/ Ծերերի խրատներ / Հոբի նման համբերություն ուրախությամբ

Հոբի նման համբերություն ուրախությամբ

 Հոբի նման համբերություն ուրախությամբ

 

Սիմոնոպետրյան[1] «Սբ. Հովհաննես Աստվածաբան» խցում հնում ապրում էին երկու հարազատ եղբայր` պապա-Նիկիփորոսը և հայր Արսենը: Խալկիդիկիի Գալատիցա համայնքից էին սերում: Այն ժամանակ ճգնակյացները լուրջ գումար էին տալիս  վանքին և խուցը վերցնում: Իսկ Վանքի մշտական պարտավորությունն էր, ըստ  երկու կողմերի ստորագրած պայմանագրի, հատկացնել նրանց պաքսիմատ, ձեթ, կապաներ և կոշիկներ:

Ծերը` հայր Արսենը, Նիկիփորոսին ստիպում և 28 տարեկանում քահանա է ձեռնադրում: Պապա-Նիկիփորոսը քահանայագործում էր նաև Սիմոնոպետրայում: Շատ լավ սաղմոսերգու էր և գերազանց սրբանկարիչ, սակայն տառապում էր ճողվածքից: Բարձի չափ մի մեծ ճողվածք ուներ՝ կապայի տակից այդպես էր երևում: Այն իր ձեռքերով բռնում էր, որպեսզի վեր կենար, նստեր կամ շարժվեր: Միաժամանակ նաև սարսափելի ցավեր ուներ աչքերից մեկում: Երբ գնում է քննություններ հանձնելու, բժիշկները ստիպված են լինում նրա ակնագունդը հեռացնել: Որոշ ժամանակ անց նույն պատճառով նրա մյուս ակնագունդն էլ հեռացրեցին: Այդպես, 36 տարեկանում լրիվ կուրացավ: Իր խցում քայլելու համար մի ձեռքով պատն էր խարխափում, իսկ մյուսով՝ ճողվածքը պահում: Ամեն բանի հակառակ՝ շարունակ ուրախությամբ ասում էր. «Փա՜ռք Աստծո, փա՜ռք Աստծո: Ոչինչ, Աստվածամայր իմ: Թող այստեղ տանջվեմ, այնտեղ ինձ փրկես»:

Ինչ վերաբերում է կուրությանը, հավատում էր, թե քանի որ իրեն Ծերը ստիպել և քահանա էր ձեռնադրել հակառակ տարիքին, դրա համար է պատժվել: Ասում  էր. «Պետք է հակառակվեի և չընդունեի:»

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Από την ασκητική και ησυχαστική αγιορείτικη παράδοση, Άγιον Όρος 2011.

Copyright © Ιερόν Ησυχαστήριον «Άγιος Ιωάννης ο Πρόδρομος» Μεταμόρφωση Χαλκιδικής.     

[1] Սիմոնոպետարան Աթոս լեռան 20 կենտրոնական վանքերից է:

 

Հոբի նման համբերություն ուրախությամբ

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com