/ Վարք Սրբոց / Սբ. Սերաֆիմ Սարովացի

Սբ. Սերաֆիմ Սարովացի

 Սբ. Սերաֆիմ

 Հունվարի 2/15

Սբ. Սերաֆիմը (Մկրտության անունը` Պրոքոր) ծնվել է 1759թ. հուլիսի 19-ին Կուրսկ քաղաքում: Նրա ծնողներն էին Իսիդոր և Ագաթա Մոշնինները: Իսիդոր Մոշնինը` բարեպաշտ և աստածասեր մի անձնավորություն, քաղաքի մեծահարուստներից էր: Կուրսկում նա ձեռնարկում է սբ. Սերգիոս Ռադոնեժցու տաճարի կառուցումը, սակայն մինչև աշխատանքների ավարտը մահանում է` դրանց հոգսը իր բարեգործ կողակցին թողնելով:

Մի անգամ, երբ Ագաթան փոքրիկ Պրոքորի հետ բարձրանում է անավարտ զանգակատուն` աշխատանքներն ստուգելու, երեխան աննկատ մոտենում է շինության եզրին և ընկնում: Սրտաճաք մայրը ներքև է շտապում` մանկան դիակը ողբալու, բայց տեսնում է, որ Պրոքորը բացարձակ անվնաս է մնացել:

Երեք տարի անց մի իրադարձություն ևս ցույց է տալիս, որ մանուկ Պրոքորն Աստուծո ընտրյալն է. նա ծանր հիվանդանում է, և անգամ հարազատներն են ապաքինման հույսը կորցնում: Այդպիսի անհուսալի վիճակում երեխան երազի մեջ տեսնում է սբ. Աստվածածնին, Ով խոստանում է այցելել ու բժշկել իրեն:

Շուտով Կուրսկում Աստվածամոր հրաշագործ պատկերի թափորն է կատարվում: Երբ թափորը Մոշնինների տան մոտ է հասնում, ուժեղ անձրև է սկսվում: Ճանապարհը կրճատելու համար որոշում են Մոշնինների տան բակով անցնել: Առիթից օգտվելով` Ագաթան հիվանդ երեխային դուրս է հանում և Տիրամոր պատկերին մոտեցնում: Այդ օրվանից սկսած Պրոքորը լիովին ապաքինվում է. այդպես ի կատար է ածվում Տիրուհի Աստվածածնի խոստումը:

Տասնյոթամյա Պրոքորի հոգում վերջնականապես հասունանում է վանական դառնալու վճիռը: Մայրը նրան օրհնում է պղնձե խաչով, որը սուրբն իր վզին պիտի կրեր ողջ կյանքի ընթացքում:

Պրոքորն իր քայլերը ռուս վանականության օրրանը` Կիևի Պեչերյան մայրավանքն է ուղղում: Այստեղ մի հայտնի ճգնավոր, որպես փրկության վայր, նրան Սարովի վանքն է մատնանշում` մարգարեանալով, որ նա այդ վանքում է փրկվելու և իր կյանքի ընթացքն ավարտելու:

1778թ. Պրոքորը Սարովի վանք է գալիս և մոնթ1 է դառնում: Երիտասարդ մոնթի առօրյան անցնում է եկեղեցական պաշտամունքով, առանձնական աղոթքներով, հոգեշահ ընթերցանությամբ և այլևայլ հնազանդություններով:

1780թ. Պրոքոր մոնթը հիվանդանում է անհայտ մի հիվանդությամբ. նրա ողջ մարմինն ուռչում է: Հիվանդությունը շարունակվում է երեք երկար տարիներ, որոնց կեսը նա անկողնին գամված է անցկացնում: Պրոքորը հրաժարվում է բժշկական միջամտությունից` ողջ հույսը Տիրոջ վրա դնելով:

Մի օր հիվանդին է հայտնվում Սբ. Աստվածածինը` սբ. Պետրոս և Հովհաննես առաքյալների ուղեկցությամբ: Ցույց տալով հիվանդին` Տիրամայրը Հովհաննես առաքյալին ասում է.

 –Սա մեր ազգատոհմից է:

Աստվածածինն իր աջը դնում է հիվանդի գլխին, իսկ ձախ ձեռքին բռնած գավազանով նրա ազդրին է դիպչում: Այնտեղ մի բացվածք է առաջանում, որից մարմնում կուտակված ողջ հեղուկը դուրս է գալիս, և Պրոքորը կատարելապես ապաքինվում է:

1786թ. Պրոքորն ընդունում է վանական հերակտրություն` Սերաֆիմ անունով, որը եբրայեցերեն նշանակում է «հրաբորբոք»: Նույն թվականին Սերաֆիմ վանականը սարկավագ է ձեռնադրվում:

Մի անգամ` Ավագ Հինգշաբաթի, երբ Պատարագի ժամանակ սբ. Սերաֆիմն արքայական դռներից դուրս է գալիս` ուրարը ժողովրդի վրա տարածելու, հանկարծ անշարժանում է: Հասկանալով, որ գերբնական մի բան է պատահում` նրան խորան են բերում: Երեք ժամ անց, երբ հայր Սերաֆիմը ուշքի է գալիս, պատմում է եղելությունը. նա տեսել էր ժողովրդին օրհնություն բաշխող Տիրոջը` հրեշտակային անթիվ զորոթյուններով` ասես մեղվի պարսերով շրջապատված:

1793թ. սբ. Սերաֆիմը աբեղա է ձեռնադրվում և շատ չանցած վանահոր օրհնությամբ հեռանում է անտառ, որտեղ իր խրճիթ-խցում անապատական խստակեցությամբ է ապրում:

Ինչպես և հին սբ. անապատականները, սբ. Սերաֆիմը դիվական ահավոր փորձությունների է ենթարկվում: Թշնամին սահմռկեցուցիչ զանազան տեսիլքներով ու հարձակումներով փորձում է նրան սարսափեցնել` նպատակ ունենալով սրբին անապատից հեռացնելը:

1804թ. հայր Սերաֆիմին դաժան ծեծի են ենթարկում երեք գյուղացիներ, ովքեր, կարծելով, թե սուրբը հարստություն է կուտակում, նրանից դրամ են պահանջում: Խցում միայն Աստվածածնի սրբապատկերն ու մի քանի հատ կարտոֆիլ գտնելով` ավազակները սարսափահար փախուստի են դիմում: Գիտակցության գալով` սուրբը հազիվհազ կարողանում է ինքն իրեն ազատել կապանքներից և կարեվեր ու արյունոտված վանք է գալիս: Սրբի վիճակը շատ ծանր է լինում, իսկ բժշկության հնարավորությունները` սահմանափակ: Այս անգամ էլ, սակայն, Աստվածածինն իր հայտնությամբ ապաքինում է Տիրոջ ընտյալին: Այնուհանդերձ, սբ. Սերաֆիմը կքված է մնում և մինչև կյանքի վերջը փայտին հենված է քայլում:

Որոշ ժամանակ անց նա անապատ է վերադառնում և լռակեցության ճգնությունն է հանձն առնում: Բացի այդ, հետևելով սբ. սյունակյացների օրինակին` գիշերները նա մի մեծ քարի վրա է աղոթում` ձեռքերը վեր տարածած «Աստուած, քաւեա զիս զմեղաւորս» աղոթքը կրկնելով: Ցերեկները սուրբը գնում է իր խուցը, որտեղ ավելի փոքր քար էր դրել և դրա վրա է աղոթում նույն ձևով: Իր այս ճգնությունը սբ. Սերաֆիմը կատարում է շուրջ երեք տարի` 1000 օր և 1000 գիշեր:

1810թ. վանական ղեկավարության օրհնությամբ հայր Սերաֆիմը Սարովի վանք է վերադառնում և իր նախկին խցում արգելափակվում:

Հինգ տարի անց, Տիրոջ հատուկ հայտնությունից հետո, սբ. Սերաֆիմն իր արգելափակությունը դադարեցնում է: Սրբի խցի դռները լայնորեն բացվում են հոգևոր առաջնորդություն փնտրող յուրաքանչյուր մարդու համար: Տասնհինգ տարի շարունակ այցելուներին իր խցում ընդունելով` սբ. Սերաֆիմն ինքը խցից դուրս չէր գալիս: 1825թ. Կղեմես Հռոմեացի և Պետրոս Ալեքսանդրացի հայրապետների տոնին Աստվածածինն այդ սրբերի ուղեկցությամբ ծերին է հայտնվում և թույլ է տալիս դադարեցնել արգելափակության ճգնությունը:

Դրանից հետո ծերն սկսում է վանքում գիշերել, բայց ցերեկներն անցկացնում է անտառում իր համար շինված մի խրճիթում, որը «մերձավոր անապատ» անվանումն է ստանում:

Սբ. Սերաֆիմն ընդունում էր բոլոր ցանկացողներին և բոլորին` անկախ նրա ով լինելուց, խոնարհվում էր, համբուրում և ասում.

ւրախությու~ն իմ, Քրիստո~ս հարյավ:

Մարդկանց հանդեպ նրա վերաբերմունքը ճշմարիտ սիրով ու խորին խոնարհությամբ էր լի: Անգամ խիստ խոսքը նա այնպիսի սիրով էր ասում, որ լսողը հոգևոր օգուտ էր ստանում: Ինքը չափազանց խստակյաց լինելով` ծերը որևէ մեկի վրա ծանր բեռ չէր դնում: Ամեն օր նրա խուցը մոտ 2000 մարդ էր մտնում, և յուրաքանչյուր ոք հոգևոր մխիթարություն և զորացում էր ստանում, քանզի սբ. Սերաֆիմն առատապես օժտված էր պարզատեսության և բժշկության շնորհներով:

Ծերը հատուկ շեշտում էր աղոթքի, մանավանդ` Հիսուսի աղոթքի կարևորությունը: Այն մարդկանց համար, որոնց զբաղվածությունը հնարավորություն չէր տալիս երկար աղոթելու, սբ. Սերաֆիմը հաստատել էր հետևյար կարգը. առավոտյան, ճաշից առաջ և երեկոյան երեք անգամ ասել «Հայր մեր», նույնքան անգամ` «Աստվածածին Կույս» աղոթքները, և մեկ անգամ` Հավատո Հանգանակը, իսկ օրվա ընթացքում` ճաշից առաջ` Հիսուսի աղոթքը, իսկ ճաշից հետո` «Ամենասուրբ Աստվածածին, փրկեա զիս» աղերսը:

1833թ. հունվարի 1-ին սբ. Սերաֆիմը վերջին անգամ գալիս է վանք, բոլոր պատկերների առաջ խոնարհվում, մոմեր վառում, համբուրում: Սբ. Հաղորդություն ստանալուց հետո նա բոլորին հրաժեշտ է տալիս: Հաջորդ օրը մեծ ծերին գտնում են իր խցում` Աստվածամոր պատկերի առջև ծնկած, ձեռքերը կրծքին խաչած. նա հոգին առ Աստված էր ավանդել:

Հայր Սերաֆիմի մահվանից հետո յոթանասուն տարի շարունակ նրա գերեզմանին բազմաթիվ բժշկություններ են լինում: 1903թ. Ռուսիո Եկեղեցու Սրբազան Սինոդը նրան սրբերի դասն է կարգում: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Սարովի վանքը ոչնչացվում է, իսկ սբ. Սերաֆիմի պատվական նշխարներն անհետանում են:

1990թ. սբ. Սերաֆիմի մասունքները գտնում են Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Կրոնի և աթեիզմի պատմության թանգարանի նկուղներից մեկում և մեծ հանդիսությամբ իր իսկ հովանավորությամբ կայացած Դիվեևոի կուսանոց են բերում: Կատարվում է այն, ինչի մասին կենդանության օրոք մարգարեացել էր սբ. Սերաֆիմը. «Ես կննջեմ Սարովում, իսկ կարթնանամ (հարություն կառնեմ) Դիվեևոյում»:

 

Պատրաստեց` Գ. Ղազարյանը:

 

1Մոնթ (ռուս. послушник)` վանական դառնալու նպատակով վանքում հատուկ փորձաշրջան անցնող անձ: Սովորաբար մոնթության ժամանակաշրջանը տևում է երեք տարի, և եթե դրանից հետո մոնթը վերջնական որոշում է կայացնում, ապա հերակտրություն է ընդունում: Հերակտրության ծեսի ժամանակ վանահայրը, ի նշան Քրիստոսի ծառայության, խաչաձև կտրում է մոնթի մազերը (այստեղից` «հերակտրություն» բառը), փոխում է նրա անունը, վանական հանդերձներով զգեստավորում, իսկ ընծայյալը տալիս է վանական կյանքի երեք ուխտերը` հնազանդության, կուսության և աղքատության խոստումները: Ուղղափառ Եկեղեցում վանականը նվիրապետական աստիճան չունի, բայց կանոնական պահանջները բավարարելու և վանահոր օրհնությունն ունենալու դեպքում հետագայում կարող է և ձեռնադրվել:

 Սբ. Սերաֆիմ Սարովացի

 

© www.orthodoxkyanq.org

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com