/ Հարցազրույց / Աշնանային ընկճախտ, քրիստոնեական ընկճախտ, ընկճախտ առանց պատճառի

Աշնանային ընկճախտ, քրիստոնեական ընկճախտ, ընկճախտ առանց պատճառի

Աշնանային ընկճախտ, քրիստոնեական ընկճախտ,  ընկճախտ առանց պատճառի

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների, 2020թ. ընկճախտը կդառնա ամենատարածված հիվանդությունն աշխարհում: Շատերն այն անվանում են 21-րդ դ. համաճարակ,  թեև դեռ Հիպոկրատն է նկարագրել «մելանխոլիա» անվամբ իրավիճակը:

Այդ պատուհասի բուժման համար նրա ժամանակներում թելադրվում էին զանազան միջոցներ՝ երկարատև ջերմ լոգանք, հանքային ջրի օգտագործում… Ինչպես նաև պարզունակ հոգեբանական օժանդակություն՝ թելադրվում էր հիվանդին «աշխուժացնել և ուրախացնել»: Հիպոկրատի ժամանակներից արդեն անցել է 26 դար, սակայն «ընկճախտ» բառը շատերի ուղեղներում կրում է առասպելաբանական բնույթ և զուգորդվում է ծուլության հետ…

Ի՞նչ է իրականում ընկճախտը, ինչու՞ է այն առաջանում և ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Այս և այլ հարցերին է պատասխանում Ուղղափառ Սբ. Տիխոնի համալսարանի հովվական աստվածաբանության պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, հոգեբան Վասիլի Կալեդան:

 

Որո՞նք են ընկճախտի կանխանշանները և ինչպե՞ս դրանք ճանաչել:

-Ընկճախտը՝ «դեպրեսիան» (լատ. deprimo բառից. նշանակում է «ընկճել», «ճնշել») հիվանդագին վիճակ է, որը բնութագրվում է երեք հիմնական կանխանշաններով, այսպես կոչված, ընկճախտային եռյակով: Առաջինը՝ տխուր, վշտալից, տաղտուկ տրամադրություն, երկրորդը՝ շարժունակ դանդաղամտածություն, և, ի վերջո, գաղափարազուրկ դանդաղամտածություն, այսինքն՝ մտածողության և խոսակցական տեմպերի դանդաղում:

Երբ խոսում ենք ընկճախտի մասին, ապա, առաջին հերթին, մտաբերում ենք վատ տրամադրությունը: Բայց դա քիչ է: Հիվանդության կարևորագույն կանխանշանը՝ մարդը կորցնում է ուժերը: Արտաքուստ նրա շարժումները սահուն ու դանդաղ են, դրա հետ մեկտեղ խաթարվում է մտավոր գործունեությունը: Հիվանդները հաճախ բողոքում են կյանքի իմաստի կորստյան, ինչ-որ բթացածության տպավորության, ներքին մակընթացության մասին, նրանք դժվարանում են կապակցել մտքերը, տպավորություն է ստեղծվում, թե գլխում, ընդհանրապես, դատարկություն է տիրում: 

Բնութագրական է ինքնագնահատանքի նվազումը, այն համոզմունքի առաջացումը, թե մարդն իր կյանքում լիովին ձախողակ է, որ նա որևէ մեկին պետք չէ, բեռ է իր մերձավորների համար: Միաժամանակ հիվանդների մոտ նկատվում են քնի խանգարում, ննջելու բարդություններ, ոչ հազվադեպ լինում են և վաղ արթնացում կամ առավոտյան ելնելու անհնարինություն, փակված ախորժակ…

Ընկճախտի կլինիկական դրսևորումները բավական բազմատեսակ են, ըստ այդմ, առանձնացնում են բազմաթիվ տարատեսակներ, որոնք արտաքուստ կարող են լրջորեն միմյանցից տարբերվել: Սակայն ընկճախտի գլխավոր բնութագրիչներից մեկն է նրա ծանրությունը. դա համեմատաբար թեթև ենթաընկճախտ է, չափավոր արտահայտվածության աստիճանի ընկճախտ և ծանր ընկճախտ:

Եթե թեթև աստիճանի հիվանդության պարագային մարդը պահպանում է աշխատունակությունը և այդ տրամադրությունը ուժգին կերպով չի ազդում նրա առօրյա կյանքին ու շփման ոլորտին, ապա չափավոր ընկճախտն արդեն հասցնում է ուժերի անկմանը, ազդում շփվելու կարողությանը: Ծանր ընկճախտի դեպքում մարդը գործնականում կորցնում է ինչպես աշխատունակությունը, այնպես էլ ընկերային ակտիվությունը: Նման ձևի ընկճախտի ժամանակ մարդու մոտ հաճախակի արձանագրվում են անձնասպանության մտքեր՝ ինչպես կրավորական ձևով, այնպես էլ անձնասպանական մտադրությունների և անգամ անձնասպանական պատրաստակամության ձևով: Ընկճախտի նման ձևով տառապող հիվանդները ոչ հազվադեպ ինքնասպանության փորձեր են իրականացնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության համաձայն, մոլորակում բոլոր ինքնասպանությունների մոտ 90%-ը կատարում են զանազան հոգեկան խաթարումներով հիվանդները, ընդ որում, նրանցից մոտ 60%-ը տառապել են ընկճախտից:

Արտահայտված ընկճախտի դեպքում մարդն ունենում է անտանելի հոգևոր տանջանքներ: Ըստ էության, տանջվում է հոգին ինքը, նեղանում է իրական աշխարհի զգացումը, մարդու համար դժվար է, եթե ոչ, ընդհանրապես, անհնար, շփվել իր հարազատների և մերձավորների հետ: Նման իրավիճակում նա կարող է չլսել քահանայի խոսքերը, որոնք հենց իրեն են ուղղված, հաճախակի կորցնում է կենսական արժեքները, որոնք նախկինում ուներ: Նման անձինք, որպես կանոն, կորցնում են աշխատունակությունը, որովհետև տանջանքը բավական ծանր է:

Եթե խոսենք հավատացյալ մարդկանց մասին, ապա նրանք անձնասպանական փորձեր զգալիորեն հազվադեպ են կատարում, քանի որ ունեն կենսահաստատ աշխարհայացք, կա Աստծո առաջ սեփական կյանքի համար պատասխանատվության զգացում: Բայց պատահում է, որ նույնիսկ հավատացյալ մարդիկ ի վիճակի չեն լինում տանել այդ տանջանքը և կատարում անդառնալին:

Վշտից մինչև ընկճախտ

Ինչպե՞ս հասկանալ, թե երբ է մարդու մոտ սկսվում ընկճախտ և երբ  «ուղղակի տխուր է»: Հատկապես, երբ խոսքը գնում է մերձավոր մարդկանց մասին, որոնց վիճակը գնահատելն առարկայական կերպով խիստ դժվար է:

-Խոսելով ընկճախտի մասին՝ մենք հասկանում ենք որոշակի հիվանդություն, որն ունի մի շարք ձևականացված չափանիշներ, և կարևորներից մեկը դրա երկարատևությունն է: Մենք կարող ենք խոսել ընկճախտից, երբ նման իրավիճակը շարունակվում է ոչ պակաս, քան երկու շաբաթ:

Յուրաքանչյուր մարդու բնորոշ են տխրության, թախծի, հուսալքության իրավիճակները. դրանք մարդկային զգացումների նորմալ դրսևորումեր են: Եթե պատահում է որևէ տհաճ, հոգեխաթար դեպք, ապա չափի մեջ դրա նկատմամբ առաջանում է նաև զգացական արձագանք: Իսկ եթե մարդուն դժբախտություն է պատահել, սակայն նա չի գցում տրամադրությունը, ապա ահա հենց սա էլ հանդիսանում է պաթոլոգիա:

Սակայն եթե մարդու մոտ առաջանում է հոգեպես վնասակար իրադարձության նկատմամբ արձագանք, ապա իր չափով այն պետք է համարժեք լինի տեղի ունեցածի մակարդակին: Երբեմն մեր պրակտիկայում հանդիպում ենք դեպքի, երբ մարդու մոտ հոգեպես վնասակար իրավիճակ է առաջացել, բայց նրա արձագանքն այդ իրավիճակին անհամարժեք է: Օրինակ, աշխատանքից հեռացումը տհաճ գործ է, սակայն դրան արձագանքել ինքնասպանությամբ նորմալ չէ: Նման դեպքերում մենք խոսում ենք հոգեկան նախապատճառով սադրված ընկճախտի մասին, և այդ իրավիճակը կարոտ է բժշկական, դեղաբուժական և հոգեթերապևտիկ օժանդակության:

Ամեն դեպքում, երբ մարդու մոտ առաջանում է այդ երկարատև իրավիճակը՝ տխուր, վշտալի, ճնշված տրամադրությամբ, ուժերի անկմամբ, ըմբռնողության խնդիրներով, կյանքի իմաստի կորստյամբ, դրանում հեռանկարների բացակայությամբ, ապա դրանք այն կանխանշաններն են, երբ պետք է բժշկի դիմել:

 

Ընկճախտ «առանց պատճառի»

Կարևոր է հասկանալ, որ, բացի ռեակտիվ ընկճախտից, որն առաջանում է որպես որևէ հոգեպես վնասակար իրավիճակի արձագանք, գոյություն ունեն նաև, այսպես կոչված, էնդոգեն ընկճախտներ, որոնց պատճառները միանգամայն կենսաբանական են՝ կապված նյութափոխանակման որոշակի խանգարումների հետ: Ինձ պատահել է բուժել մարդկանց, ովքեր արդեն չկան, և որոնց կարելի է անվանել 20-րդ դ. ճգնակյացներ: Նրանք էլ էին ունենում ընկճախտ:

Նրանցից մեկի մոտ կար էնդոգեն ընկճախտ, որը ծագել էր առանց ինչ-որ տեսանելի, հասկանալի պատճառի: Այդ ընկճախտը բնութագրվում էր որոշ տխուր, թախծոտ, ճնշված տրամադրությամբ, ուժերի կորստյամբ: Եվ այդ իրավիճակը լավագույնս ուղղվեց դեղաբուժական թերապիայով: 

-Այսինքն, հավատացյալ մարդիկ նմանապե՞ս ապահովագրված չեն ընկճախտից:

-Ցավոք, ոչ: Նանք ապահովագրված չեն ինչպես էնդոգեն, այնպես էլ հոգեկան նախապատճառով սադրված ընկճախտից: Անհրաժեշտ է նկատի առնել, որ յուրաքանչյուր մարդ ունի լարվածության (սթրես) առումով կայունության սեփական առանձնահատուկ մակարդակ՝ կախված բնավորությունից, անհատական որակներից և, իհարկե, աշխարհայացքից: 20-րդ դ. մեծագույն հոգեբաններից Վիկտոր Ֆրանկլն ասել է. «Կրոնը մարդուն տալիս է փրկության հոգևոր խարիսխ այնպիսի ինքնավստահության զգացումով, ինչը նա որևէ այլ տեղ չի կարող գտնել:

 

«Քրիստոնեական» ընկճախտ

Երբ մենք խոսում ենք հավատացյալ մարդկանցից, ապա բացի վերը նշված տրամադրության ու դանդաղամտածության հետ կապված կանխանշաններից, առաջանում է Աստծո կողմից լքված լինելու զգացում: Այդպիսի մարդիկ ասում են, թե իրենց դժվար է կենտրոնանալ աղոթքի վրա, կորցրել են վերին օգնության զգացումը, ինքնիրենց զգում են հոգևոր մահվան եզրին, թե սառնություն կա իրենց սրտում, քարացած անզգայություն: Նրանք նույնիսկ կարող են խոսել իրենց ինչ-որ մեղսավորության և հավատք կորցնելու մասին: Եվ ահա զղջման այն զգացումը՝ իրենց մեղսավորության մեջ զղջման աստիճանը չի համապատասխանելու իրական հոգևոր կյանքին, այսինքն՝ իրական արարքներին, որոնք բնորոշ են այդպիսի մարդկանց:

Զղջումը, Խոստովանության և Հաղորդության խորհուրդները. սրանք այն բաներն են, որոնք մարդուն ամրապնդում են, լեցնում նոր ուժերով, նոր հույսերով: Ընկճախտի մեջ գտնվող մարդը գալիս է քահանայի մոտ, մեղա է գալիս, հաղորդվում է, բայց ահա նոր կյանքի սկզբնավորման այն ուրախությունը՝ Աստծո հետ հանդիպումից ուրախությունը, չի զգում: Եվ հավատացյալ մարդկանց համար դա ընկճախտային խանգարման առկայության գլխավոր չափորոշիչներից է: 

 

Նրանք ծույլ չեն

Եվս մեկ կարևոր բողոք ընկճախտով տառապող մարդուց. նա չի կամենում որևէ բան անել: Դա, այսպես կոչված, ապաթիան է, որևէ բանով զբաղվելու ցանկության կորուստը, որևէ գործունեության կորուստը: Միաժամանակ մարդիկ հաճախակի բողոքում են ուժերի բացակայությունից, շուտ հոգնելուց՝ ինչպես մարմնավոր, այնպես էլ մտավոր աշխատանքի ժամանակ: Եվ հաճախ նրանց շրջապատը դա ընկալում է այնպես, կարծես թե, մարդը ծուլացել է: Նրան ասում են. «Քեզ հավաքիր, ստիպիր քեզ ինչ-որ բանով զբաղվել»:

Երբ այդպիսի կանխանշաններն ի հայտ են գալիս պատանեկան տարիքում, ապա շրջապատող ազգականները, խստակյաց հայրերը փորձում են երբեմն ազդել նրանց վրա ֆիզիկապես և ստիպել ինչ-որ բան անել՝ չհասկանալով, որ երեխան, պատանին ուղղակի հիվանդագին իրավիճակում է գտնվում:

Այստեղ պետք է մատնանշել մի կարևոր պահ. երբ մենք խոսում են ընկճախտից, ասում ենք, որ դա հիվանդագին իրավիճակ է, ինչն առաջացել է որոշակի պահի և հարուցել որոշակի փոփոխություններ մարդու վարքում: Բոլորս էլ ունենք բնավորության առանձնահատկություններ, և դրանք, որպես կանոն, մեզ ուղեկցում են ողջ կյանքում:

Հասկանալի է, որ տարիքի հետ մարդը փոփոխվում է, բնավորության որոշ գծեր կերպարանափոխվում են: Բայց ահա իրավիճակ. նախկինում մարդու մոտ ամեն ինչ նորմալ էր, նա կենսուրախ և շփվող էր, զբաղվում էր եռանդուն գործունեությամբ, հաջողությամբ սովորում էր, և հանկարծ նրա հետ մի այնպիսի բան կատարվեց, ինչ-որ բան պատահեց, և նա այժմ երևում է ինչ-որ տխուր, թախծոտ և տաղտկալի, և, կարծես թե, տխրության համար պատճառներ էլ չկան: Ահա այստեղ տեղին է կասկածել ընկճախտի մասին:

Ոչ այնքան վաղ ընկճախտի հիվանդացածության գագաթնակետը 30-40 տարեկանների միջև էր, սակայն այսօրվա դրությամբ ընկճախտը կտրուկ «երիտասարդացել է», և հաճախ դրանով հիվանդանում են մինչև 25 տարեկան մարդիկ:

Ընկճախտի տարատեսակների մեջ առանձնացնում են, այսպես կոչված, «պատանեկան կենսանվազ (ասթենիկ) չկայացածությամբ» ընկճախտը, երբ առաջին պլան են մղվում հենց ինտելեկտուալ, մտային ուժերի անկման դրսևորումները, երբ մարդը կորցնում է մտածելու ունակությունը:

Հատկապես, դա վառ ընդգծված է լինում ուսանողների մոտ: Հատկապես, երբ մարդը հաջողությամբ ուսանում է կրթօջախում, անցել է մի կուրս, երկրորդը, երրորդը, իսկ հետո գալիս է պահը, երբ նայում է գրքի մեջ և ոչինչ չի կարողանում հասկանալ: Կարդում է նյութը, բայց այն յուրացնել չի կարող: Փորձում է մի անգամ էլ վերընթերցել, բայց կրկին ոչինչ հասկանալ չի կարող: Հետո մի ինչ-որ փուլում շպրտում է բոլոր դասագրքերը, սկսում թրև գալ:

Բարեկամները չեն կարող հասկանալ՝ ի՞նչ է կատարվում: Փորձում են որևէ կերպ ներազդել, իսկ այդ իրավիճակը հիվանդագին է: Դրա ընթացքում լինում են հետաքրքիր դեպքեր, օրինակ, «ընկճախտ առանց ընկճախտի», երբ տրամադրությունը նորմալ է, սակայն միաժամանակ մարդը շարժունակության իմաստով արգելակված է, նա չի կարող որևէ բան անել, չունի ո՛չ ֆիզիկական ուժեր, ո՛չ էլ ցանկություն որևէ բանով զբաղվելու, ինչ-որ տեղ կորել են նրա ինտելեկտուալ կարողությունները:

 

Ընկճախտ պահքից. իրականությու՞ն

-Եթե ընկճախտի կանխանշաններից մեկն է հանդիսանում աշխատելու, մտածելու ֆիզիկական կարողության կորուստը, ապա որքանո՞վ է անվտանգ պահեցողությունը մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարո՞ղ է արդյոք ղեկավար պատասխանատու պաշտոնում աշխատող տղամարդը ինքն իրեն լավ զգալ՝ ճաշակելով շիլա կամ գազար: Կամ, օրինակ, կին-հաշվապահը, որի մոտ Մեծ Պահքի ժամանակ հենց հաշվետվության ժամանակահատվածն է, իսկ տնային պարտականություններն էլ ոչ ոք չի փոփոխել: Որքանո՞վ այսպիսի իրավիճակները կարող են լարվածություն (սթրես) հարուցել, ձմռանից հետո թուլացած մարմինը հասցնել ընկճախտի:

-Առաջին հերթին, պահքի ժամանակը հացադուլի ժամանակ չէ: Ինչ էլ որ լինի, պահքի կերակուրն ունի բավարար թվով մարմնի համար անհրաժեշտ նյութեր: Կարելի է օրինակ բերել մեծ թվով մարդկանց, ովքեր խիստ պահեցողության են հետևել և միաժամանակ կատարել իրենց առաջադրված լուրջ պարտականությունները:

Հիշում եմ Յարոսլավի և Ռոստովի մետրոպոլիտ Իոաննին (Վենդլանդ), ով, պարզ է, առաջնորդում էր մի ամբողջ թեմ, և պահքի ժամանակ ուներ առանձնահատուկ ուտեստ՝ բրնձի շիլան կարտոֆիլի եփուկով: Յուրաքանչյուրը չէ, ով փորձում էր այդ պահոց կերակուրը, պատրաստ էր այն ճաշակել:

Իմ հայրը՝ հ. Գլեբը (Կալեդա) մշտապես, որքան հիշում եմ, խիստ պահք էր պահում և համատեղում էր պահքը լուրջ գիտական ու վարչական աշխատանքի հետ, և մի ժամանակ ստիպված էր լինում աշխատավայր հասնել 1,5-2 ժամում: Բավական լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կար, բայց հաղթահարում էր այն:

Հիմա, ընդհանրապես, պահեցողությունն էապես թեթև է, քան 30 տարի առաջ: Հիմա կարելի գալ որևէ մեծածախ առևտրի խանութ, և այնտեղ ուտեստների մեծ ընտրություն կլինի «Պահքի կերակուր» նշումով: Վերջերս հայտնվել է ծովամթերք, ինչի մասին նախկինում մենք չգիտեինք, կա մեծաքանակ սառեցված և թարմ բանջարեղեն: Նախկինում Մեծ Պահքին մենք գիտեինք միայն թթու դրած կաղամբը, թթու վարունգը, կարտոֆիլը: Այսինքն, մթերքի այժմյան բազմատեսակությունը չկար:

Կրկնում եմ. պահքը հացադուլի ժամանակ չէ, և ժամանակը չէ, երբ մարդն ուղղակի պահպանում է որոշակի սննդակարգ: Եթե պահքն ընկալենք որպես ընդամենը որոշակի սննդաբաժնով կերակրվելու կարգ, ապա դա ոչ թե պահք, այլ ընդամենը բեռնաթափման սննդակարգ է, որն, ի դեպ, ևս կարող է բավական օգտակար լինել:

Պահքն ունի այլ նպատակներ՝ հոգևոր: Եվ, հավանաբար, այստեղ յուրաքանչյուր մարդ իր խոստովանահոր հետ պետք է որոշի պահքի այն չափը, որն իրապես կարող է տանել: Մարդիկ կարող են հոգեպես ամրացած չլինել կամ այս և այլ պատճառների ու հանգամանքների բերումով սկսում են խիստ պահեցողության հետևել, և պահքի վերջում մարում են նրանց բոլոր մարմնավոր ու հոգևոր ուժերը, իսկ Քրիստոսի Հարության ուրախության փոխարեն հոգնածություն ու գրգռվածություն է տիրում: Հավանաբար, այսպիսի դեպքերում ավելի լավ է հարցը քննել խոստովանահոր հետ և, հնարավոր է, օրհնություն ստանալ պահքի որևէ թուլացման համար:

Իսկ եթե խոսենք այն մարդկանց մասին, ովքեր աշխատում են, ապա որևէ դեպքում պահոց կերակուրը սովորականից տարբերվում է իր առավել «աշխատատարությամբ»: Մասնավորապես, պատրաստման առումով այն հարկավոր է առավել երկար և քանակով առավել շատ պատրաստել: Ոչ բոլորի աշխատավայրերում կան ճաշարաններ, ուր առաջարկվում է պահոց կերակուր կամ գոնե պահքին ավելի մոտ: Այդ դեպքում մարդը պետք է հասկանա, թե ո՛ր պահքն ինքը կարող է տանել և ինչու՛մ է կայանալու նրա անձնական պահքը:

Հայրս մի առիթով օրինակ էր բերում. նրա մոտ էր եկել հոգևոր դուստրը (80-ական թթ. վերջն էր կամ 90-ական թթ. սկիզբը): Նա անհավատ ծնողների հետ էր բնակվում, և տանը պահքին հետևելը շատ դժվար էր, անընդհատ վեճեր էին առաջանում ծնողների հետ, ընտանեկան մթնոլորտի լարվածություն:

Պարզ է, որ մարդն այդ վեճերի պատճառով Զատկի լուսավոր տոնին բացարձակ ոչ-տոնական տրամադրությամբ էր մոտենում: Եվ հայրս նրան պատվիրեց հնազանդության կարգով ուտել բացառապես ամենն, ինչ տանը պատրաստվում էր ծնողների կողմից: Միայն թե չի կարելի հեռուստացույց դիտել: Արդյունքում Զատկից հետո նա ասաց, թե դա իր կյանքում ամենածանր պահքն է եղել:

Հավանաբար, այն մարդկանց, ում ինչ-ինչ հանգամանքների բերումով դժվար է ամբողջությամբ պահպանել պահքը կերակրի տեսակետից, և, ընդհանրապես, մեզ բոլորիս, պետք է որոշ անհատական նպատակներ նախանշել պահքի ընթացքում: Ահա դա էլ կլինի իրական պահքը, որն ամենից առաջ ունի հոգևոր նպատակներ, և ոչ թե ուղղակի կերակրի սահմանափակում, սննդակարգ:

Մենք բոլորս պետք է մշտապես հիշենք, որ ուղղափառությունը կյանքի ուրախալից ամբողջականությունն է ի Քրիստոս: Մարդն իր բնությամբ բաղկացած է հոգուց և մարմնից, և մենք պետք է ձգտենք, որպեսզի մեր կյանքը լինի լիարժեք և ներդաշնակ, բայց դրա հետ մեկտեղ հոգին պետք է գերակշռի: Մարդն, իրոք, հոգեպես առողջ է, միայն թե, երբ նրա մոտ գերիշխում է հոգևոր կյանքը:

 

Թարգմանություն ռուսերենից:

Աղբյուր. www.pravmir.ru կայքէջ:

 

 

Աշնանային ընկճախտ, քրիստոնեական ընկճախտ,

ընկճախտ առանց պատճառի

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com