/ Խրատանի Սրբոց / Ուրախությունը Քրիստոսինն է, տրտմությունը` սատանայինը

Ուրախությունը Քրիստոսինն է, տրտմությունը` սատանայինը

 

 

 Ուրախությունը Քրիստոսինն է, տրտմությունը` սատանայինը

Սբ. Պաիսիոս Աթոսացի

 

            -Գե՛րոնդա, այս շրջանում շատ եմ նեղվում:

         -Ինչու՞ ես նեղվում: Արդյոք նավե՞րդ են խորտակվել: Ու՞ր էիր ճամփորդում և խորտակվեցին, Ատլանտյան օվկիանո՞ս էիր դուրս եկել: Լավ, այս եղանակին նավերն օվկիանո՞ս են դուրս բերում: Քանի՞սը խորտակվեցին:

            -Բոլորը, Գե՛րոնդա, բոլորը խորտակվեցին:

            -Դե՜, ուրեմն չքավոր ես և կարող ես լավ միանձնուհի դառնալ: Ինչու՞ շարունակ Աստծուն չես փառաբանում: Ի՞նչդ է պակաս: Հասկանում եմ, երբ Քրիստոսից հեռու գտնվող մեկն է տրտմության մեջ, սակայն, երբ Քրիստոսին մոտ գտնվողն է տրտմած` չեմ հասկանում, որովհետև, եթե անգամ ցավ ունենա, Քրիստոսն այդ ցավը քաղցրացնում է:

            Որքան հասկացել եմ, մարդու մեջ թույն չկա, որովհետև, եթե թույնը Քրիստոսին հանձնի` օշարակ կդառնա: Ով ներսում թույն ունի, ուրեմն իր խնդիրները Քրիստոսին չի հանձնում:

            Ուրախությունը Քրիստոսինն է, տրտմությունը` սատանայինը: Երբ, կարծեք, տուժած նպարավաճառի դեմքով վանական եմ տեսնում, գիտե՞ք, թե ինչպես եմ տխրում: Այլ բան է տխրությունն ըստ Աստուծո, ուրախարար սուգը: Այդ ժամանակ մարդը ցնծում է. լռությունը, զգաստությունը մեղր են կաթեցնում նրա սրտի մեջ: Երբ այսպիսի մարդ եմ տեսնեմ, ոտքերն էլ եմ ուզում համբուրել:

            -Գե՛րոնդա, մարդն ինչպե՞ս կարող է հասկանալ, թե իր տխրությունն իսկապես Աստծուց է:

          -Ենթադրենք, թե մարդ մի մեղք է գործում և դրա համար ցավում: Եթե իրական պատվախնդրությունից մղված է ցավում իր անկման համար, որովհետև Քրիստոսին է նեղացրել, ապա ներքուստ մի տեսակ քաղցր ցավ է զգում. Աստված նրա հոգում քաղցրություն է սփռում, աստվածային մխիթարություն: Այդ տխրությունն Աստծուց է: Մինչդեռ, երբ մեկը մտատանջությամբ և հուսահատությամբ շարունակական տխրություն է զգում, պետք է հասկանա, որ այդ տխրությունն Աստծուց չէ: Տխրությունն Աստծուց` հոգևոր ուրախություն է և հոգուն մխիթարություն է բերում, այնինչ տխրությունը, որ Աստծուց չէ, մարդուն մտատանջության և անելանելի վիճակի է հասցնում:

            -Գե՛րոնդա, իսկ երբ հոգևոր մի մարդ նեղվում է, որովհետև ոմն հերետիկոս իր անունն է գործածում և մարդկանց չարիք պատճառու՞մ[1]:

            -Այդ տխրությունն արդարացված է, և մարդը պետք է նեղվի, որովհետև շատերն են վնասվում: Այս դեպքում էլ, սակայն, դիմակայությունը պետք է հոգևոր լինի: Եթե խոնարհաբար մոտենա խնդրին ու ասի` Աստված իմ, չեմ ուզում, որ մարդիկ չարիքի հանդիպեն, լուսավորիր նրանց, որպեսզի ճշմարտությունը հասկանան, ապա հանգստություն է գտնում: Մինչդեռ երբ սկսի տագնապել ու ասել` ի՞նչ անեմ, անունս են գործածում և հոգիներ են կործանվում, և այլն, հանգստություն չի ունենա: Ամեն դեպքում, երբ մեկը չի սխալվել և խիղճը հանգիստ է, այդ ժամանակ, եթե անգամ նրան այլոք վիրավորում են, ապա ներքուստ մեծ մխիթարություն է զգում:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι, τόμος Ε΄, Πάθη και αρετές, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007. 

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1] Այս հարցը տվող միանձնուհին նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր օգտագործում են Ծերի անունը` ծառայեցնելով այն իրենց շահի համար կամ էլ համոզում են մարդկանց, որ իրենց մոլորված մտքերն ընդունեն:

 

 

Ուրախությունը Քրիստոսինն է, տրտմությունը` սատանայինը