Մեր խաչակրությունը
Սբ. Թեոփան Մենակյաց
(1815-1894 թթ.)
Մեզանից յուրաքանչյուր ոք իր խաչն ունի: Այդ խաչը կազմված է այն ամենից, ինչը որ մեզ անհանգստացնում է և մեր հոգին ծանրացնում, ինչը որ մեր կյանքի բոլոր օրերում, դեպի Տերը մեր արդար ճանապարհին մեր սիրտն է տանջում: Այդ խաչի առաջին թևը կազմում են մեր բնության տկարություններն ու դրա ուժերի վատ ուղղությունը, օրինակ` մտքի դանդաղությունն ու կարծիքների տհասությունը, կամքի մեջ եռանդի բացակայությունն ու պարտավորությունների մեջ նրա անշարժությունը, զգացողությունների թմրածությունը, անպատշաճ բաների հանդեպ հակվածությունը և հատկապես մեր Ես-ի ծնունդները` կրքերի զորագնդերն ու մարմնի ամենատարբեր տարփանքները: Արթնացած հոգին այդ ամենն իր մեջ տեսնում է, դրա համար վշտանում է ու կրում է դա մի հանցագործի պես, որի մեջքին որպես պատիժ քայքայվող դիակ են կապել: Սա անկյալ մարդկության խաչն է: Մեր խաչի երկրորդ թևը կազմում են կյանքի բոլոր գործերն ու տհաճությունները: Մենք բավականություն, բոլորի հանդեպ լավ վերաբերմունք ու մեր գործերի բարենպաստ ընթացք ենք փնտրում, բայց մեր կյանքի այս բոլոր պահերում գրեթե ամեն րոպե վշտալի, իսկ երբեմն էլ աղետալի խանգարումներ են տեղի ունենում: Անախորժություններից ազատվել ցանկանալով` մենք պայքարում ենք հակառակությունների դեմ ու քաշում ենք մեր կյանքը նման նրան, ով տատասկի ու մասրենիների միջով է գնում. ամենուր արգելքներ ու քերծվածքներ են: Սա կյանքի խաչն է:
Խաչի երրորդ տեսակը մեզ համար պարտադիր գործերը կատարելու ուղղությամբ աշխատանքներից է բաղկանում: Մեզանից յուրաքանչյուր ոք պարտականություններով է շրջապատված, իսկ ամեն մի պարտականություն իր զբաղմունքների ոլորտն ունի, ամեն մի գործ աշխատանք ու համբերություն է պահանջում, որպեսզի սկզբից մինչև վերջ հասցվի այն նույն ոգով, կարգով ու լիությամբ, որոնք գործի էությունն են կազմում` դրա հետ անխուսափելիորեն կապված բոլոր խոչնդոտները հաղթահարելով հանդերձ: Ուրեմն, մեզ համար պարտադիր ամեն մի գործ բեռ է, իսկ բոլոր բեռերը միասին կազմում են պարտքի ծանր լուծը, որը մենք կրում ենք ու մինչև գերեզման պետք է կրենք: Սա Տիրոջը, հասարակությանն ու մեր մերձավորներին ծառայելու խաչն է:
Աշխարհում չկա մեկը, որ այս խաչերը և կամ իր եռամասնյա խաչը չունենա, բայց ոմանք այդ խաչն ի փրկություն են կրում, իսկ ոմանք` ի կործանում: Մեզ վրա խաչ դնելով` Տերը ցանկանում է, որ մենք դրանով մեր փրկությունն իրագործենք: Եվ եթե մեկը, այդ խաչն իր վրայից գցել ջանալով, մահացու վիրավորվում է, ինքն է մեղավոր` իր անմտությամբ ու մեզ փրկող աստվածային շնորհի խնամատար ցուցումների հանդեպ անուշադրությամբ. Տերը կամենում է, որ ինքներս մեր դեմ պայքարելով, չարը բարուց տարբերելու փորձառությունը ձեռք բերենք ու մաքրվենք, որ կյանքի ծանրությունը համբերությամբ կրելով, խոնարհությամբ Աստուծո գութը շարժենք, որ մեր պարտքը բոլոր դժվարությունների հաղթահարմամբ կատարելով, արդարության պսակն արժանապես վաստակենք:
Արդ, երբ Աստուծո այս բարի նպատակների մեջ մտնելով` մեր խաչի հանդեպ հենց այսպիսի վերաբերմուքով ենք մեզ պահում, ապա ի փրկություն ենք այն կրում, իսկ հակառակ դեպքում խաչը մեզ համար ոչ թե փրկություն է, այլ` ի կործանում:
Թարգմանությունը ռուսերենից` Բ. Գրիգորյանի
Աղբյուր. Святитель Феофан Затворник. Созерцание и Размышление. Московский Сретенский монастырь, изд-вo «Правило веры», M., 2007.
Մեր խաչակրությունը
© www.orthodoxkyanq.org