/ Եկեղեցական տոներ / Յուղաբեր կանայք` Քրիստոսի Հարության առաջին վկաները

Յուղաբեր կանայք` Քրիստոսի Հարության առաջին վկաները

Յուղաբեր կանայք` Քրիստոսի Հարության առաջին վկաները

Ընթերցումներ.

Առաք.: Գործք 6. 1-7:

Ավետ.: Մարկ. 15. 43-47, 16. 1-8:

Պենտեկոստարիոնի երրորդ կիրակիին, մեր կայքի սիրելի այցելուներ, Ուղղափառ Եկեղեցին նշում է այն մարդկանց հիշատակը, ովքեր համարձակվեցին ամենածանր ու ամենադժվար ժամերին պատվել իրենց Ուսուցչին` Հիսուս Քրիստոսին, և իրենց այդ գործողությամբ փրկեցին մարդկային ողջ ցեղի պատիվը: Այդ անձինք են մի կողմից Հովսեփ Արիմաթացին ու Նիկոդեմոսը` Հիսուսի «ծպտյալ» աշակերտները, իսկ մյուս կողմից` երեք (ըստ Մարկոս Ավետարանչի) աշակերտուհիները` Յուղաբեր Կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբոսի ու Հովսեի մայր Մարիամը և Սաղոմեն: Այս մարդիկ վկայեցին, որ Հիսուսն, իսկապես, «մեռավ ու հարություն առավ»: Մի կողմից Հովսեփ Արիմաթացին ու Նիկոդեմոսը վստահեցնում են Հիսուսի մահվան ու թաղման մասին, մյուս կողմից` աշակերտուհիները Նրա Հարության մասին: Երկու տղամարդիկ Նրան տեսան «խաչված ու մեռած» և շոշափեցին. տեսան գեղարդով խոցված Նրա կողը, իջեցրին Նրան խաչից ու իրենց ձեռքերով թաղեցին: Իսկ Յուղաբեր Կանայք Հիսուսի գերեզմանը դատարկ գտան, Հրեշտակից լսեցին Հարության պատգամը և, ամենակարևորը` ճանապարհին Հարուցյալ Տիրոջը հանդիպեցին. «…Հիսուս նրանց դիմացը ելավ ու ասաց` ողջույն ձեզ…»  (Մատթ. 28. 9) և երկրպագեցին Նրան:

Նրանք են Յուղաբեր Կանայք, ովքեր հետևում էին Տիրոջը Նրա մոր հետ միասին: Բարեպաշտ ու հավատարիմ այդ կանայք Աստվածամոր հետ մնացին փրկչական չարչարանքների ժամին և հոգ տարան, ավանդության համաձայն, որ անուշահոտ յուղերով օծեն Տիրոջ մարմինը: Երբ Հովսեփն ու Նիկոդեմոսը խնդրեցին ու ստացան Պիղատոսից խաչված Տիրոջ մարմինը, այն իջեցրին Խաչից, պատանքեցին և դրեցին նոր գերեզմանի մեջ ու մեծ քար դրեցին գերեզմանի մուտքին, ներկա եղող կանայք հետևում էին այս ամենին: Ըստ Մատթեոս Ավետարանչի, «այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց» (Մատթ. 27. 61): Մեկնիչների համաձայն, «մյուս Մարիամը» Աստվածամայրն է: Բնականաբար, միայն այս կանայք ներկա չէին այս բոլոր իրադարձություններին, այլ ուրիշ շատերը, ինչպես որ Ղուկաս ու Մատթեոս Ավետարանիչներն են անդրադառնում (տե՛ս Ղուկ. 8. 3, Մատթ. 27. 55):

Քանի որ այս կանանց, նախ, տրվեց Քրիստոսի Հարության պատգամը, և այնուհետև  նրանք արիաբար տարածեցին Հարության բարի լուրը, Եկեղեցու սուրբ և աստվածազգյաց Հայրերը սահմանել են, որ Թովմասի կիրակիից հետո նշենք այս սուրբ Կանանց հիշատակը, Հովսեփ Արիմաթացու ու Նիկոդեմոսի հետ միասին:

-Գե՛րոնդա, տպավորված եմ Յուղաբեր Կանանց համարձակությամբ[1]:

-Յուղաբերները մեծ վստահություն ունեին Քրիստոսի հանդեպ: Նրանք հոգևոր վիճակ ունեին, դրա համար էլ ոչինչ հաշվի չառան: Եթե հոգևոր վիճակ չունենային, կանեի՞ն այն, ինչ արեցին: Այգաբացին` մի ժամի, երբ արգելվում էր շրջելը, անուշահոտ յուղերը ձեռքներին սկսեցին դեպի Քրիստոսի ամենասուրբ գերեզմանը գնալ` Նրա հանդեպ սիրուց մղված: Այդ իսկ պատճառով էլ արժանացան Հրեշտակից լսելու Հարության ավետաբեր լուրը[2]:

© www.orthodoxkyanq.org

[1] Հատված սբ. Պաիսիոս Աթոսացու հետ զրույցից:

[2] Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος ΣΤ΄, Περί Προσευχής, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2012.

Յուղաբեր կանայք` Քրիստոսի Հարության առաջին վկաները