/ Վարք Սրբոց / Սբ. Հովհաննես Ռուս

Սբ. Հովհաննես Ռուս

Սբ. Հովհաննես Ռուս

 

Մայիսի 27/Հունիսի 9

 

Սբ.  Հովհաննես Ռուսը ծնվել է շուրջ 1690թ. Ուկրաինայում: Երիտասարդ հասակում նա ծառայության է մտնում Պետրոս Մեծի բանակում և 1711թ., հավանաբար Ազովի ճակատամարտում, թուրքերի կողմից գերվում: Թուրքերը Հովհաննեսին Կեսարիայի Պրոկոպիոն գյուղի մի թուրք աղայի են վաճառում:  Նրանք քրիստոնյա գերուն ահավոր չարչարանքների են ենթարկում, սակայն նա իր լույս հավատքը չի ուրանում: Սբ. Հովհաննեսի անսասան հավատքը, խոնարհությունն ու հեզությունն աղայի պատկառանքն են առաջացնում. նա հանգիստ է թողնում Հովհաննեսին և նրան իր ախոռապանն է դարձնում: Սուրբը տարիներ շարունակ ապրում է ախոռում` խիստ ճգնությամբ, անդադար աղոթքով ու պահեցողությամբ ծառայելով Քրիստոսին: Տերն իր հավատարիմ ծառային շատ շուտով հրաշագործության շնորհով է փառավորում:

Մի անգամ աղան գնում է Մեքքա` հաջ կատարելու: Նրա տանն իր հարազատները սեղան են գցում, և սբ. Հովհաննեսը սպասավորում է սեղանակիցներին: Երբ մատուցում են աղայի սիրած փլավը, նրա կինը հիշում է ամուսնուն և ափսոսում, որ աղան չի կարող համտեսել իր սիրած ուտեստը: Լսելով սա` սբ. Հովհաննեսը տիկնոջից մի ափսե փլավ է խնդրում ու իր խուցն է գնում: Քիչ անց նա տեղեկացնում է, որ փլավն արդեն Մեքքայում է: Բոլորն իհարկե սկսում են ծիծաղել…

Որոշ ժամանակ անց աղան վերադառնում է` իր հետ բերելով ափսեն: Նա պատմում է, որ երբ մի անգամ մզկիթից իր կողպված սենյակն է վերադարձել, ներսում գտել է իրենց տան այդ ափսեն` իր սիրելի փլավով լի…

Երբ սբ. Հովհաննեսն իր մահվանից առաջ հիվանդանում է, քահանան, թուրքերից վախենալով, նրան Սբ. Հաղորդություն է բերում խնձորի մեջ պահված: Սբ. Հաղորդությունն ընդունելուց հետո սուրբն անմիջապես հոգին առ Աստված է ավանդում 1730թ. մայիսի 27-ին: Պրոկոպիոնի հույները, հայերն ու թուրքերը նրան մեծ պատիվներով գյուղի սբ. Գևորգ եկեղեցու մոտ են թաղում: Շատ շուտով նրա գերեզմանի վրա սկսում են հրաշալի բժշկություններ կատարվել, ընդ որում բժշկվում էին ոչ միայն ուղղափառ հույները, այլև հայերը, և անգամ բողոքականներն ու թուրքերը: Երբ կասկածներ են ծագում Հովհաննեսի սրբության վերաբերյալ, որոշում են բացել նրա գերեզմանը: Երբ դա արվում է, տեսնում են, որ սրբի մարմինն ամբողջությամբ անապական է մնացել ու անուշահոտ մյուռոնով է պատված: Դրանից հետո սրբի մասունքները բուն եկեղեցում են ամփոփում:

1832թ. ապստամբ թուրքական զորքը գրավում է Պրոկոպիոն գյուղը: Եկեղեցին թալանելով, նրանք որոշում են այրել նաև սրբի մասունքները: Երբ կրակ են վառում` գերեզմանից հանված սրբի մարմինն այրելու համար, այն նորից գերեզմանի մեջ է հայտնվում: Թուրքերը կրկին այն բերում են ու կրակի մեջ նետում, սակայն հուրը սրբի մասունքները չի այրում:  Հանկարծ թուրքերը բոցերի մեջ տեսնում են կենդանի կանգնած սրբին, ով իրենց սպառնում է: Սարսափահար նրանք փախուստի են դիմում: Քրիստոնյաները վերցնում են ծխից սևացած, բայց անվնաս մնացած ու անուշահոտություն բուրող սբ. մասունքները և կրկին ամփոփում եկեղեցում:

1862թ. մի կին երազում տեսնում է սբ. Հովհաննեսին` գյուղի դպրոցի տանիքը ձեռքերին: Հաջորդ օրը, Սբ. Պատարագի ժամանակ դպրոցի տանիքը փուլ է գալիս: Բոլոր երեխաները մնում են տանիքի տակ, բայց երբ մաքրում են փլատակները, տեսնում են, որ ոչ մի երեխա չի տուժել: 

Սբ. Հովհաննեսը երբեք թույլ չի տվել, որ իր մարմնից մասնիկ վերցնեն: Միակ բացառությունը նա արել է Աթոսի Սբ. Պանտելեիմոն ռուսական վանքի համար: Այնտեղ է պահվում սրբի աջ ձեռքը:

1922թ. հունական զորքի պարտությունից հետո իրականացվում է Փ. Ասիայի հույն բնակչության գաղթը Հունաստան: Պրոկոպիոն գյուղի բնակչությունը հաստատվում է Հունաստանի Էվիա կղզում` իրենց հետ բերելով նաև սբ. Հովհան Ռուսի մասունքները: Ամեն օր համայն աշխարհից բազմաթիվ ուխտավորներ են գալիս այստեղ` երկրպագելու սբ. Հովհաննեսի հրաշագործ մասունքներին՝ բժշկություն, հոգևոր մխիթարություն ու սփոփանք ստանալու համար: 

 

Թարգմանությունը հունարենից` Գ. Ղազարյանի:

 

Սբ. Հովհաննես Ռուս 

 

© www.orthodoxkyanq.org

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com