/ Χωρίς κατηγορία / «Ուրախացի´ր, ո´վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»

«Ուրախացի´ր, ո´վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»

«Ուրախացի´ր, ո´վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»

Հրաշագործ սբ. Ղուկաս Ղրիմեցի

(1877-1961թթ.)

Խոսք Աստվածամոր Ավետմանը

Մարտի 25/ապիլի 7

(հատվածաբար)

Եկեղեցին այսօր աշխարհի պատմության մեջ երեք շատ կարևոր իրադարձություն է տոնում:

Առաջինը Աստվածամոր ավետումն է, որն այսօր տոնում ենք ուրախությամբ ու սիրով, բայց նաև այս իրադարձության մեծափառության նկատմամբ երկյուղածությամբ, ինչը մեր փրկության «գլուխ» (այսինքն՝ սկիզբ) է կոչվում:

Ավետումից ինն ամիս անց երկրորդ կարևորագույն իրադարձությունն էլ տեղի ունեցավ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնավոր ծնունդը: Խաչի վրա սարսափելի մահից հետո Տեր Հիսուս Քրիստոսի հարությունը մեր փրկության գլուխն ու ամբողջացումը կլինի:

Մեկ անգամ չէ, որ սրբերին հրեշտակներ են հայտնվում. Աստվածամայր Կույս Մարիամի Ավետումից վեց ամիս առաջ Գաբրիել Հրեշտակապետն ուղարկվեց Զաքարիա քահանայապետի մոտ, ով տաճարում էր սպասավորում, որպեսզի նրան հայտնի, թե իրենից է ծնվելու մարդկանցից մեծագույնը՝ Տիրոջ Կարապետ Հովհաննեսը: Իսկ այսօր նույն Հրեշտակապետը ուրախ լուրն է բերում Ամենասրբուհի ու անբիծ Կույս Մարիամին, ով ապրում էր հյուսն Հովսեփի խոնարհ ու աղքատ տանը:

Մարիամի հետ հրեշտակապետի երկխոսությունն այնքան սուրբ ու փառահեղ է, որ չեմ հարմարձակվում այն իմ բառերով նկարագրել, այլ պետք է կրկնեմ ավետարանական խոսքերը…

Նախորդ տարիներին ձեզ շատ եմ խոսել աշխարհի պատմության մեջ այս եզակի երկխոսության մասին: Այժմ կանգ կառնեմ Հրեշտակապետի խոսքերի վրա.

«Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստուծո որդի կկոչվի» (Ղուկ. 1. 35):

Ո´չ ոք երբեք, աշխարհի արարումից ի վեր և մինչև նրա վախճանը, չի ծնվել ու չի ծնվելու այնպես, ինչպես ծնվեց Աստվածամարդ Հիսուս Քրիստոսը. ո´չ ոք երբեք չի ծնվել առանց տղամարդու: Ո´չ ոք չի ծնվել  ու չի ծնվելու Սուրբ Հոգու էջքով: Ո´չ ոքի մեջ երբեք Սուրբ Հոգին չի բնակվել այդպիսի ամբողջական լրությամբ, ինչպես Ամենասրբուհի Կույս Մարիամի մեջ: Ո´չ ոքի Բարձրյալի զորությունը հովանի չի եղել և ո՛չ մի կնոջ մայրական որովայնը չի սրբացրել այնպիսի ամբողջականությամբ ու զորությամբ, ինչպես Ամենասրբուհի Կույսի որովայնը:

Խորությամբ պահեք ձեր սրտում այն, ինչ ասում եմ ձեզ Աստծո Հոգու և Մարիամի մարդկային էության ամբողջական միության մասին:

Մարդու հոգին ու ոգին սկիզբ են առնում Աստծո Հոգուց: Հին Կտակարանի երկրորդ գլխում ասում է, որ Աստված առաջին մարդուն՝ Ադամին «ստեղծեց երկրի հողից ու նրա դեմքին կենդանության շունչ փչեց» (Ծննդ. 2.7): Աստծո Հոգու հետ միայն մարդու հոգին կարող է հաղորդակցվել, քանի որ Նրանից է սկիզբ առնում, ինչպես պատահում է նաև բնության մեջ, երբ իրար հարազատ բաներն իսկական հաղորդակցություն են ունենում:

Աստծո հետ ճշմարիտ հաղորդակցության հնարավորությունը հենց մեր Տեր Հիսուս Քրիստոսն է մեզ ուսուցանում՝ ասելով. «Եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը կպահի, և իմ Հայրը նրան կսիրի, և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ. 14.23): Իսկ Պողոս առաքյալն էլ մի այսպիսի զարմանքով է հարցնում Կորնթոսի քրիստոնյաներին. «Չգիտե՞ք, որ Աստծո տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կոր. 3.16):

Սրբերի կյանքից գիտենք Աստծո հետ իրական հաղորդակցության մասին, որ Աստծո սրբերն ունեին իրենց կյանքում: Գիտենք, որ նրանք Աստծո Հոգու տաճարներ էին: Սակայն նրանց՝ Աստծո հետ այդ խորը  հաղորդակցությունն անգամ չի կարող համեմատվել այն օրհնյալ վիճակի հետ, ինչը գերազանցում է անգամ հրեշտակների ու հրեշտակապետերի վիճակը, ինչի մեջ որ հայտնվեց Ամենասրբուհի Կույս Մարիամը Սուրբ Հոգու գալուստից հետո:

Դա չկարողացավ, ավելի ճիշտ, չցանկացավ ըմբռնել այն դժբախտ հերետիկոս Նեստորը, ով պնդում էր, որ Ամենասրբուհի Աստվածածինը մի հասարակ մարդ է ծնել՝ Հիսուս Քրիստոսին, ում հետ ավելի ուշ Աստված է միավորվել: Դրա համար էլ նա Ամենասրբուհի Կույս Մարիամին Քրիստոսածին էր կոչում և ոչ թե Աստվածածին:

Եթե գեթ նվազագույն չափով Նեստորն իրավացի լիներ, այդ ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոս կլիներ ոչ թե Աստծո Որդի և Աստվածամարդ, այլ մեկը շատ մեծ սրբերից, որոնք Հոր և Որդու ճշմարիտ տաճարներ  և օթևաններ են կոչվում Աստծո հանդեպ իրենց անսահման սիրո ու իրենց կյանքում Քրիստոսի պատվիրանների կատարյալ գործադրման համար: Ինչպես տեսնում եք, Նեստորն իրավամբ նզովվեց Երրորդ Տիեզերաժողովի կողմից:

Այս պահին Աստվածամոր Ավետման այս մեծ տոնի պատվին իմ գովաբանական խոսքը կարող էի ավարտել, սակայն չեմ ուզում անցնել Գաբրիել Հրեշտակապետի այն խոսքերի վրայից, որոնք մտնում են ամեն մի մաքուր սրտի մեջ. «Ուրախացի´ր, ո´վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»:

Դուք բոլորդ, որ սրտակից եք ինձ, ասացե´ք, կարո՞ղ է սրանից ավելի բարձր ու ավելի մաքուր ուրախություն լինել, քան այն զգացումը, որ Տերը մեզ հետ է, այն, որ Նա մեզ սիրում է, որովհետև պահում ենք Նրա պատվիրանները, և որ Նա գալու է Իր անսկիզբ Հոր հետ և բնակվելու է մեզ հետ:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսն Ամենասրբուհի ու Անբիծ Կույս Մարիամի բարեխոսությամբ այս գերագույն երջանկությանն ու ուրախությանը մեզ արժանացնի. ամեն:

 

Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Αγίου Λουκά αρχιεπισκόπου Κριμαίας, Λόγοι και ομιλίες, τόμος Α΄, εκδ. «Ορθόδοξος Κυψέλη» Θεσσαλονίκη.

 

 

«Ուրախացի´ր, ո´վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»