/ Χωρίς κατηγορία / «Մահվան վախճանն ենք տոնում»

«Մահվան վախճանն ենք տոնում»

«Մահվան վախճանն ենք տոնում»

Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

(1906-1991թթ.)

Ողջ սբ. Գիրքը ներշնչված է հավիտենականության հոգով: Աստված անվախճան է և մեզ ստեղծել է, որ հավիտենական դարձնի, այստեղից՝ երկրից իսկ մասնակից Իր հավիտենական արքայության, եթե ուզում ենք Աստուծով ապրել և հավիտյանս:

Մեր Ուղղափառ Եկեղեցին իր Խորհուրդներով շարունակ մեզ հավիտենականությունն է հիշեցնում՝ ժամերգություններով, շարականներով, հատկապես, սբ. Հաղորդության խորհրդի միջոցով: Հաղորդության ժամանակ քահանան յուրաքանչյուրին մաղթում է՝ «մեղքերի քավության ու հավիտենական կյանքի համար»:

Այն մարդու համար,  որի մեջ Քրիստոս է մուտք գործել, ո´չ մահ կա, ո´չ դժոխք, ո´չ սատանա. այդ ամենը գոյություն չունեն: Ավելի ճիշտ գոյություն ունեն և այն էլ ինչ աստիճան, սակայն նրանց համար, որ հեռու են Քրիստոսից. «Ընկած Ադամը հարություն է առնում, սատանան ջնջվում է»[1]… Մի՞թե չի ասում. «Ու՞ր է, մա՛հ, քո խայթոցը, դժո´խք, որտե՞ղ է քո հաղթությունը»[2]: Ահա, մեր կրոնն այսպե´ս է հավատում: Հավատում է, որ մահ չկա նրա համար, ով պահում է Աստծո խոսքը: Այդպես չի՞ ասում Հովհաննես ավետարանիչն իր Ավետարանում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան»[3]:

«Մահվան վախճանն ենք տոնում,

Դժոխքի կործանումը,

Սկիզբը հավիտենական այլ կյանքի,

և ցնծությամբ գովերգում ենք Սկզբնապատճառին,

Հայրերի միակ օրհնված ու գերափառ Աստծուն»[4]:

Տեսնու՞մ եք, հարության այս շարականը դժոխքի ու մահվան մասին է խոսում, որը, սակայն, մահացավ ու ջնջվեց: Իսկ դա եղավ ո´չ մարդկային ջանքով, ո´չ էլ հրեշտակի կամքով, այլ հենց Աստծո Որդու՝ Քրիստոսի Հարությամբ. «Բայց արդ՝ մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցյալների առաջին պտուղը»[5]: Իսկ շարականագիրն իր զգացմունքների հետ մեր զգացմունքներն էլ արտահայտելով, ասում է, որ ո´չ թե պարզապես հավատում ենք դրան, այլև տոնախմբում ենք և ուրախանում մահվան վախճանի ու դժոխքի վերացման համար: Միաժամանակ տոնախմբում ենք սկիզբը, մուտքը մեկ այլ՝ հավիտենական  կյանքի, և ցնծությամբ փառաբանում ենք Նրան, որ այս հաղթանակի պատճառ դարձավ և հավիտենական կյանքը մեզ պարգևեց: Դա մեզ ասում է նաև Պողոս առաքյալը. «Բայց, գոհություն Աստուծո, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»[6]: Իսկ մի այլ տեղ. «Մահը կուլ գնաց հաղթության»[7]:

 

Թարգմանությունը հունարեն բնագրից՝ հայր Հերոմինոս Մայիլյանի:

Աղբյուր. Αγ. Πορφυρίου Καυσοκαλυβίτου, Βίος και Λόγοι, εκδ. Θ΄, Ιερά Μονή Χρυσοπηγή, Χανιά 2008.

[1] Շարական, ձայն Ա կողմ, շաբաթ երեկոյան:

[2] Զատկվա կիրակի, սբ. Հովհան Ոսկեբերանի Ընծայման խոսք:

[3] Հովհ. 8.51:

[4] Հարության կանոն, 7-րդ երգ:

[5] Ա Կորն. 15.20:

[6] Ա Կորն. 15.57:

[7] Ա Կորն. 15.54:

 

 

«Մահվան վախճանն ենք տոնում»