/ Աստվածաշնչի մեկնություն / Ի՞նչ է պայքարը չարի դեմ

Ի՞նչ է պայքարը չարի դեմ

 Ի՞նչ է պայքարը չարի դեմ

Հատված Սերբիայի պատրիարք Պավելի (1914-2009թթ.) քարոզների և զրույցների գրքից

<Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. <Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդվել ես>։ Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենևի՛ն չերդվել. ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրա, որովհետև նրա ոտքերին պատվանդան է, և ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։ Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել։ Այլ ձեր խոսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից ավելին չարից է։ Լսել էք՝ ինչ ասվեց. <Աչքի փոխարեն՝ աչք և ատամի փոխարեն՝ ատամ>։ Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյու°սն էլ դարձրու։ Եվ եթե մեկը կամենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։ Եվ եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա>։

Մատ. 5. 33-41

Տերը հիշեցնում է մեզ, որ չի կարելի երդվել, որ մեր միջև այնպիսի ճշմարտասիրություն պետք է լինի, այնպիսի վստահություն, որ բավարար լինի ասել այո, և դա կլինի այո, կամ՝ ոչ, և դա ոչ կլինի: Իհարկե, կարևոր դեպքերում Եկեղեցին թույլ է տալիս երդումը ճշմարտության պարզաբանման համար, հատկապես, դատարանում: Մենք գիտենք Սուրբ Գրքից, որ Տերը մի անգամ երդվեց Իրենով: Խոսքն այն մասին չէ, թե երբևէ չի կարելի գործածել երդումը, այլ, որ պետք է աշխատել ճշմարտասեր լինել, քանզի Աստված Ճշմարտություն է, իսկ սատանան՝ սուտ և ստության հայր: Այդ իմաստով պետք է սիրել Ճշմարտությունը: Եվ մի անգամ էլ կրկնեմ. Մովսեսի հին օրենքում ասված է. <Աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ> (Ելք 21.24): Սա օրինականության առավել բարձր աստիճան է, քան դրան նախորդածը: Ղամեքն, ով երկու կին ուներ, ասաց, որ մի երիտասարդ մարդ է սպանել՝ իրեն վիրավորելու և հարվածելու համար (Ծննդոց 4, 23): Եվ ահա հայտնվում է Մովսեսի օրենքը, որն ասում է. <Աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ, ձեռքի դիմաց՝ ձեռք, ոտքի դիմաց՝ ոտք> (Ելք 21, 24). որքան քեզ են արել, այնքան էլ կարող ես վերադարձնել: Եվ, վերջապես, Աստված պատվիրում է մեզ անել ավելին, որպեսզի նախաձեռնությունը չարվածից անցնի մեզ: Տերն ասում է՝ չհակառակվել չարին բռնությամբ: Ոչ թե ընդհանրապես չդիմադրել չարիքին՝ դա արդեն կրավորականություն կլիներ, բարու և չարի միջև տարբերությունների ոչնչացում, այլ չդիմադրել բռնությամբ, չարագործությանը չարագործությամբ չպատասխանել: Եվ Պողոս առաքյալն էլ է ասում. <Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին>   (Հռոմ. 12, 21): Դրանում է Քրիստոսի քարոզների իմաստը, բայց կրկնում եմ՝ ոչ բառացի: Քանի որ և Նա, երբ դատարանում էր և երբ սպասավորը հարվածեց Իրեն, դեմ չտվեց ձախ այտը, այլ ասաց. <Եթե մի սխալ բան ասացի, ցու՛յց տուր սխալը, իսկ եթե ուղիղ է ասածս, ինչու ես խփում ինձ> (Հովհ. 18, 23): Կարծում եմ՝ դուք հասկանում եք, թե ինչի մասին է այստեղ խոսքը: Մենք պետք է պատրաստ լինենք բարությամբ գերակշռելու նրան, ինչ մեզ չարիք է պատճառում, փնտրել մեղսավորի ուղղվելու հնարավորություններ, անել ամեն ինչ, որպեսզի նա հասկանա իր մեղքի ծանրությունը: Համենայն դեպս, մենք չպետք է լինենք կրավորական, այլ պետք է ստանձնենք նախաձեռնությունը և այն շրջենք բարու ուղղությամբ: Որքա՜ն իրական չարագործներ են քրիստոնյա դարձել, քանի որ քրիստոնյաները հետևել են Քրիստոսի այս խոսքերին և սիրել են իրենց թշնամիներին, փորձել բերել նրանց զղջման:

Թող Տերն օգնի մեր միջև ճշմարտասիրության հաստատմանը, որպեսզի սիրենք անգամ մեր թշնամիներին. աղոթել Աստծուն, հենց սեփական կյանքով ցույց տալ նրանց, որ նրանք գլորվում են հոգևոր անդունդ, հավիտենական տանջանքներ, որ նրանց պետք է ապաշխարել և փրկվել:

Թող օրհնի ձեզ Աստված:

 

Թարգմանված է ռուսերենից:

 

 

Ի՞նչ է պայքարը չարի դեմ

 

 

 

 

 

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com