/ Խրատանի Սրբոց / Հորդոր սաղմոսերգության

Հորդոր սաղմոսերգության

 

 Հորդոր սաղմոսերգության

 

Հորդոր սաղմոսերգության

 

  Որևէ ուրիշ գիրք Աստծուն այնպես չի փառաբանում, ինչպես հոգեշահ Սաղմոսարանը: Երբեմն հրեշտակների հետ Աստծուն բարձրաձայն փառավորում է, մեծարում, գովերգում ու զվարթուններին է հետևում. երբեմն դևերին է նզովում, դեն քշում, մեծ ողբ ու վերքեր է նրանց պատճառում. Աստծուն աղոթում է թագավորների, իշխանների և համայն աշխարհի համար:

   Սաղմոսարանով ինքդ քեզ համար էլ ես աղոթում, որովհետև բոլոր գրքերից վեհ ու վեր է: Սաղմոսարան կոչվող այս գիրքը վիթխարի ծովի է նման. ջուրը ծովից երբևէ չի նվազում, ոչ էլ գետերի և աղբյուրների հոսքից է պակասում. այդպես էլ աղոթասացությունը Սաղմոսարանից երբեք չի նվազում:

 Սաղմոսարանը հոգու փրկության համար առ Աստված քաջություն է և համարձակություն, որովհետև պահքի, երկրպագությունների և սաղմոսերգության վարձքը մեծ է:

  Ո՛վ եղբայր, եթե ասես, թե տկար ես ու չես կարող սաղմոսերգության այս կարգը կատարել` քանզի մարմին ես, ապա նայի՛ր երկնքին ու տե՛ս, թե արեգակը, լուսինն ու աստղերը զօր ու գիշեր ինչպես չեն հանգստանում` իրենց ծիրով շարժվելով, և Տիրոջ պատվերն են կատարում. և ինչպես այդ հրեղեն ստեղծագործությունը ո՛չ ուտում է, ո՛չ խմում, ո՛չ էլ հավիտենական տանջանքի վախն ունի, բայց Աստծուց երկնչում է և անդադար Նրա հրամաններն է ի կատար ածում:

  Իսկ դու, ո՛վ եղբայր, թեպետև մարմին ես, բայց մարմինդ պաշտպանված է. դու հագենալու չափ ուտում ես ու խմում, բավական չափով էլ քնում ես: Բայց մարդիկ կան, ովքեր կեսգիշերին արթնանում են, առ Աստված երկրպագություններ են անում ու աղոթում են, ձեռագործով են զբաղվում և իրենց Արարչից ամեն բանի համար գոհանում են:

  Եվ դարձյալ ասում եմ. որքա՜ն թուլակազմ ու տկար է ջրի բնությունը… Սակայն նա երկնչում է Աստծուց, գիշեր-ցերեկ ոռոգելով ու հոսելով` դադար չի առնում, մարդկանց ոչ միայն հագեցնում է, այլև նրանց աղտերն է մաքրում, անասուներին, թռչուններին ու բոլոր սողուններին կշտացնում է և երկրագնդի վրա է հեղվում:

   Իսկ դու, ո՛վ եղբայր, ինչպե՞ս քեզ չես հետևում, ինչպե՞ս հոգ չես տանում: Մարդկանց համար ամեն բան անհնարին է, բայց Աստուծո համար` հնարավոր: Միայն թե քաջալերվի՛ր ու  ամրացի՛ր, և Աստված էլ կօգնի քեզ, որովհետև Դավիթն ասում է. «Սպասի՛ր Տիրոջն ու պահի՛ր Նրա ճանապարհները, և Նա քեզ կբարձրացնի` երկիրը ժառանգելու» (Սաղմ. 36, 34):

   Մեկ օր անգամ առանց սաղմոսերգության չանցկացնե՛ս, իսկ եթե անհրաժեշտաբար թողնես կարգը, ապա առավոտյան նույն տեղից սկսի՛ր, և ծուլաբար մի՛ դադարեցրու, քանի որ Պետրոս վեհագույն առաքյալն ասում է. «Տիրոջ համար մեկ օրը ինչպես հազար տարի է, և հազար տարին` ինչպես մեկ օր» (Բ Պետ. 3, 8):

  Բայց այդ տարիներից օգուտ չկա, քանզի, ո՛վ եղբայրներ, այս աշխարհի ամեն բան ժամանակավոր է ու շրջանի պես պտտվում է. այսօր արև է, իսկ վաղը` խավար, անձրև ու ձյուն. այսօր խրախճանք  ու հարսանիք է, իսկ վաղը` լաց ու կոծ:

   Սակայն եթե դու հոգուդ փրկության մասին մտահոգվես, ապա վերոնշյալներից կխուսափես և Աստուծո պատվիրաններին կվարժվես: Նա կբացի քո աչքերը, և Տիրոջ Օրենքից սքանչելիքներ կտեսնես:

   Եղբայրնե՛ր, երբ մեծն Հովհան Ոսկեբերանին հարցրեցին, թե արդյոք լա՞վ է սաղմոսերգությունը թողնելը, նա ասաց.

 -Ավելի լավ է, որ արեգակն իր պտույտը դադարեցնի, քան թե մարդը թողնի սաղմոսերգությունը, քանի որ սաղմոսներին վարժվելն ու Սաղմոսարանը ջերմեռանդաբար ընթերցելը չափազա՛նց օգտակար է:

 Հոգևոր բոլոր գրքերը մեզ համար օգտակար են ու դևերին վիշտ են պատճառում, սակայն ոչ այնպես` ինչպես Սաղմոսարանը: Արդ, անփույթ չգտնվենք:

   Սլավոներենից թարգմանությունը` Գ. Ղազարյանի:

 

Աղբյուր` Ψалтирь. Саввино-Сторожевский ставропигиальный м-рь. Звенигород, 2003.