/ Խրատանի Սրբոց / Աստվածաշունչը…

Աստվածաշունչը…

 

Աստվածաշունչը…

 

Ծեր Պարթենիոս Կիևացին (1792-1855 թթ.) քառասուն օր շարունակ մի ննջեցյալի հոգու համար սբ. Ավետարան էր կարդում: Քառասուներորդ օրը լրանալուց հետո նա երազում տեսնում է մի դաշտ, որը որոմով ու մոլախոտով էր ծածկված: Հանկարծ երկնքից հուր է տեղում` ողջ մոլախոտը վառելով: Ծերը չի հասկանում երազի իմաստը և այնժամ երկնքից մի ձայն է լսում.

-Դաշտն այն մարդու հոգին է, որի համար կարդում էիր սբ. Ավետարանը, որոմն ու մոլախոտը նրա մեղքերն են, իսկ հուրն Աստւոծո խոսքն է, որ դրանք ոչնչացրեց:

….

Ինչպես որ մարմնական կերակուրն է մեր ուժերի պահպանման համար, այնպես էլ Աստվածաշնչի ընթերցանությունը` հոգու: Ինչպես որ բնական լույսից զրկվածը չի կարող գնալ անհրաժեշտ ճանապարհով, այնպես էլ աստվածային Գրոց ճաճանչով չլուսավորվածն է հարկադրված շատ բաներում անընդհատ մեղանչելու, քանզի խորը խավարի մեջ է շրջում:

              Սբ. Հովհաննես Ոսկեբերան

 

Ջուրն ըստ իր հատկության փափուկ է, իսկ քարը` պինդ, բայց եթե քարի վերևում ջրհորդան է կախված, ապա ջուրը, կաթիլ-կաթիլ հոսելով, քարը կամաց-կամաց ծակում է: Այդպես էլ Աստուծո խոսքը փափուկ է, իսկ մեր սիրտը` կարծր, բայց եթե մարդն Աստուծո խոսքը հաճախ է լսում (կամ կարդում), ապա Աստուծո երկյուղն է նրա սիրտը մտնում:

Աբբա Պիմեն

 

Նրան, որն Աստվածաշունչ ունի, (սբ. Գիրքը) կարող է մեծ օգուտ ու մխիթարություն պարգևել: Հաճախ այդ սրբազան Գրքին նետված մի հայացքն իսկ մեզ զրկում է մեղքի ձգտումից:

Սբ. Հովհաննես Ոսկեբերան

 

Աստվածաշնչի մեջ սոսկ մի՛ նայիր, այլ ջանասիրաբար կարդա և կարդացածդ մտքիդ մեջ պահիր:

                                                                        Սբ. Հովհաննես Ոսկեբերան

 

Ոմն հարցրեց մի ծերի, թե ինչու է նա ամեն օր Աստվածաշունչ կարդում, չէ՞ որ նա արդեն բազմիցս կարդացել է այն: Ծերը հարցրեց.

-Ինչու՞ ես դու հիմա կերակուր պահանջում, չէ՞ որ երեկ կերել ես:

-Ես դա անում եմ, որպեսզի ապրեմ:

-Ես էլ եմ կարդում, որպեսզի ապրեմ, – պատասխանեց ծերն իր հերթին:

….

Հունաստանի Կերկիրա կղզու գյուղերից մեկում հովիվներն ամեն ամառ վառում էին շրջակա դաշտերի թփերը` արոտավայրի համար տեղ բացելու նպատակով, սակայն ամեն անգամ, երբ կրակը հասնում էր մի թփի, հանկարծակի հանգչում էր: Քանի որ այդ երևույթը կրկնվում էր տարեցտարի, հովիվները նկատել էին դա` որևէ բացատրություն չգտնելով:

Մի անգամ անծանոթ մի պառավ կին է գյուղ գալիս: Հարցուփորձից պարզվում է, որ նա եղել է այդ գյուղի բնակիչ, ամուսնացած, երեխաների մայր: Այդ երիտասարդ կինը սիրել է ազատ ժամանակ գնալ դաշտ ու սբ. Ավետարան ընթերցել: Մի անգամ, երբ դաշտում է լինում, վրա են հասնում ծովահենները ու գերեվարում նրան: Միակ բանը, որ հասցնում է անել կինը լինում է այն, որ մի թփի տակ է թաղում Ավետարանը:

Գերության մեջ կինն անցկացնում է ողջ կյանքը և հաջողեցնում ազատվել միայն կյանքի վերջում: Երբ նրա պատմածով համագյուղացիները գալիս են արդեն ծառ դարձած թփի մոտ, փորում են հողը և արմատների մոտ գտնում են Կյանքի Գիրքը: Չնայած խոնավ տեղանքին` տասնամյակներ շարունակ այն անվնսա էր մնացել: Այնժամ բոլորը հասկանում են, թե ինչու էր կրակը հանգչում` հասնելով այդ ծառին:

….

    

Հոգու անզգայության դեպքում օգտակար է Սբ. Գրոց հաճախակի ընթերցանությունը:

Աբբա Դորոթեոս

 

Ընթերցանությամբ լռության մեջ զբաղվիր, որպեսզի միտքդ մշտապես բարձրացված լինի Աստուծո հրաշքներին:

Սբ. Իսահակ Ասորի:

 

Երբ նստում ես ընթերցելու կամ ընթերցողին լսելու, նախ աղոթիր Աստծուն` ասելով.

-Տե՛ր Հիսուս Քրիստոս, բա՛ց սրտիս ականջներն ու աչքերը, որ լսեմ Քո խոսքերն ու կատարեմ Քո կամքը. «Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ Քո Օրենքի հրաշքները» (Սաղմ. 118, 18): Հավատում եմ, Աստվա՛ծ, որ Դու կլուսավորես իմ սիրտը:

Սբ. Եփրեմ Ասորի

 

Թող որ քո ընթերցանությունն անհագ չլինի, քանզի ամեն ինչում  ամենալավ բանը չափն է. ոչ շատ արագ, ոչ շատ դանդաղ կամ էլ անփութորեն, այլ երկյուղածությամբ, ուշադիր ու խելամտորեն: Միտքը, հոգաշահ ընթերցանությամբ ամրանալով, լավ աղոթելու ուժ է ստանում, իսկ անկանոն ընթերցանությունը միտքը խավարեցնում է, թուլացնում ու աղոթքին անընդունակ դարձնում:

Սբ. Գրիգոր Սինայեցի

 

Հոգուն պետք է մատակարարել Աստուծո խոսքով, քանզի ինչպես սբ. Գրիգոր Աստվածաբանն է ասում, Աստուծո խոսքը հրեշտակային կերակուր է, որով Աստծուն քաղցող հոգիներն են սնվում: Ամենից առավել հարկավոր է Նոր Կտակարանի ու Սաղմոսարանի ընթերցանությամբ զբաղվել: Ավետարանն ու առաքելոց թղթերը պետք է կարդալ կանգնած` սրբապատկերների առջև, իսկ սաղմոսները կարելի է նստած ընթերցել:

Սբ. Սերաֆիմ Սարովացի  

 

Ոմանք հպարտանում են մեծամեծների, իշխանների ու թագավորների հետ զրույցով, իսկ դու պարծեցիր նրանով, որ Աստվածաշնչի մեջ Սբ. Հոգու հետ ես զրուցում, քանզի դրա միջոցով Սբ. Հոգին է բարբառում:

Սբ. Եփրեմ Ասորի

 

Սբ. Սրապիոնը (V դ.) ոչինչ չուներ բացի զգեստից ու մի փոքրիկ Ավետարանից, որից երբեք չէր բաժանվում: Մի անգամ նա տեսնում է մի մարդու, որին չվճարված պարտքի դիմաց բանտ էին տանում: Սուրբը շտապում է իր Ավետարանը վաճառելու և պարտապանի պարտքը վճարելով, նրան ազատելու: Երբ նա գալիս է իր կացարանը, սրբի աշակերտը նրան հարցնում է.

-Հա՛յր, իսկ որտե՞ղ է Ավետարանը:

-Որդի՛ս, ես լսեցի Ավետարանին, որն ամեն օր ինձ ասում էր. «Ունեցվածքդ վաճառի՛ր և աղքատներին բաժանի՛ր»:

 

Աստվածային Գրոց խոսքը գործերով կարդա:

Աբբա Մարկոս

 

Ինչ որ ասված է Աստվածաշնչում, ասված է ոչ թե նրա համար, որ մենք պարզապես իմանանք, այլ` որ կատարենք:

Աբբա Իսիքիոս

 

Սովորական մի առավոտ էր, երբ եգիպտական գյուղերից մեկի եկեղեցի է մտնում 18-ամյա մի երիտասարդ` կիրակնօրյա սբ. Պատարագին մասնակցելու: Ավետարանի ընթերցանության ժամանակ նա լսում է Փրկչի այս խոսքը` ուղղված երիտասարդ մեծահարուստին. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը ու տու՛ր աղքատներին. և երկնքում գանձեր կունենաս. և դու արի՛ իմ  ետևից» (Մատթ. 19, 21):

Եգիպատցի երիտասարդը ցնցվում է այս բառերից` համարելով, որ դրանք Քրիստոսի խոսքերն են` ուղղված անձամբ իրեն:  Նա անմիջապես դուրս է գալիս եկեղեցուց, վաճառում ու աղքատներին բաժանում իր ողջ հարուստ ժառանգությունը և սկսում իր ճգնակեցությունը: Երիտասարդի անունն Անտոն էր, բայց Եկեղեցու պատմության մեջ նա հայտնի դարձավ որպես Մեծն Անտոն Անապատական:

….

1942 թ. օգոստոսի 23-ից մինչև 1943 թ. փետրվարի 2-ը տևում է մարդկության պատմության ամենաարյունալի` Ստալինգրադի ճակատամարտը, որը մոտավորապես 2 մլն մարդու կյանք է խլում: Մոխրացած քաղաքում թագավորում էին մահն ու կործանումը, երբ երիտասարդ զինվոր Իվան Պավլովն ավերակների մեջ գտնում է մի Գիրք: Նա անհագ սկսում է կարդալ այն, և  չափսերով փոքրիկ Գիրքն արմատապես փոխում է զինվորի ողջ կյանքը: Պատերազմն ավարտվելուն պես նա իր քայլերն ուղղում է հոգևոր ճեմարան, ընդունում վանական հերակտրություն «Կիրիլ» (Կյուրեղ) անունով և իր կյանքը նվիրում Եկեղեցու ծառայությանը: Խոսքը ծեր Կիրիլ Պավլովի մասին է…

Աստուծո խոսքը բարյաց սերմն է: Եթե քո մեջ այն անպտուղ լինի, ապա դու կդատապարտվես այն մարդու հետ, որը բազմապատկման համար իրեն տրված արծաթը հողի մեջ թաղեց:

Սբ. Բարսանուփիոս և սբ. Հովհաննես

 

Պատրաստեց Գ. Ղազարյանը]

 

 

 

Աստվածաշունչը…