/ Վարք Սրբոց / Սբ. Սավաս Նոր (Կալիմնոսացի)

Սբ. Սավաս Նոր (Կալիմնոսացի)

Սբ. Սավաս Նոր (Կալիմնոսացի)

 

Ապրիլի 7/20

(1862-1948թթ.)

Սբ. Սավասը (ավազանը անունը` Բարսեղ) ծնվել է 1862թ., Արևելյան Թրակիայի Հերակլիցա գյուղում, աղքատ ու պարզ ծնողներից: Բարսեղը մեծանում է խոր հավատքով ու մեծ բարեպաշտությամբ` ջանալով ընդօրինակել Եկեղեցու Սրբերի ճգնությունները: Նա 12 տարեկանում ամեն օր համոզվում էր, որ իր գործածած մասնագիտությունն իր համար չէր և մեկ այլ կյանքի էր տենչում: Ուզում էր միայն Քրիստոսի համար ապրել և հետևել վանական կենցաղավարության ճանապարհին: Այդպես, վճռական որոշում է ընդունում աշխարհն ու աշխարհականը լքելու: Բարսեղն այդ տարիքում ճանապարհ է ընկնում դեպի Աթոս` սբ. Աննայի սկիտ, որտեղ 12 տարի ապրում է աղոթքով ու խիստ ճգնությամբ:

Սրտի ջերմ ցանկությունն էր Սուրբ Երկիր այցելել, ինչն իրականացնում է, նախ, իր ծննդավայրով անցնելով: Միշտ Աստծո օգնությանը հուսալով` մուտք է գործում Խոջևայի (Իսրայել) սբ. Գևորգ վանքը, որտեղ եռամյա առաքինի կյանքից հետո 1890թ. վանական հերակտրություն է ընդունում, իսկ ավելի ուշ` 1894-ին, վանահայր Կալինիկոսը նրան սբ. Աննայի սկիտ (Աթոս) է ուղարկվում, որպեսզի սրբանկարչություն սովորի: 1902թ.՝ սարկավագ, իսկ հաջորդ տարի քահանա է ձեռնադրվում: Մինչև 1906թ., որպես ծխական քահանա, ծառայում է Երուսաղեմի սբ. Խաչ վանքի Աստվածաբանության համալսարանում, որտեղ ծանոթանում է արքիմանդրիտ Քրիսոստոմոս Պապադոպուլոսի հետ (Աթենքի և համայն Հունաստանի ապագա արքեպիսկոպոսը), ով սբ. Սավասի մասին  կալիմնոսացի իր ընկեր Գերասիմոս Զերվոսին մինչև սրբի ննջելն ասում էր. «Գերասիմո՛ս, իմացի՛ր, որ հայր Սավասը սուրբ մարդ է»:

Սուրբը 1907թ. կրկին Խոջևայի վանք է գալիս` խիստ ճգնության հետևելով, ճգնավորական կաննոներին կատարյալ հնազանդությամբ, ծայրաստիճան խոնարհությամբ, հայացքը՝ խոնարհած[1], նյութական բոլոր բարիքների զրկանքներով: Նրա կերակուրն այստեղ մեկ գդալ թրջած ցորեն էր և ջուր գետից:

1916թ. վերջնական Հունաստան է վերադառնում, գնում է Պատմոս կղզի, որտեղ ապրում է երկու տարի և այդ ընթացքում սբ. Հովհաննես Ավետարանչի վանքի կաթողիկեում[2] երկու սրբապատկեր նկարում: Այնուհետև Աթենք է գալիս և տեղեկանալով, որ իրեն Պենդապոլսի մետրոպիլիտ սբ. Նեկտարիոսն է փնտրում, Էգինա կղզի է գնում և Սրբին սպասավորում մինչև նրա ննջման օրը: Սբ. Նեկտարիոսի հետ համակեցությունն, անշուշտ, էլ ավելի է նպաստում իր հոգևոր առաջընթացին: Հայր Սավասը տեսնում է սբ. Նեկտարիոսի խստակրոն ճգնությունը, նրա հանրածանոթ խոնարհությունն ու պարզությունը: Նա ապրում և վկայում է Սրբի առաջին հրաշքը, երբ նրա ննջումից հետո տեսնում է, թե Սուրբն ինչպես է խոնարհում իր գլուխը, որպեսզի նրան փորուրարը հագցնի, և հետո գլուխը կրկին իր տեղն է գալիս: Երեք օր շարունակ Էգինայի վանքի միանձնուհիները զրույցներ էին լսում Սրբի գերեզմանից: Երբ մոտենում են, այնտեղ հայր Սավասին են տեսնում սբ. Նեկտարիոսի հետ զրուցելիս: Նա 40 օր իր խցում փակված է մնում: Քառասուներորդ օրը խցից դուրս է գալիս` ձեռքին սբ. Նեկտարիոսի մի սրբապատկեր, և այն վանամորը տալիս՝ հրամայելով, որ սրբապատկերների խոնարհման համար հատուկ գրակալին տեղադրի: Վանամայրը պատասխանում է, որ դա հնարավոր չէ, որովհետև Նեկտարիոսը Եկեղեցու կողմից պաշտոնապես սուրբ չի ճանաչվել և, այդպիսի մի քայլ, գուցե, վանքի հալածանքի պատճառ դառնա: Այդ ժամանակ սբ. Սավասը հրամայական տոնով ասում է նրան.

-Պարտավոր ես հնազանդվել: Վերցրու՛ սրբապատկերը և այն սրբարանին տեղադրի՛ր և Աստծո կամքը մի՛ քննիր:

Սբ. Սավասն Էգինայում այլևս չի կարողանում մնալ, որովհետև շատ մարդ էր այստեղ այցելում, իսկ դա լռություն սիրող վանականին հոգնեցնում էր: Այստեղից նա Աթենք, այնուհետև Կալիմնոս է գնում, որտեղ կղզու վանքերն ու անապատները շրջելուց հետո Ամենայն Սրբոց վանքում է վերջնականապես հանգրվանում: Այստեղ հոգևոր բուռն կյանք է սկսում. սրբանկարչությամբ զբաղվում, ժամերգություններն ու սրբազան Խորհուրդները կատարում, խոստովանություն ընդունում, իր կյանքով ու օրինակով ուսուցանում մարդկանց և օգնում այրիներին, որբերին ու աղքատներին: Սուրբը մեղմ ու գթասիրտ էր այլոց մեղքերի նկատմամբ, սակայն հայհոյանքն ու դատելը չէր հանդուրժում: Հաճախ արտասվում ու սրտազեղ խնդրում էր իր հոգևոր զավակների ապաշխարության համար: Սբ. Պատարագը մատուցելիս կատարելապես սևեռվում էր Խորհրդի վրա:

Սուրբն իր կյանքի իսկ օրոք արժանանում է իր մարմնի անուշահոտությանը[3]: Նրա անցումն էլ էր անուշահոտությամբ, անուշահոտություն, որ դուրս է գալիս նաև գերեզմանից՝ նրա մասունքները հանելուց հետո:

Սբ. Սավասը դրամ երբեք չէր պահում իր մոտ: Նրա կյանքը սուրբ հնազանդության մի շարունակական վիճակ էր: Այդպես էլ լրացնում է իր երկրային կյանքի օրերը: Լռակյաց, առաքինի, մաքուր ու սրտով խոնարհ հայր Սավասի ննջելուց առաջ վերջին բառերն էին. «Տե՜րը, Տե՜րը, Տե՜րը…»: Այս աղոթք-խոստովանությունը նրա` ի Քրիստոս կյանքի վկայությունն էր:

Եվ, իսկապես, հայր Սավասի սրբությունը վկայվեց և կնքվեց նաև աստվածային նշաններով, որոնք հայտնվեցին նրա սրբազան մասունքները գերեզմանից հանելու ժամանակ՝ 1957թ. ապրիլի 7-ին: Անբացատրելի անուշահոտությամբ է լցվում գերեզմանի շրջապատը, մինչդեռ Սրբի ոսկորներն իրար կպած են հայտնվում, իսկ քահանայական հանդերձանքն` անփուտ: Սրբազան մասունքը տեղադրվում է հատուկ մասնատուփի մեջ և հանդիսանում անգնահատելի աստվածային գանձ ոչ միայն Կալիմնոս կղզու Ամենայն Սրբոց վանքի համար, այլև` ողջ Ուղղափառության:

Սբ. Սավասի բարեխոսությամբ Հունաստանում ու նրա սահմաններից դուրս կատարվել ու կատարվում են անհամար հրաշքներ, որոնցից շատերն արձանագրված են նրա կյանքին ու գործին նվիրված, բազմիցս հրատարակված գրքում:

 

savvas1832010

Սրբի հանդիսավոր ու պաշտոնական սրբադասումը տեղի է ունեցել պատրիարքական-սինոդական Տոմարով, 1992թ. փետրվարի 19-ին:

 

 

© www.orthodoxkyanq.org

 

[1] Ճգնության ձև:

[2] Վանքերի, անապատների կենտրոնական եկեղեցին:

[3]Մարմնի անուշահոտությունը (ննջելուց հետո ոսկորների անուշահոտությունը) Աստծուց հաճախ իր ընտրյալներին տրվող գերբնական շնորհներից է: Այսօր էլ բազմաթիվ են այդպիսի վկայությունները ուղղափառ վանականների ու, երբեմն, նաև աշխարհականների պարագային:

 

 

Սբ. Սավաս Նոր (Կալիմնոսացի)

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com