/ Հրաշքներ / Սրբության երկու թևերը

Սրբության երկու թևերը

 

Սրբության երկու թևերը

 

   Ծագումով ամերիկացի Քլարա Թելենը (ծնվ. 1984 թ.), քրիստոնեական հավատքի արմատները փնտրելով, 2008թ., Լարիսայի սբ. Հովհաննես Կարապետ վանքում (Հունաստան) ծանոթացավ Ուղղափառությանը: Մեկամյա նախապատրաստությունից ու հավատքի ուսուցումից հետո, 2009թ. փետրվարի 19-ին նա մկրտվեց` ստանալով «Ֆոտինե» անունը: 2013թ. զատկական շաբաթվա մեջ Ֆոտինեն ստացավ վանական վերարկուն` վերանվանվելով «Թեոկլիտե» (թրգմ. «Աստվածակոչ»): Նույն տարվա աշնանը, սակայն, առողջության խնդիրներ ի հայտ եկան: Համապատասխան բուժքննությունից հետո ախտորոշվեց կերակրափողի և աղեստամոքսային համակարգի քաղցկեղ, որի դեմն առնելու համար սկսվեց քիմիաբուժությունը:

  2014թ. ապրիլին, սբ. Զատկին հաջորդող հինգշաբթի, քույր Թեոկլիտեն ձեռամբ Դիմիտրիադայի մետրոպոլիտ Իգնատիոսի ընդունեց վանական մեծ սքեմի հերակտրությունը և հաջորդ օրը տարվեց Լարիսա քաղաքի Համալսարանական հիվանդանոց, որտեղ մնաց չորս ամիս` հակառակ ծանր վիճակին իր շուրջբոլորը խաղաղություն ու լավատեսություն սփռելով: Ինչպես բուժանձնակազմը, այնպես էլ բազմաթիվ այցելուներն այն զգացումն ունեին, թե մի հրեշտակի հետ էին զրուցում ու շփվում: Վանքի միանձնուհիները, որոնք շարունակ ք. Թեոկլիտեի կողքին էին, վկայում են նրա համբերության ու քաջության, այլոց հանդեպ մտահոգության մասին: Նրա առանձնապես նուրբ հոգին ցավի միջից է՛լ ավելի քնքուշ դարձավ` անմիջապես հասկանալով ուրիշի դժվարությունն ու վիշտը, որը ջանում էր ամենաշող իր ժպիտով ու տերողորմյայի անդադար աղոթքով վերացնել ու փոխարենը հույս ծնել: Հիվանդանոցի պալատը, որտեղ ք. Թեոկլիտեն անցկացրեց իր վերջին չորս ամիսները, վերածվել էր վանական խցի, որտեղ սրբապատկերների առջև անմար կանթեղ ու խունկ էր վառվում, իսկ քույրն աղոթում ու ձեռքի աշխատանք էր անում ըստ վանքի կանոնադրության:

   Բազում անգամներ բժիշկներն ու բուժքույրերը կարծում էին, թե քույրը մահամերձ է, սակայն ամեն անգամ նրանց «հուսախաբ» էր անում հաղթանակած իր եզակի ժպիտով, որը նորից ու նորից երևում էր նրա շնորհացյալ դեմքին:

   Հուլիս ամսին ք. Թեոկլիտեն շատ դժվարին վիճակում հատնվեց: Նրան միացրեցին արհեստական թթվածնի սարքին ու դրա մասին տեղեկացրեցին վանքին: Իր սիրելի վանամորը տեսնելուն պես ք. Թեոկլիտեն ակնթարթորեն պոկեց թթվածնի դիմակն ու խնդրեց հաղորդվել. Սբ. Հաղորդությունը նրա ամենօրյա սնունդն ու մխիթարութունն էր դարձել: Սբ. Հաղորդությունից հետո հոգու պայծառություն ուներ ու պատմեց վանամորը, որ այն պահին բարձրացել է Աստուծո մոտ, և Տերն իրեն ասել է.

-Ինձ հետ ես լինելու:

   Միանձնուհու հոգին անսահման խաղաղություն է զգացել, սակայն սկսել է մտածել` արդյոք որտե՞ղ` երկնքու՞մ, թե՞ երկրի վրա: Նրա հոգին երկատվել է, խռովվել, սակայն նորից խաղաղվել և ուշքի է եկել այն բանից հետո, երբ պատասխանել է.

-Ինչ որ դու ես ուզում, Տե՛ր:

   Եվ Տերը ք. Թեոկլիտեին շնորհեց ևս մեկ ամիս, կամ ավելի ճիշտ` ք. Թեոկլիտեին ևս մեկ ամսով շնորհեց միաբանությանը: 2014 թ. օգոստոսի 18-ի լուսաբացին,  խաղաղ ու անձայն ք. Թեկլիտեն հոգին ավանդեց իր սիրեցյալ Քրիստոսին: Միանձնուհու մարմինը պահեց իր ճկունությունն ու փափկությունը ընդհուպ վանքի գերեզմանատանը հողին հանձնվելը: Վանքի, որտեղ սպասավորել էր մեծ սիրով ու անձնազոհությամբ և իր հետքն էի թողել բոլոր տեղերում ու բոլոր հնազանդություններում: Բազմաթիվ հոգևոր այրերի վկայությամբ (նրանցից ոմանք նույնիսկ ծանոթ չէին միանձնուհուն, միայն աղոթում էին նրա համար)` ք. Թեոկլիտեն ոչ միայն հանգիստ, այլև բարեխոսելու շնորհ ու համարձակություն է գտել Աստուծո առջև: Հաճախ վանք են գալիս մարդիկ, որոնք խնդրում են թույլ տալ` աղոթելու միանձնուհու գերեզմանին իրենց տառապեցնող խնդիրների համար:

   Զարմանալի է, որ այսքան պարզ ու ընդունակ հոգին ընդամենը չորս տարվա ընթացքում կարողացավ հոգևոր առումով ամբողջականանալ, Աստծուն ամբողջական նվիրումով սրբանալ ու հասնել աստվածացմանը, որը յուրաքանչյուր հավատացյալ քրիստոնյայի նպատակն է: Վանամոր հանդեպ մեծ սիրով ու պատկառանքով կատարյալ հնազանդությունն ու ոչ միայն խոսքով, այլ նաև մտքով` մարդկանց դատելուց խուսափումը երկու թևերի պես ք. Թեոկլիտեի հոգին կարճ ժամկետում Երկինք բարձրացրեցին:

   Մեր միաբանությունն իր ծոցի միջով այս եզակի հոգու մեղմ անցումից շատ բան ունի սովորելու: Մենք մխիթարվում ու սփոփվում ենք այն վստահությամբ, որ ք. Թեոկլիտեն երկնային վանքի առաջին հիմնադիրն է, որտեղ և սպասում է մեզ բոլորիս…

 

Սբ. Հովհաննես Կարապետ վանքի միաբանություն (Հունաստան)

Լուսանկարում` ք. Թեոկլիտեն մեծ սքեմի հերակտրությունից հետո

 Թարգմանությունը հունարենից` Գ. Ղազարյանի

 

 

 

Սրբության երկու թևերը