/ Ծերերի խրատներ / Հպարտ մտքի պատճառով դիվահարվեց

Հպարտ մտքի պատճառով դիվահարվեց

Հպարտ մտքի պատճառով դիվահարվեց

Ծեր Ագապիոս Կավսոկալիվացին 20-ամյա տարիքում էր եկել վանական դառնալու և ննջեց, երբ 90 տարեկան էր: Երբեք դուրս չէր եկել Սուրբ Լեռից: Թեև վատառողջ էր և տանջվում էր, սակայն համբերում էր: Նա խիստ պահեցող էր և նիպտիկ[1]: Ծեր Ագապիոսը դևերի հետ էր պատերազմում, որոնք նրան ներկայանում էին բացահայտ ու նրանց տեսնում էր: Մի անգամ Կիրիակոնում[2] հսկում կար, իսկ նա չէր իմացել դրա մասին: Ողջ գիշեր տառապում էր՝ դևերի դեմ պատերազմելով:

Մի անգամ հպարտության մի միտք է ունենում՝ արդյո՞ք մյուս հայրերն անում են այդքան աղոթք ու ճգնություն: Նա, դժբախտաբար, համաձայնվում է այդ մտքի հետ: Սակայն, որպեսզի Աստված նրան բժշկի, թույլ է տալիս, և վանականը դիվահարվում է ու տարօրինակ բաներ կատարում: Կավսոկալիվիայի վանականները նրան Մեծ Լավրայի[3] աշտարակում են արգելափակում:

Հրեշտակապետերին նվիրված մի հսկման ժամանակ ծիսակատար քահանան սովորականի նման դուրս է գալիս Գեղեցիկ Դռան մոտ և վանականներին ասում, որ համրիչով աղոթք անեն ծեր Ագապիոսի համար: Նույն ժամին ծեր Ագապիոսին է հայտնվում  Միքայել Հրեշտակապետն ու դևին վռնդում նրանից: Առավոտյան, երբ նրան սպասարկող վանականը կերակուր է տանում, ծեր Ագապիոսը նրան ասում է հանդարտորեն. «Այս գիշեր Միքայել Հրեշտակապետն եկավ  ու ինձ բժշկեց»:

Դրանից հետո վանականները նրան ազատ են արձակում և շարունակում է իր ճգնությունները, սակայն այդ ամենն արդեն անում էր իրական խոնարհությամբ:

 

Հունարենից թարգմանությունը՝ հայր Հերոնիմոս Մայիյյանի:

 

Աղբյուր. Από την ασκητική και ησυχαστική αγιορείτηκη παραδοση, εκδ. Ιερόν Ησυχαστήριον <Άγιος Ιωάννης Πρόδρομος>, Άγιον Όρος 2011

[1] Հունարեն՝ <νήφω> բայից. անդադար աղոթքի և, ընդհանրապես, հոգևոր արթնության վիճակը:

[2] Անապատների և սկիտների կենտրոնական եկեղեցին, որտեղ կիրակի օրերին և Տերունական մեծ տոներին հավաքվում են բոլոր վանականները՝ սբ. Պատարագի խորհրդին մասնակցելու համար:

[3] Կավսոկալիվիան պատկանում է Մեծ Լավրային:

 

 

Հպարտ մտքի պատճառով դիվահարվեց