/ Ծերերի խրատներ / Ծանեա՛ զանձնդ

Ծանեա՛ զանձնդ

Ծանեա՛ զանձնդ

 

(1898-1959 թթ.)

Ծանեա՛ զանձնդ

 

  … «Ծանեա՛ զանձնդ»-ի կարիքն ունես, այսինքն` որ ճանաչես ինքդ քեզ, թե ո՛վ ես դու: Ո՛վ ես դու իրականում, և ոչ թե այն` ինչ կարծում ես, որ ես: Այդ իմացությամբ ամենաիմաստուն մարդն ես լինում, այդ ճանաչողությամբ խոնարհվում ես ու Տիրոջից շնորհ ես ստանում: Այլապես, եթե ինքնաճանաչողություն ձեռք չբերես, այլ միայն քո ջանքը հաշվի առնես, իմացի՛ր, որ մշտապես հեռու կլինես ճանապարհից:

    Ո՞վ է հաղթել ստանային: Նա, ով ճանաչել է իր տկարությունը, իր ունեցած կրքերն ու թերությունները: Ով վախենում է ինքն իրեն ճանաչելուց, իմացությունից հեռու է, նա այլ բան չի սիրում, բացի միայն` ուրիշների մեջ սխալներ տեսնելն ու դատելը: Այդպիսին ուրիշների մեջ շնորհներ չի տեսնում, այլ միայն` թերություններ: Նա իր մեջ թերություններ չի տեսնում, այլ միայն` շնորհներ:  Եվ սա մեր ժամանակվա մարդկանց բնութագրական թերությունն է. այն, որ մեկը մյուսի շնորհը չի ճանաչում: Մի մարդը շատ բաներից զուրկ է, բայց բոլորը միասին ամեն բան ունեն: Այն, ինչ ունի մի մարդ, չունի մեկ ուրիշը, ու երբ դա ճանաչենք, մեծ խոնարհություն կունենանք: Քանզի այդպես պատվվում ու փառավորվում է Աստված, որ տարբեր ձևերով է մարդկանց զարդարել ու Իր բոլոր արարածներին անհավասար, այսինքն` տարբեր է ստեղծել: Ոչ այնպես, ինչպես փորձում են հավասարություն բերել ամբարիշտները` Աստվածային արարչագործությունը եղծելով:

    Արդ, երբ դու մեղք չես գործում, սուտ չես խոսում, չես դատում, մերձավորիդ չես նենգում,  այնժամ Աստծո երկյուղն ունես: Այնժամ իմաստուն ես ու հասկանում ես Աստծուն: Ու որպեսզի Նրան չվշտացնես, չես մեղանչում: Սա՛ է Աստվածատեսությունը: Եվ Աստված, որ տեսնում է ամեն բան, քեզ պահում է սատանայի որոգայթներից: Որդյա՛կ իմ, եթե համբերենք բոլոր վշտերին, ապա Տիրոջից շնորհ կգտնենք: Դրա համար Տերը թողնում է, որ մենք փորձության ենթարկվենք, որպեսզի մեզ փորձի ու պսակներ հյուսի մեզ համար:

    Քո սեփական կամքից հրաժարվի՛ր, որպեսզի հոգու խաղաղություն գտնես, որովհետև մարդու կամքը պղնձե պատ է դարձել և խոչընդոտում է հոգու լուսավորմանն ու խաղաղությանը:  Իրապես, մե՜ծ է հնազանդության խորհուրդը: Եթե մեր քաղցր Հիսուս Ինքն առաջինը գծեց ճանապարհը և մեզ համար օրինակ ծառայեց, ապա որքան առավել մենք ենք պարտական Նրան նմանվելու:

     Այն պահից ի վեր, երբ մեղք ենք գործում, դևերի ծառաներն ենք դառնում: Մարդասերն Աստված մարդուն ինքնիշխան է արարել, և մեզ սովորեցրել է ամոթալի գործերին մասնակից չլինել: Իսկ մենք Նրա աստվածային ու փրկարար խոսքերին լրջորեն չենք վերաբերվում: Աստծո համար առավել անուշահոտ զոհաբերություն չկա, քան մարմնի անարատությունը: Եվ Աստված ոչինչ այնքան չի ատում, որքան` մարմնի ապօրինի, ցանկասեր անմաքրությունը:

     Այս կյանքը պատերազմ է: Դու պատերազմում ես անմաքուր ոգիների դեմ, որոնք քեզ վրա քաղցրավենիք ու լոխում չեն նետում, այլ սայրասուր փամփուշտներ, որ հոգին են սպանում, և ոչ թե մարմինը:

    Թարգմանությունը հունարենից` Գևորգ Ղազարյանի:

     : Γέροντες της Ορθοδοξίας. Η ζωή και τα διδάγματά τους, εκδ. «Δημοκρατικός Τύπος Α. Ε.», Αθήνα 2015.