/ Խրատանի Սրբոց / Աղոթքի զորակոչ

Աղոթքի զորակոչ

Աղոթքի զորակոչ

Սբ. Պաիսիոս Աթոսացի

      -Գե՛րոնդա, կլինի՞ պատերազմ:
    -Իսկ դուք աղոթու՞մ եք: Գարնանից ի վեր մինչև աշուն աղոթքի «զորակոչ » եմ հայտարարել, անաղմուկ, որպեսզի Աստված մեզ խղճա, որ խուսափենք զորակոչից ու պատերազմից: Տեղեկություն ունեի . «Շատ աղոթեք, որ թուրքերն արգելվեն, որովհետև կիրակի` հոկտեմբերի 16-ին, նպատակադրված են մեզ հարվածելու»: Փառք Աստծո, մինչև հիմա Ասվածամայրը մեզ պահել է. աղոթենք, որ հետայսու էլ մեզ պահպանի:
-Գե՛րոնդա, հիմա, որ վտանգն այստեղից անցել է, շարունակելու՞ ենք աղոթել այդ խնդրի համար:
-Արդյոք կա՞ այդպիսի տեղ` առանց պատերազմի: Ի՞նչ է նշանակում «այստեղ» և «այնտեղ»: Այնտեղ, որտեղ հիմա պատերազմ կա, մեր եղբայրներն են: Բոլորս Ադամից ու Եվայից չե՞նք: Սակայն մեր ընտանիքը մասնատվել է. ոմանք այստեղ են, ոմանք` այնտեղ: Ուղղափառների հետ եղբայրներ ենք և՛ ըստ մարմնի, և՛ ըստ հոգու, մինչդեռ մյուսների հետ միայն ըստ մարմնի ենք եղբայրներ: Հետևաբար, մեկ շարժառիթ էլ ավելի ունենք, որ պետք է սրտացավությամբ աղոթենք նրանց համար, որովհետև նրանք ավելի տառապյալ են:
    -Գե՛րոնդա, այս ընթացքում, որ իրավիճակը Հունաստանում դժվար է, շատ եմ համրիչով աղոթում, սակայն նաև մտածում եմ, որ Հունաստանի փրկությունն իմ համրիչից կախված չէ:
   -Այդպես չէ, որ Հունաստանի փրկությունը քո համրիչից է կախված, սակայն Հունաստանի դժվարության մասին շարունակ մտածելը նշանակում է, որ հայրենիքի համար ցավում ես և Աստծո միջամտությունն ես խնդրում. Նա է միակը, որ կարող է օգնել:
Աղոթեք, որ Աստված հոգևոր մարդկանց բարձրացնի՝ մակաբայեցիների , որովհետև մեծ կարիք կա: Եկել է ժամանակը, որ բարին չարի հետ պատերազմի, որովհետև անօրենությունն օրենք են դարձրել, իսկ մեղքը` նորաձևություն: Սակայն երբ Հունաստանում աղետներ տեսնեք, երբ պետությունը հիմար օրենքներ ընդունի և ընդհանուր անկայունություն լինի, այդժամ Աստված կօգնի :
    -Գե՛րոնդա, այդպես որ ասում եք, ամեն ինչ պետք է թողնենք և մեր ուժերն աղոթքին տանք:
   -Բայց այդ հարցի վերաբերյալ այլ կարծիք կարո՞ղ է լինել: Ողջ աշխարհը, կարծես, կաթսայի մեջ եռում է. Եկեղեցին, պետությունը, բոլոր ազգերը տակնուվրա են: Եվ դեռ ինչ զարգացումներ ենք ունենալու, ոչ ոք չգիտի: Աստված իր ձեռքը դնի՜: Վանականները պետք է շատ աղոթեն: Եվ, եթե անգամ շտապ աշխատանքներ էլ ունենան, պետք է ամեն ինչ դադարեցնեն և աղոթքին դառնան:
Որքան կարող եք, խոնարհաբար աղոթեք աշխարհի համար, որ հակառակորդին շատ իրավունքներ է տվել և այսօր տառապում է: Մի մոռացեք, որ վանական ենք դարձել մեր հոգու փրկության համար, և որպեսզի աղոթքով աշխարհին օգնենք: Ջանանք` լավ վանականներ դառնալու, համրիչով աղոթենք և երկրպագություններ անենք մեզ և աշխարհի համար, որովհետև վանականը դրանցով է օգնում:

   Հունարենից թարգմանությունը` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

 Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος ΣΤ΄, Περί Προσευχής, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2012.
©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

Աղոթքի զորակոչ