/ Խրատանի Սրբոց / «Քրիստոս Աստված, երկրպագում ենք չարչարանքներիդ»

«Քրիստոս Աստված, երկրպագում ենք չարչարանքներիդ»

 «Քրիստոս Աստված, երկրպագում ենք չարչարանքներիդ»

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

-Գե՛րոնդա, ինչպե՞ս ձեռք  բերեմ  բարեպաշտություն Քրիստոսի չարչարանքների նկատմամբ:

-Նախ, մտածիր Քրիստոսի զոհաբերության մասին և քո ապերախտության ու մեղավորության մասին: Համապատասխան մի հայրաբանական ընթերցվածք էլ քեզ քիչ կօգնի: Սակայն հենց Չարչարանքը` Տիրոջ զոհաբերությունն է, որ քեզ ավելի շատ կօգնի: Քրիստոս չուսուցանեց պարզապես որոշ բաներ, այլ զոհաբերվեց մարդկային ցեղի համար, խաչվեց, համբերեց այդքան:

-Գե՛րոնդա, խաչի մահը անա՞րգ մահ էր:

-Այո՛, ամենաանարգը: Ահավո՜ր է: Բոլոր Մարգարեները Քրիստոսի մասին մարգարեանան, և ի վերջո հրեաները Նրան գանակոծեն, թքեն Նրա վրա, ծաղրեն Նրան, Նրան խաչե՜ն: Այս բոլորը մարդուն ցնցում են, եթե դրանց մասին մտածի: Անգամ ամենաանտարբերի մոտ, եթե մի քիչ լավ տրամադրվածություն ունենա ու մտածի դրանց մասին, հոգևոր հետաքրքրություն են առաջացնում:

-Գե՛րոնդա, Ավագ Հինգշաբթի գիշերը՝ Չարչարանաց ժամերգությունից հետո, եկեղեցում չեմ մնում:

-Ափսո՜ս. ես էլ կարծում էի, թե մի քիչ բարեպաշտություն ունես: Լավ, Ավագ Հիգշաբթի գիշերը եկեղեցում չե՞ք մնում: Խաչյալին մենա՞կ եք թողնում ու ձեր խցե՞րը գնում:

-Գե՛րոնդա, քույրերի մեծ մասը եկեղեցում են մնում, բայց ես այն մտքով, որ արտաքնահայաց եմ և չեմ կարողանալու կենտրոնանալ, խցումս եմ հսկում կատարում:

-Եթե այդպես է, բարի: Խցումդ Խաչելության մի սրբապատկեր ունեցիր և ասա. «Տե՛ր, փա՜ռք Խաչելությանդ» և «Ամենասրբուհի՜ Աստվածածին, երկրպագում ենք Որդուդ Չարչարանքներին»: Զուգահեռաբար արա այնքան երկրպագություն (գետնատարած), որքան կարող ես: Մարդը պետք է այդ օրով ապրի: Ես Ավագ Ուրբաթին խցումս եմ փակվում, որպեսզի նրանով ապրեմ:

-Գե՛րոնդա, այս տարի Ավագ Ուրբաթին ոչինչ չկերա և գիշերը` Թաղման Կարգին (Ժամերգությանը) չէի կարողանում ոտքի կանգնած մնալ: Եթե անհրաժեշտ բարեպաշտությունը ունենայի Տիրոջ Չարչարանքների նկատմամբ, կհասնեի՞ այդ վիճակին:

-Այդ պայքարն էլ լավ էր: Էդպիսի օրով մարդ ո՞նց ուտի: Եթե մեկը չի դիմանում, թող մի քիչ պաքսիմատ ուտի: Հնում վանքերում միայն հիվանդ կամ ծեր մեկը ուշ երեկոյան մի բաժակ թեյ էր խմում պաքսիմատով: Ոմանք այդ օրը քացախ են խմում, որովհետև հրեաներն այդ օրը լեղի ու քացախ տվեցին Քրիստոսին խաչի վրա[1]: Երբ Ֆիլոթեոսի վանք[2] գնացի, առաջին Ավագ Շաբաթվա ընթացքում ոչինչ չկերա: Ավագ Ուրբաթին, քանի որ լսել էի, որ ոմանք սովորություն ունեն քացախ խմելու, ես էլ խմեցի: Սակայն շատ թունդ էր և ուշագնաց գետնին ընկա:

-Գե՛րոնդա, ինչու՞ Ավագ Շաբաթվանը կարողանում եմ Եռօրյա[3] պահել, մինչդեռ մյուս օրերին դժվարանում են ժուժկալել:

-Ավագ Շաբաթը Քրիստոսի Չարչարանքի համար ցավն է: Եթե մահանա, ենթադրենք, քեզ սիրելի մեկը, կարո՞ղ է միտքդ կերակուրի վրա լինի: Այդ ժամանակ ո՛չ միայն ուտել չես կարողանում, այլև ջուր խմել:

-Գե՛րոնդա, այս տարի «Ներբողը»[4] երգեցինք` քաղելով «Ամբիծքը[5]»:

-Լսեցի: Սակայն ուզում եմ, որ ինձ ճիշտն ասեք: Երբ սաղմոսում էիք, մտքներդ Քրիստոսի՞ն էր, Վարշամակի՞ն: Որովհետև քույրն էլ, որ «Ամբիծքի» տունն էր երգում, և մյուս երգող քույրերն էլ, կարծես, տարված լինեին: Ինչու՞. որովհետև ինչ-որ նոր բա՞ն էիք ասում: Դա ամբողջովին աշխարհիկ է: Հասկանու՞մ եք: «Ներբողը» թաղման Ո՜ղբ է կոչվում: Ո՜ղբ է: Մյուս երգերի ժամանակ միտքը կարող է մի քիչ էլ հեռանալ, սակայն այստեղ Քրիստոսին տանջեցին, գանակոծեցին, թքեցին Նրա վրա, խաչեցին և հիմա թաղումն է: Եթե այս օրն էլ հոգին չի զգում այն, ինչ երգում է, այդժամ ի՞նչ ասեմ:

-Գե՛րոնդա, Աթոսում Ավագ Ուրբաթին զանգերը տխու՞ր են ղողանջում:

-Զանգերը ղողանջում են, երբ Վարշամակն է դուրս գալիս:

-Գե՛րոնդա, ամբողջ օ՞րն են ղողանջում:

-Ի՞նչ իմանամ: Ես հոգ եմ տանում, որ սիրտս ղողանջի՜:

 

«Քրիստոս Աստված, երկրպագում ենք չարչարանքներիդ»

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος ΣΤ΄, Περί Προσευχής, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2012.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

© www.orthodoxkyanq.org

[1] Տե՛ս Մատթ. 27, 34, Հովհ. 19, 28-29:

[2] Աթոս Լեռան 20 կենտրոնական վանքերից:

[3] Եռօրյա (հուն.՝ Τριήμερο). երեք օր հրաժարում ջրից ու կերակուրից: Սովորաբար այդպես են պահքը սկսում Մեծ Պահքի առաջին օրերին:

[4] Հուն. «Εγκώμια Επιταφίου»` «Ներբող Թաղման» է կոչվում 185 կարճ տներից բաղկացած շարականների ամբողջությունը, որը երգվում է 118-րդ Սաղմոսի հետ միասին, երեք փուլով, Ավագ Շաբաթ օրը` Առավոտյան ժամերգությանը, Քրիստոսի պատանքի և թաղման պատկերով Վարշամակի առաջ:

[5] 118-րդ Սաղմոսը: Եկեղեցական հնավանդ կարգի համաձայն, «Ներբողը» երգվում է «Ամբիծքի» հետ միասին, այսինքն` «Ներբողի» յուրաքանչյուր տնից առաջ «Ամբիծքի» մեկ տուն է երգվում:

 

 

«Քրիստոս Աստված, երկրպագում ենք չարչարանքներիդ»

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com