/ Ծերերի խրատներ / Մադը որքան տրտնջում, այնքան կործանվում է

Մադը որքան տրտնջում, այնքան կործանվում է

 

Մադը որքան տրտնջում, այնքան կործանվում է

           Սբ. Պաիսիոս Աթոսացի

 

    -Գե՛րոնդա, ի՞նչն է տրտնջալու պատճառը և ինչպե՞ս կարելի է  դրանից խուսափել:

    -Պատճառը թշվառությունն է, իսկ մարդը փառաբանությամբ այն մի կողմ է մղում: Տրտունջը տրտունջ է ծնում, իսկ փառաբանությունը` փառաբանություն: Երբ մարդն իրեն պատահած դժվարության համար չի տրտնջում, այլ փառաբանում է Աստծուն, այդ ժամանակ փախչում է սատանան և գնում մեկ այլ տրտնջացողի մոտ, որպեսզի ամեն ինչ էլ ավելի տակնուվրա անի. քանզի մարդ որքան տրտնջում, այնքան կործանվում է:

    Երբեմն տանգալակին[1] (խաբեությամբ) մեզ հափշտակում և այնպիսին է դարձնում, որ ոչինչ մեզ չգոհացնի, մինչդեռ մարդը փառաբանությամբ կարող է ամեն ինչում հոգեպես ցնծալ և Աստծո օրհնությունն ունենալ: Հրեն, այնտեղ` Աթոսում, մեկին գիտեմ, որ եթե անձրև գա և նրան ասես.

   -Կրկին անձրևում է:

   -Այո, շարունակ անձրևում է, շատ խոնավությունից կփտենք,-սկսում է:

     Եթե քիչ հետո անձրևը դադարի ու նրան ասես.

    -Է՜հ, այդքան էլ շատ անձրև չեկավ:

    -Այո, դա անձրև՞ էր: Տեղանքը կցամաքի…,-պատասխանում է:

    Եվ ոչ ոք չի կարող ասել, թե ուղեղի հետ խնդիր ունի, սակայն նա տրտնջալը սովորություն է դարձրել: Բանական լինել ու մտածել անտրամաբանորե՜ն:

    Տրտունջն անեծք է: Մարդը, կարծես թե, ինքն իրեն անիծում է, իսկ հետո Աստծո ցասումն է հաջորդում: Էպիրոսում[2] երկու հողագործների ճանաչեցի: Մեկն ընտանիք ուներ ու երկու-երեք հողակտոր, և ամեն ինչ Աստծուն էր վստահում՝ աշխատում էր առանց մտատանջության, ուժերի ներածին չափով:

    -Կանեմ այն, ինչ կհասցնեմ,-ասում էր:

   Երբեմն որոշ խրձեր անձրևից փտում էին, որովհետև չէր հասցնում դրանք հավաքել, որոշները քամին էր դեսուդեն ցրում: Այդուհանդերձ, ամեն ինչի համար ասում էր` փա՜ռք քեզ, Աստված, ու ամեն ինչ նրա մոտ լավ էր ընթանում:

     Մյուսը շատ կալվածքներ ուներ, կովեր և այլն, զավակներ էլ չուներ: Եթե նրան հարցնեիր.

    -Գործերդ ինչպե՞ս են:

    -Թո՛ղ, լավ է չհարցնես,-պատասխանում էր:

    Երբեք չէր ասում` փա՜ռք քեզ, Աստված. ամբողջությամբ տրտունջ էր: Եվ տեսեք՝ մի անգամ նրա կովն էր սատկում, ուրիշ անգամ այս էր պատահում, մեկ ուրիշ անգամ` այն: Ամեն ինչ ուներ, սակայն առաջ չէր գնում:

    Դրա համար էլ ասում եմ, թե փառաբանությունը մեծ բան է: Մեզնից է կախված, թե կճաշակենք կամ ոչ այն օրհնությունները, որ Աստված է մեզ պարգևում: Սակայն ինչպե՞ս դրանք ճաշակենք, քանի որ Աստված, ասենք թե, բանան է մեզ տալիս, իսկ մենք մտածում ենք, թե այսինչ նավատերը ի՞նչ ավելի լավ բան է ուտում: Որքա՜ն մարդիկ են միայն ցամաք հաց ուտում, սակայն զոր ու գիշեր փառաբանում են Աստծուն և սնվում երկնային քաղցրությա՜մբ: Այդ մարդիկ հոգևոր զգացողություն են ձեռք բերում և ճանաչում Աստծո գուրգուրանքը: Մենք դա չենք հասկանում, որովհետև սրտներս տիղմով է պատված ու ոչնչով չենք բավարարվում: Չենք հասկանում, թե երջանկությունը հավիտենականության մեջ է, և ոչ թե ունայնության:

 

     Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Δ΄, Οικογενειακή Ζωή, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2011.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ, բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1] Սբ. Պաիսիոսը հաճախ սատանային այսպես էր կոչում:

[2]Հունաստանի հյուս-արևմտյան նահանգներից, որը ներկայումս բաժանված է Հունաստանի և Ալբանիայի միջև:

 

 

Մադը որքան տրտնջում, այնքան կործանվում է