/ Ծերերի խրատներ / Սատանան փորձում է մարտնչողին անպիտան դարձնել

Սատանան փորձում է մարտնչողին անպիտան դարձնել

Սատանան փորձում է մարտնչողին անպիտան դարձնել

 

Սբ. Պաիսիոս Աթոսացի

 

            -Գե՛րոնդա, երբեմն փորձությունները գալիս են մեկը մյուսի հետևից, և չեմ դիմանում:

            -Դրանցից խուսափելու համար քեզ մի լուծում ասեմ: Կընդունե՞ս:

            -Այո՛:

          -Փորձություններից խուսափելու միակ լուծումը… սատանայի հետ դաշնակցելու մեջ է… Ի՞նչ ես ծիծաղում: Այս լուծումը դուրդ չի գալի՞ս: Տե՛ս, մարդը որքան մարտնչում է, փորձություններ ու դժվարություններ է ունենալու: Եվ որքան ջանա փորձությունից խուսափել, սատանան նրան այնքան հակառակվում է: Սակայն փորձություններով, եթե դրանք ճիշտ արժևորենք, հնարավորությունն է տրվում, որ մեր կյանքն «ավետարանական» դառնա, որովհետև երբեմն այն հակաավետարանական է:

       -Գե՛րոնդա, որոշ անկարևոր բաներից եմ կառչում, իսկ հետո տրամադրություն չեմ ունենում ավելի վերի համար պայքարելու:

       -Դրանք արկերի նման են, որ թշնամին նետում է զորքն անպետքացնելու համար: Տանգալակին[1], երբ տեսնում է, որ մարտնչողին չի կարող ուրիշ վնաս տալ, փորձում է նրան անկարևոր բաներով անպիտան դարձնել: Բացի այդ, իմացի՛ր, թե փոքր տանգալակիներ էլ կան, որոնք սակայն մեծ վնաս են պատճառում: Մի անգամ մի փոքր տանգալակիի հարցնում են.

             -Դու, իբրև թե, ի՞նչ կարող ես անել:

            -Ես ի՞նչ կարող եմ անել. գնում-խառնում եմ դերձակուհիների, կոշկակարների թելերը,- պատասխանում է,- և նրանց դրդում եմ, որ բարկանան:

Ամենամեծ աղմկահարույց պատմությունները ոչ միայն մեզ մոտ են պատահում չնչին բաներից, այլ երբեմն նաև պետությունների մեջ: Հոգևոր մարդկանց մոտ աղմկահարույց պատմությունների համար լուրջ դրդապատճառներ չկան. սատանան փոքր բաներից է պատճառ կորզում: Նա մարդուն ինչ-որ անմիտ, երեխայական բաներով հոգեպես կոտրում է. այդժամ նրա սիրտն իր ուզածի պես է դարձնում, իսկ հետո մարդուց մի կոճղ է մնում:

         -Գե՛րոնդա, ինչու՞  կարճ ժամանակահատվածում մոռացության եմ տրվում, մինչդեռ ծրագիր, կարգ եմ սահմանում պայքարիս համար և սկսում տրամադրվածությամբ պայքարել:

            -Չգիտե՞ս, թե ինչու: Տանգալակին, երբ լուր է առնում, որ հոգևոր աշխատանք ենք կատարում, այնժամ կոճակը ուրիշ կողմ է դարձնում: Թեև ծրագիր ենք սահմանում, մի այբ հերթականություն, այլուր ենք հայտնվում, և եթե ուշադիր չլինենք, օրեր հետո ենք դա հասկանում: Այդ իսկ պատճառով պայքարողը պետք է միշտ սատանային հակառակվի, բնականաբար, կշռադատելով, և որևէ փորձառու խոստավանահայր թող նրան հետևի:  

             -Սատանան պատերազմու՞մ է այն մարդու դեմ, ով իր նկատմամբ նուրբ աշխատանք[2] չի կատարում:

          -Սատանան չի գնում անպիտան մարդու մոտ, այլ պայքարողի մոտ է գնում, որ նրան փորձի ու անպիտան դարձնի: Նա իր ժամանակը չի կորցնում նուրբ աշխատանք տանելու նրա հետ, ով այդպիսի աշխատանք չի կատարում: Նա մախաթով կարողի մոտ մախաթով սատանա է ուղարկում, նուրբ ձեռագործ կատարողի մոտ սատանա է ուղարկում, որ նուրբ ձեռագործ է կատարում: Նրա մոտ, ով շատ մանր գործվածք է պատրաստում, սատանա է ուղարկում շատ նուրբ աշխատանքի համար: Նրանց մոտ, ովքեր իրենց անձի նկատմամբ կոշտ աշխատանք են կատարում, կոշտ սատանայի է ուղարկում: Սկսնակների դեմ սկսնակ սատանայի է ուղարկում:

            Մարդիկ, ովքեր նուրբ հոգի ունեն, շատ պատվասեր են ու դյուրազգաց, անհրաժեշտ է, որպեզի ուշադիր լինեն, որովհետև սատանան էլ իր պոչը գցում ու նրանց ավելի դյուրազգաց է դարձնում, և կարող է մելամաղձության հասնեն կամ, Աստված մի արասցե, անգամ ինքնասպանության: Սատանան մինչ մեզ` մարդկանցս, դրդում է մեր մերձավորին հակառակվելու և վիճելու, ինքը երբեք հակառակ չի գնում: Նա անհոգին ավելի անհոգ է դարձնում. նրան այս խոհով է հանգստացնում. «Գլուխդ ցավում է, անտրամադիր ես, ոչինչ, եթե վեր չկենաս աղոթելու»: Սատանան բարեպաշտին ավելի բարեպաշտ է դարձնում, որ նրան հպարտության մեջ գցի, կամ հրահրում է իր ուժերից վեր պայքարի, որպեսզի հոգնի ու հետո բոլոր հոգևոր զենքերը վայր դնի և նախկին հուժկու մարտնչողը հանձնվի: Նա խստասրտին ավելի խստասիրտ է դարձնում, դյուրազգացին` հույժ դյուրազգաց:

      Եվ տեսնում ես, թե որքան մարդ է անքնությամբ տառապում և հաբ են ընդունում կամ տանջվում ու սպառվում են հիվանդանոցներում, որովհետև ոմանք որոշ դյուրազգացություն ունեն, այլոց էլ նյարդերն են խանգարվել: Այսօր հազվադեպ ես հավասարակշռված մարդու հանդիպում: Մարդիկ մարտկոցներ են դարձել. նրանց մեծամասնությունն էլեկտրականություն կրողի նման է: Հատկապես, նրանք, ովքեր իրենց մեղքերը[3] չեն խոստովանում, դիվական ներգործություն են ընդունում: Մի տեսակ դիվական մագնիսականություն ունեն, որովհետև սատանան նրանց վրա իշխանություն ունի: Մարդկանցից ոմանք՝ տղաներ, աղջիկներ կամ մեծահասակներ, հանդարտ հայացք ունեն: Դիվահարությու՜ն: Գիտե՞ս, թե ինչ է նշանակում դիվարահություն. երբ չես կարողանում մարդկանց հետ լեզու գտնել:

 

Հունարենից թարգմանությունը` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος B΄, Πνευματικοί αφύπνιση, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2011.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ, բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

[1] Սուրբը հաճախ սատանային այսպես է կոչում(թրգ.):

[2] Խոսքը հոգևոր ներքին պայքարի մասին է(թրգ.):

[3] Խոսքը խոստովանահայր քահանայի մոտ անհատական խոստովանության մասին է (թրգ):