/ Աստվածաշնչի մեկնություն / Զրույցներ Տերունական աղոթքի մասին

Զրույցներ Տերունական աղոթքի մասին

Զրույցներ Տերունական աղոթքի մասին

ԲՈՐԻՍ ԱՐՔԻՄԱՆԴՐԻՏ ԽՈԼՉԵՎ
(1895-1971)

ԱՂՈԹՔԻ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԵՐԸ

    Այսօր Աստուծո օգնությամբ կսկսենք Տերունական աղոթքի մասին զրույցները: «Տերունական» անվանումն այն աղոթքին է տրվել, որը «Հայր մեր» բառերով է սկսվում:
    Ինչու՞ է այս աղոթքը «Տերունական» կոչվում:
    Բանն այն է, որ սբ. Եկեղեցու գործածած աղոթքները տարբեր ծագում ունեն: Որոշ աղոթքներ Աստուծո սրբերը, հոգեկիր հայրերն են կազմել, որոշ աղոթքներ մարդիկ հրեշտակներից են փոխ առել: Այդպիսին է «Փառք ի բարձունս` Աստծուն, և երկրի վրա` խաղաղություն, մարդկանց մեջ` բարեհաճություն» աղոթքը, որ Քրիստոսի ծննդյան գիշերը հրեշտակներն են երգել (Ղուկ. Բ, 13-14): Հրեշտակներից է փոխառնվել նաև «Սուրբ Աստված, սուրբ Հզոր, սուրբ Անմահ, ողորմյա մեզ» և «Արժանի է ճշմարտապես երենել քեզ` Աստվածածնիդ…» աղոթքները:
    Կա մի աղոթք, որն ամենասուրբ Կույս Մարիամն է կազմել և երգել. «Իմ հոգին Տիրոջն է մեծարում, և ոգիս իմ Փրկիչ Աստուծով ցնծաց» (Ղուկ. Ա, 46-55): Այս աղոթքը Եկեղեցին կարդում է ամեն օր` տարվա    մեջ միայն մի քանի օրերի բացառությամբ:
    Իսկ «Հայր մեր» աղոթքը հենց Հիսուս Քրիստոսն է մարդկանց տվել: Դրա համար էլ այն «Տերունական» է կոչվում: Աշակերտները Տեր Հիսուս Քրիստոսին խնդրեցին, որ իրենց աղոթել սովորեցնի: Այդ խնդրանքին ի պատասխան` Քրիստոսն աշակերտներին «Հայր մեր» աղոթքը տվեց (Մատթ. Թ, 16):
    Քանի որ այս աղոթքը հենց Տերն է տվել, ապա մենք մեծագույն ուշադրությամբ պետք է սրան վերաբերվենք, պետք է պարզենք ոչ միայն աղոթքի յուրաքանչյուր բառի իմաստը, այլև այն հերթականությունը, որով մի բառը մյուսին է հաջորդում:
    Այժմ Տերունական աղոթքի առաջին բառերի վրա կանգ կառնենք. «Հայր մեր, որ յերկինս ես»:
    Այս բառերում բացահայտվում է մի ճշմարտություն, որն էական նշանակություն ունի թե՛ քրիստոնեական աշխարհայացքի, և թե՛ քրիստոնեական կյանքի համար: Երկրագնդի բոլոր ժողովուրդները ձգտում են ճանաչել Աստծուն, նրա հետ միության, հաղորդակցության մեջ մտնել, իրենց կյանքն ըստ նրա Օրենքի կառուցել:
    Բայց Աստծուն ճանաչելը դյուրին չէ. մի բան է, որ մի մեծ ջանք, մարդկային հոգու բոլոր ուժերի լարումն է պահանջում:
    Սակայն Աստված իր մասին ճշմարտությունն անձամբ մարդկանց հայտնեց. սկզբում մասամբ` աստվածընտիր հրեական ազգի մարգարեների, իսկ ամբողջությամբ` Մարմնացյալ Աստվածորդի Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Մարդկությունն Աստուծո մասին ճշմարիտ գիտելիքն ստացավ. գիտելիք, որը Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով է բերվել և սբ. Եկեղոցու մեջ է պահպանվում:
    Տերունական աղոթքի առաջին բեռերը պարունակում են Աստուծո մասին այս մեծ ճշմարտությունը, որը Հիսուս Քրիստոսի միջոցով է հայտնվել:
    Տերունական աղոթքի առաջին բառերում Հիսուս Քրիստոսը հայտնում է, որ Աստված ո՛չ բնության ուժն է և ո՛չ էլ բնությունն առհասարակ, ո՛չ ճակատագիրն է, ո՛չ բախտը, և ո՛չ էլ մեր աշխարհի հետ կենդանի կապ չունեցող տիեզերքը: Աստված գոյություն ունեցող ամեն ինչի Հայրն է:
    Աստված ոչ միայն ստեղծել է տիեզերքը, համայն աշխարհը` թե՛ բնությունը և թե՛ հոգևոր աշխարհը, այլ իր արարածներին Հոր պես սիրում է, հոգ տանում, նախախնամում և առաջադրված նպատակին ուղղորդում: «Հայր» բառը մարդկային մտքին ու սրտին մոտ է և հասկանալի: Հայրը նա է, ով իր արարածին կյանքի է կոչում, սիրում և հոգ է տանում նրա մասին:
    Աստվածաստեղծ տիեզերքը բազմազան է. մի կողմից «մեր» աշխարհն է, իսկ մյուս կողմից` հրեշտակային հոգևոր աշխարհը, որն Աստվածաշնչի լեզուն «Երկինք» է կոչում: Դրա համար Աստված մի կողմից «Հայր մեր», այսինքն` բնության-մարդկային աշխարհի Հայր է կոչվում, իսկ մյուս կողմից` «երկնային Հայր»`«որ յերկինս ես», այսինքն` հոգևոր աշխարհի, հրեշտակային Զորությունների Հայր է անվանվում:
    Թե՛ հերշտակները, թե՛ մարդիկ, և թե՛ բնությունը մեկ տիեզերք, մեկ Հայր ունեցող Աստուծո մեկ ընտանիք են կազմում: Հրեշտակները մարդանց ավագ եղբայրներն են, իսկ կենդանիները և ողջ բնությունը` կրտսեր:
    Աստուծո` որպես տիեզերքի Հոր, և աշխարհի` որպես ընտանիքի մասին այս մեծ ճշմարտությունը կենսական մեծ նշանակություն ունի. մարդն անշունչ բնության մասնիկը, «ճակատագրի» ու «բախտի» խաղալիքը չէ. նա Աստուծո զավակն է:
    Աստված ոչ միայն արարում է մարդուն, այլև սիրում է նրան և հոգ տանում նրա մասին:
    Մարդն աշխարհում միայնակ չէ. նա Աստուծո մեծ ընտանիքի մեջ է ապրում. մարդը կենդանի կապ ունի թե՛ հրեշտակային Զորությունների, թե՛ կրտսեր եղբայների` կենդանիների, բույսերի և ավելի տարրական բնութենական ուժերի հետ:
    Աստուծո` տիեզերքի Հոր մասին մեծ ճշմարտությունը մարդուն թևավորում է և ներշնչում, անասելի ուրախությամբ և զորությամբ է նրան լցնում: Ամեն:
(շարունակելի)

Թարգմանությունը ռուսերենից` Գևորգ Ղազարյանի

 

© www.orthodoxkyanq.org