/ Խրատանի Սրբոց / Նեռի և նրա կնիքի` 666-ի մասին

Նեռի և նրա կնիքի` 666-ի մասին

Նեռի և նրա կնիքի` 666-ի մասին

ՍԲ. ՊՈՐՖԻՐԻՈՍԸ ՆԵՌԻ ԵՎ ՆՐԱ ԿՆԻՔԻ` 666-Ի ՄԱՍԻՆ

   

    I986 թ. Չերնոբիլյան աղետից հետո, երբ վախճանաբանական խուճապ սկսվեց, Աթոսից մի վանական եկավ Աթենք` հ. Պորֆիրիոսի մոտ: Ծերը խնդրի առնչությամբ ասաց.

    -Ա՛յ զավա՛կ, այստեղ` աշխարհում, այս խոստովանահայրերն ի՜նչ են արել. Մարդկանց հոգիները հուզել են, 666-ի առնչությամբ ընտանեկան ու հոգեբանական բազում խնդիրներ ստեղծել: Մարդիկ չեն կարողանում քնել ու սկսել են հանգստացնող դեղեր ու քնաբերներ խմել, որ քնել կարողանան: Ի՜նչ բան է սա: Զավա՛կս, Քրիստոսն այդ բաները չի ուզում…

    Երբ մեր մեջ Քրիստոսին ունենանք, մի՞թե նեռը կարող է գալ, հակառակորդ որևէ գոյություն կարո՞ղ է արդյոք մեր հոգու մեջ մտնել: Դրա համար էլ, զավա՛կս, այսօր մեր մեջ Քրիստոսին չունենք, ու դրա համար է, որ հակաքրիստոսի պատճառով անհանգստանում ենք: Երբ Քրիստոսը մեր մեջ է լինում, ամեն բան դրախտ է դառնում: Քրիստոսն ամեն ինչ է, և միշտ, տղա՛ս, այսպես ասա մարդկանց: Ու հակառակորդից մի՛ վախեցեք: Մի բան էլ ասեմ. եթե հենց հիմա նեռն անձամբ գար ու լազերի ճառագայթներով ինձ բռնությամբ 666–ով կնիք դրոշմեր, ես չէի վշտանա: Ինձ կասես` հա՛յր, բայց չէ՞ որ դա նեռի կնիքն է: Այո, բայց եթե լազերային ճառագայթներով հազար անջնջելի 666 էլ վրաս գրեր, չէի վշտանա: Ինչու՞: Որովհետև, զավա՛կս, առաջին մարտիրոսներին գազանների առջև էին գցում, մարտիրոսները խաչակնքում էին, ու գազանները գառնուկներ էին դառնում: Մարտիրոսներին ծովն էին նետում, նրանք խաչակնքում էին, և ծովը հող էր դառնում, դրա վրայով քայլում էին: Մարտիրոսներին կրակի մեջ էին նետում, նրանք խաչակնքում էին, և հուրը ցող էր դառնում: Օրհնյա՛լ իմ զավակ, մենք այսօր ի՞նչ ենք դարձել. Քրիստոսին հավատու՞մ ենք, Խաչին հավատու՞մ ենք: Էլ ինչու՞ է Քրիստոսը երկնքից իջել: Չէ՞ որ իջել է մեր տկարությունը զորացնելու համար… Եվ դու ասա՛ մարդկանց, որ նեռից չվախենան. մենք Քրիստոսի զավակներն ենք, Ուղղափառ Եկեղեցու զավակները:

    …Գիտե՞ս, թե այն բանից հետո, երբ Մուհամեդը հայտնվեց, Եկեղեցու հայրերը կիսալուսինն ի՛նչ անվանեցին… Կիսալուսինը նեռի նշանն է: Եթե կիսալուսինը նեռի նշանն է, իսկ մեր Պատրիարքը (խոսքը Կոստանդնուպոլսի տիեզերական Պատրիարքի մասին է-թրգմ.) իր անձնագրի մեջ նեռի նշանն ունի… ուրեմն մեր Պատրիարքը նե՞ռն է: Ո՛չ, զավա՛կս, ո՛չ: Ավետարանի պատգամն այդքան չսահմանափակե՛նք: Քրիստոսը մեզ` մարդկանց պես նեղմիտ չէ… Ո՛չ նեռից վախեցեք, ո՛չ էլ 666–ից:

***

    Գիտեմ, որ նեռը պիտի գա, որ Տիրոջ երկրորդ Գալուստը պիտի տեղի ունենա, բայց երբ` չգիտեմ: Վա՞ղը: Հազար տարի հետո՞: Չգիտեմ: Բայց դրա համար չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ, որ յուրաքանչյուրիս համար Տիրոջ երկրորդ Գալուստը մահվան ժամն է: Եվ այդ ժամը շատ մոտ է:

***

    Ոչ վախճանաբանությունը, ոչ նեռը, ոչ էլ նրա նշանները ձեզ թող չտառապեցնեն: Իմացեք, որ եթե մեր մեջ Քրիստոսին ունենանք, նեռը ոչնչով, անգամ ամենաչնչին բանով մեզ չի կարող վնասել:

    «Այն հարցին, թե Աստված մեզ ուժ կտա՞ արդյոք` նեռին դիմադրելու, ծերը պատասխանել է. «Եթե Խոստովանության գնում ենք, ապա այդ զորությունը մեզ կտա»:

Թարգմանությունըհունարենից` Գ.Ղազարյանի

  © www.orthodoxkyanq.org

 

    Աղբյուր. Ծեր Պորֆիրիոս, Խրատների ծաղկաքաղ, Միլեսի, «Փրկչի Պայծառակերպություն» 2008, (հունարեն):