակային Զորությունները, մեր ավագ եղբայրներն են, իսկ մենք բոլորս Աստուծո երեխաներն ենք:

            Այս աղոթքն Աստուծո, աշխարհի և միմյանց նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքի վրա լույս է սփռում: Այս ճշմարտությունը կյանքի հիմական օրենքն է սահմանում:

            Աղոթքի առաջին բառերով մենք կանչում ենք երկնավոր Հորը, դիմում ենք նրան, իսկ հետո գալիս են մեր խնդրվածքները` այն ամենը, ինչի մասին որ մենք խնդրում ենք Աստծուն:

            Խնդրվածքները յոթն են.

  1.     Սուրբ եղիցի անուն քո:
  2.     Եկեսցէ արքայութիւն քո:
  3.    Եղիցին կամք քո, որպէս յերկինս` և յերկրի:
  4.    Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր:
  5.     Եվ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց:
  6.     Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն:
  7.     Այլ փրկեա զմեզ ի չարէն:

    Իսկ վերջում աղոթքի ամփոփիչ բառերն են:

    Այժմ Տերունական աղոթքի առաջին խնդվածքի մասին կզրուցենք. «Սուրբ եղիցի անուն քո»:

    Դուք գիտեք, որ Աստված ինքնին Սուրբ և Ամենասուրբ է: Եվ եթե անգամ ո՛չ մարդկային ցեղը գոյություն ունենար, և ո՛չ էլ հրեշտակային Զորությունները, ապա միևնույն է` Աստված միշտ էլ Սուրբ և Ամենասուրբ կլիներ: Աստված ոչ միայն Սուրբ է, այլև բոլոր արարածների համար սրբության աղբյուրն է: Ամեն մի սրբություն, ամեն մի սուրբ բան նրանից է բխում, ամեն մի սուրբ բան նրանով է սրբացվում: Աստված սրբության սկիզբն է, Աստված սրբության աղբյուրն է:

    Դեռևս Հին Կտակարանում Աստված, մարդկանց դիմելով, ասում էր. «Սուրբ եղեք, քանզի սուրբ եմ Ես` ձեր Տեր Աստվածը» (Ղևտ. ԺԹ, 2: Ի, 7): Այս խոսքերը նաև Պետրոս առաքյալն է իր առաջին ընդհանրական թղթում մեջբերում (Ա Պետ. Ա, 16):

    Եթե մարդն ունի երկնավոր Հոր կենդանի գիտությունը, նրա սրբության շնորհական զգացումը, երկնավոր Հորը նմանվելու ցանկության մշտական ձգտումը, ապա այդ մարդու մեջ Աստուծո անունը փառավորվում է և սուրբ լինում: Իսկ եթե մարդը իր երկնավոր Հորը մոռացել է, եթե մարդու սրտի մեջ Աստուծո սրբության հանդեպ ոչ մի երկյուղածություն չկա, եթե մարդ երկնավոր Հորը նմանվելու ձգտում չունի, ապա այդ մարդու մեջ Աստուծո անունն անարգվում է, հայհոյվում:

    Այսպիսով, Տերունական աղոթքի առաջին խնդրվածքի մեջ մենք խնդրում ենք, որ Աստված մեր միտքն իր սրբության գիտությամբ լուսավորի, որ մեր սիրտն իր սրբության շնորհական զգացումով տյառնագրի, մեր կամքն իրեն` երկնավոր Հորը նմանվելուն ուղղի:

    Ահա թե ինչ է նշանակում «սուրբ եղեցի անուն քո»:

    Մենք սրբերի հոգևոր կատարելությանն ենք նայում, և մեր մեջ հարց է ծագում, թե ինչից պիտի սկսենք, ինչպես պիտի Աստուծո զավակ դառնանք, ինչ պետք է անենք, որ մեր սրտերում էլ Աստուծո անունը փառավորենք:

    Եթե մենք դիմենք սբ. Ճգնավորների գրվածքներին, ապա դրանք ասում են, որ Աստուծո անունը փառավորելու առաջին աստիճանն Աստուծո երկյուղն է:

    Հին Կտակարանում ասված է. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առ. Ա, 7): Հիշենք նաև սաղմոսերգուի խոսքերը. «Ծառայեցեք Տիրոջը երկյուղով և Նրա առջև դողությամբ ցնծացեք»  (Սաղմ. Բ, 11): Կամ` «Եկեք, որդիներ իմ և լսեցեք ինձ, և Տիրոջ երկյուղը ձեզ կուսուցանեմ »  (Սաղմ. ԼԳ, 12):

    Սբ. Հայրերի գրվածքներում Աստուծո երկյուղին մեծ ուշադրություն է հատկացվում: Եթե վերցնենք այն գիրքը, որը «քրիստոնեական կյանքի այբուբեն» կարելի է անվանել` սբ. Աբբա Դորոթեոսի «Հոգեշահ ուսուցումները» կամ սբ. Հովհաննես Կղեմաքոսի «Սանդուղքը», ապա դրանք ասում են, որ փրկվել, Աստուծո զավակներ դառնալ ցանկացողները պետք է Աստուծո երկյուղին վարժվեն:

    Աստուծո երկյուղը կյանքի պատասխանատվությունը գիտակցելն ու զգալն է. գիտակզցումն այն բանի, որ կյանքը մարդուն Աստված է տվել, և մարդն Աստուծո առջև պատասխանատու է այն բանի համար, թե իր կյանքն ինչպես կանցկացնի:

    Աստուծո երկյուղի ազդեցությամբ մարդն սկսում է Աստուծո պատվիրանները կատարել: Աստուծո երկյուղից է սկսվում Աստուծո անվան փառավորումը:

    Եթե մարդն Աստուծո երկյուղից սկսի, եթե նա Աստուծո առջև իր ողջ կյանքի համար պատասխանատվության զգացումը խորացնի, ապա այդ ամենը մարդուն կստիպի գործել, աշխատել Աստուծո կամքը կատարելու, Աստծուն նմանվելու: Իսկ երբ մարդն սկսի Աստուծո կամքը կատարել, սկսի Աստծուն նմանվել, ապա նրա սրտում երկնավոր Հոր հանդեպ որդիական երկյուղածությունը կաճի:

    Աստուծո երկյուղն առաջին աստիճանն է, «իմաստության սկիզբը», իսկ վերջին աստիճանը երկնավոր Հոր անվան որդիական փառավորումն է: Եվ եթե մենք իսկապես ուզում ենք փրկվել, ուզում ենք Աստուծո զավակներ լինել, ապա պետք է Աստուծո երկյուղից սկսենք:

     «Սուրբ եղիցի անուն քո» նշանակում է «քո անունը մեր մեջ թող փառավորվի»: Աստուծո անվան փառավորման գերագույն աստիճանը երկնավոր Հոր հանդեպ որդիական վերաբերմունքն է:

    Սբ. ճգանվորները մի շարք ցուցումներ են տալիս, թե մեր հոգու մեջ Աստուծո երկյուղն ինչպես է պետք զարգացնել:

    Այսպես` աբբա Դորոթեոսի գրքում հետևյալ խրատն ենք գտնում. «Նա, ով ուզում է իր հոգում Աստուծո երկյուղը զարգացնել, պետք է ամեն օր նախևառաջ հիշի այն բանի մասին, թե մահվանն ինչ է հաջորդում, այսինքն` Դատաստանի և Աստուծո կամքը խախտողների հավիտենական պատժի մասին: Եթե մենք հիշենք, որ երկրի վրա ժամանակավոր ենք ապրում, որ մենք ստիպված կլինենք այլ կյանք փոխադրվել և Աստուծո կամքը չկատարելու համար մեծագույն պատասխանատվությունը կկրենք, ապա մեր հոգում մահվան այդ հիշատակը Աստուծո նկատմամբ երկյուղը կծնի»:

    Սա Աստուծո երկյուղը զարգացնելու առաջին միջոցն է: Երկրորդ միջոցն այն է, որ ամեն օր` երեկոյան քուն մտնելուց առաջ, ստուգես ինքդ քեզ, թե անցնող օրն ինչպես ես ապրել, անցնող օրվա հիմնական առանձնահատկությունները հիշես, հիշես, թե Աստուծո պատվիրաններն ինչում ես խախտել: Պետք է ոչ միայն հիշես, թե ինչ վատ բան ես արել, այլև զղջաս ու վճռես հետագայում մեղքից հեռու մնալ:

    Ապա սբ. Դորոթեոսն ասում է, որ եթե ուզում ես Աստուծո երկյուղին վարժվել, ապա ապրիր այն մարդու հետ, ով Աստուծո երկյուղով է ապրում:

    Եթե մենք սկսենք մտերմանալ այն մարդկանց հետ, ովքեր ուշադիր են իրենց հանդեպ, ապա նրանցից Աստուծո երկյուղին վարժվել կսովորենք: Մի հոգին մյուսի վրա ազդում է. եթե մարդն Աստուծո երկյուղն ունի, ապա նրա հոգուց Աստուծո երկյուղը կարող է մեր հոգու մեջ ներթափանցել:

    Այսպիսով, Աստուծո երկյուղը զարգացնելու առաջին ուղին մահվան մասին խորհելն է, երկրորդ ուղին` անցած օրվա իրադարձություններն ամեն օր քննելը, երրորդ ուղին` Աստուծո երկյուղն ունեցող մարդկանց հետ մտերմություն անելը:

    Սբ. Հայրերը ևս մեկ ուղի, գործնական միջոց են ցույց տալիս, թե մարդն իր հոգու մեջ Աստուծո երկյուղը ինչպես կարող է զարգացնել:

    Սբ. Աբբա Դորոթեոսն ասում է, որ եթե մենք ուզում ենք Աստուծո երկյուղին վարժվել, ապա մեր մերձավորների հետ կամայական վարվելակերպը պիտի դադարեցնենք:

    Եթե նայենք, թե մենք ինչպես ենք մեր մերձավորներին վերաբերվում, ապա կտեսնենք, որ մեզանից շատերն են կամայական վարվելաձևով վարակված:

    Այդ վերաբերմունքը հոգու միջից արմատախիլ է անում Աստուծո երկյուղը, արթմնիությունը և փրկության մասին հոգատարությունը:

    Այսպիսով, եղբայրնե՛ր, մեզ վրա մի մեծ պարտականություն է ընկած. որ մեր կյանքում Աստուծո անունը փառավորենք, սրբացնենք. որ երկնավոր Հորը նմանվենք: Իսկ դրա համար հոգու մեջ Աստուծո երկյուղը զարգացնելու մասին պետք է հոգ տանենք: Պետք է այն ճանապարհով գնանք, որով սբ. Հայրերն են գնացել:

    Ամեն:

    (շարունակելի)

© www.orthodoxkyanq.org

 

Թարգմանությունը ռուսերենից` Գ. Ղազարյանի