/ Վարք Սրբոց / Ովքե՞ր են սրբերը

Ովքե՞ր են սրբերը

 Ովքե՞ր են սրբերը

 

Պրոֆ. Ստիլիանոս Պապադոպուլոս

(Գերասիմոս վանական, 1933-2012 թթ.)

 

    Այն, ինչին պետք է ուշադրություն դարձնենք սրբերի պարագային, ինչը սրբության վերջին չափանիշն է, այն է, ինչը որ Եկեղեցու Հայրերը… «համարձակություն» են անվանում. թե այս կամ այն մարդն Աստծո առջև իրապես սուրբ է, կհամոզվենք, երբ տեսնենք, որ նրա համարձակությունը ներգործում է: Երբ Եկեղեցու ընտրյալ անդամը ննջել է (խաղաղ մահով, կամ մարտիրոսությամբ) և իր ննջումից հետո առ Աստված համարձակություն ունի, այսինքն` Աստված նրան շնորհ է տվել` մեզ համար որևէ բան խնդրելու, և դա իրականանոմ է, այնժամ մենք ապահով ենք, վստահ ենք, որ Աստված այդ ընտրյալ անդամին իրապես ընտրել է` հաղթնակած Եկեղեցում որպես սուրբ ծառայելու ի շահ մեզ` մարդկանցս: Այսպես ենք իմանում, թե ննջեցյալ բարի և ուղղափառ քրիստոնյաներից Աստված ու՛մ է սուրբ «կարգել»` մեզ ծառայելու, սպասավորելու համար, այսինքն` ու՛մ կարող ենք դիմել խնդրանքներով:

     Եկեղեցու մեծ աստվածաբանները` Հայրերն ու վարդապետները, զբաղվել են այս խնդրով, ինչպես օրինակ 4-րդ դարի վերջում` սբ. Ոսկեբերանը… Տպավորիչ է այն, որ սբ. Ոսկեբերանը, մարտիրոսների մասին մասնավորապես և սրբերի մասին ընդհանրապես խոսելիս, նրանց պարագային առաջնահերթ փնտրում է համարձակությունը, ձգտում է նշել, որ Աստծո առջև նրանք համարձակություն ունեն` հօգուտ մեզ: Հետագայում…11-րդ դ. սբ. Սիմեոն Նոր Աստվածաբանը խոսում է սրբի անաղարտ, ճիշտ, ուղղափառ հավատքի մասին, մաքրության («կաթարսիսի») հասնելու համար նրա մղած հոգևոր պայքարի մասին: Եվ բնականաբար, խոսում է այն մասին, որ այդ ծայրագույն իրողությունների` ուղղափառ հավատքի, հոգևոր մաքրության, կաթարսիսի, սրբության արդյունքը համարձակությունն է, այլ կերպ ասած` աստվածային նշանները, հրաշքները, որոնք Աստված կատարում է մեր կյանքում սրբերի ձեռքով, սրբերի միջոցով:

     Սրբերը Եկեղեցու փառքն են, որովհետև կարողացել են միավորվել Աստծո հետ և Աստծուց շնորհներ են գտել` միաժամանակ մխիթարություն լինելով մեզ համար: Մենք խնդրում ենք սրբերին, նրանք էլ իրենց հերթին մեծ մենաշնորհ, մեծ շնորհ ունեն` Աստծուց մեզ համար որևէ բան խնդրելու: Եվ Աստված շա՜տ հաճախ  շնորհում է մեզ այդ ամենը. այդպես է, որ երբեմն ունենում ենք բժշկություններ, երբեմն` հոգևոր մխիթարություն կամ հավատքի աճ և այլն:

     Ինչպես ասվեց, սրբերը մեզ` հավատացյալներիս համար մխիթարություն են, մխիթարողներ են: Մենք ենք, որ սրբերի կարիքն ունենք, և ոչ թե Աստված: Եվ երբ սրբերը ինչ-որ հրաշք են անում, մեզ համար են այդ անում (հոգևոր տեսանկյունից պետք է դիտարկենք հարցը), որովհետև կենդանի հավատացյալի բժշկությունը ոչ նյութական մե՜ծ նշանակություն ունի. մարդը նաև հոգևոր առումով է զորանում` դժվարությունները հաղթահարելով, որովհետև նրան շրջապատող այլ մարդիկ ևս, որ տեսնում են այդ հրաշքը, զորանում են հավատքի, հոգևոր պայքարի մեջ:

    Հրաշքների մեծ մասը, աստվածային նշանների մեծամասությունը առավել են, քան նյութական, մարմնական բժշկությունը. դրանք հիմնականում լինում են, որպեսզի մեր հավատքը զորանա, աճի, որպեսզի առավել սիրենք Աստծուն, մեր փոքրոգությունը վերանա, և մեր կացվածքը, մեր ընթացքն առ Աստված քաջարի լինի:

       Թարգմանությունը հունարենից` Գևորգ Ղազարյանի:

 

        Աղբյուր: Կ. Իոաննիդիս, 20-րդ դարի Հարանց վարք, Միլեսի, 2007 (հունարենով):