/ Ծերերի խրատներ / Աթոսյան ժամանակակից սրբակենցաղ ծերեր

Աթոսյան ժամանակակից սրբակենցաղ ծերեր

 Աթոսյան ժամանակակից սրբակենցաղ ծերեր

  

   Աթոս լեռան Կուտլումուշ վանքի սկիտում ճգնող ծեր Հովսեփ Կիպրացին Սաղմոսագիրքը շատ էր սիրում: Նա շարունակ կարդում էր այն: Ասում էր. «Ոչ մի գիրք այդքան շատ չսիրեցի»: Մի անգամ ակնոցները կորցնում է: Դրա հետևանքով մի քանի օր նեղվում է, որովհետև կարիք էր զգում ծերության իր մխիթարությունը` Սաղմոսագիրքն ընթերցելու: Արդեն հարյուրն անց էր: Երբ ակնոցները բերում են, շատ է ուրախանում և մի օրում ողջ Սաղմոսագիրքն ավարտում է:
                                                                                                    …

   Կարիեսից վերև գտնվող Սբ. Գևորգի խցում, որը նաև Սկուրտացիների խուց էր կոչվում, հայր Պարթենիոսն էր ճգնում: Մահից հետո նրա ոսկորներն անուշահոտություն էին բուրում: Նույն խցում է ննջել ու թաղվել նաև սբ. Նիկոդեմոս Աթոսացին:
    Այս նույն խցում է նաև ապրել ու 107 տարեկանում ննջել առաքինի ու բարեպաշտ ծեր Անանիան: Նա խոնարհ հոգի էր ու մեծ պահեցող. օրը մեկ անգամ էր ուտում և այն էլ` քիչ: Նախընտրում էր, հատկապես, կանաչեղենը: Գինի խմում էր սուրճի բաժակով, երբ թույլատրվում էր` որպես օրհնություն:
Ծեր Անանիան 90 տարեկան էր, երբ մոնթ է ընդունում: Նրան խրատում էր` ասելով.
   -Աշխարհիկների հետ ընկերություն մի՛ արա: Տիրոջ հրեշտակն էլ եթե իջնի, նաև Կարիեսում կարող է ապականվել, երբ աշխարհիկների հետ է ընկերություն անում: Աչքերս շատ բան են տեսել:
Նա դուռը չէր բացում, երբ մոնթը Կարիեսից ուշանում էր վերադառնալ: Մոնթն ասում էր.
   – Օրհնյա՛ , այլ անգամ չեմ ուշանա:
Այնժամ ծերը դուռը բացում էր և արտասվելով հարցնում.
   -Ինչու՞ ուշացար: Ես քեզ սիրում եմ: Մեր նպատակն ի՞նչ է: Ինչու՞ ենք լքել ամեն ինչ ու այստեղ եկել: Որպեսզի սնդուկնե՞ր շրջենք այս ու այն կողմ:
    Ծեր Անանիան մեծ ինքնատիրապետության էր հասել. շատ պահեցող էր և մինչև ննջելը ժամերգությունները բաց չէր թողնում: Նա միշտ համրիչը (կոբոսկինի) ձեռքին էր պահում: Գիշերը շարունակ Հիսուսի աղոթքն էր շշնջում, և մոնթը, որ նույն խցում էր քնում, նրան լսում էր: Ծերը ոտքի կանգնած էր ընթերցում բոլոր ժամերգությունները` ձեռքերը սեղանին հենելով: Երբ հոգնում էր, նստում էր մահճակալին և համրիչով աղոթում: Այնուհետև շարունակում էր ժամերգությունը:
   Ծեր Անանիան ասում էր. «Եթե վանականն իր ծերից հեռանա, ապա ծերը պետք է երեք զույգ կոշիկ մաշի, որպեսզի նրան գտնի ու ետ բերի: Իսկ եթե վանականը չվերադառնա, ծերը մեղք (պատասխանատվություն) չունի»:
   Ասում էր. «Վանական մի՛ փնտրիր: Եթե գալու լինի, խցի սուրբը քեզ կուղարկի»:
Երբ ծեր Անանիան 107 տարեկան է դառնում, բժիշկը նրան վերջին Մեծ Պահքի համար ասում է.
   -Գե՛րոնդա, կե՛ր, քանի որ հյուծված ես:
   -Ի՞նչ է, կերած-խմա՞ծ մեռնեմ,- պատասխանում է:
   Ծերը նախապես իմանում է իր ննջման օրը: Ավագ Հինգշաբթի էր, և մոնթը` հայր Նիկոդեմոսը, հարցնում է նրան` ճաշակելու ինչ է ցանկանում պատրաստել:
   -Ի՞նչ պատրաստես. մի քանի օրից մեռնելու եմ,-պատասխանում է ծերը:
   Իսկ վանականը պարզամտությամբ հարցնում է նրան.
   -Գե՛րոնդա, ին՞չ գիտես, որ մեռնելու ես: Ե՞րբ ես մեռնելու:
   Մի քիչ մտածում է ու ասում.
  -Կարմիր ձուն էլ կուտեմ և հետո:
Եվ, իսկապես, տոնում է Զատիկը, կարմիր ձուն ուտում և եկուշաբթի օրը խաղաղությամբ ի Տեր ննջում:

   Ծեր Անդրեաս Սուրբպողոսացին ապաշխարության կենդանի օրինակ էր: Պարզ վանական էր: Ամերիկայից էր եկել: Այնտեղ` Ամերիկայում, սատանայապաշտների հետ էր կապվել: Վանական էր դարձել, սակայն դևերը նրան դեռ անհանգստացնում էին: Մի անգամ, երբ վանքի ներկայացուցչի հետ Կարիեսում էր և միասին ճաշում էին, սկսում է բղավել` սարսափահար նայելով պատուհանի կողմը.
   -Եկան ինձ տանելու:
   Նա այդ պահին դևերի էր տեսնում, սակայն ներկայացուցիչ պապա Եվսեբիոսը ոչինչ չէր տեսնում:
Նա անկեղծորեն ապաշխարում է` աղոթքին ու պահքին տրվելով: Շարունակ Հիսուսի աղոթքն էր ասում: Շատ անգամ օրեր շարունակ բավականանում էր միայն թեյ խմելով: Բերանը խստագույն պահքից չորացել էր: Երբ արդեն ծերացել էր, ննջելուց առաջ իրեն խնամող հայր Սավային ասում է.
    -Շնորհակալություն այն ամենի համար, որ ինձ համար արեցիր. ցույց տվածդ համբերության համար: Կհանդիպենք դրախտում:
Երևում է, որ տեղեկություն ուներ իր փրկության մասին:
Նույն վանքում ճգնող հայր Գերասիմը նախապես իմանում է հայր Անդրեասի ննջման մասին: Մի անգամ վերկացին եկեղեցում սպասավորող հայր Գերասիմին ասում է.
    -Հայր Անդրեասի դուռը թակեցի՞ր: Երկու հրեշտակների տեսա նրա խուց մտնելուց. գուցե ննջել է:
Իսկապես, այն գիշեր հայր Անդրեասը ննջել էր:

Հունարենից թարգմանությունը` հայր Հերոնիմոս Մայիլյանի:
Աղբյուր. Από την ασκητική και ησυχαστική αγιορείτικη παράδοση, Άγιον Όρος 2011.

 

Աթոսյան ժամանակակից սրբակենցաղ ծերեր

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com