/ Աստվածաշնչի մեկնություն / Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն

 

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն

ԲՈՐԻՍ ԱՐՔԻՄԱՆԴՐԻՏ ԽՈԼՉԵՎ

(1895-1971թթ.)

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ ՄԱՍԻՆ

ԽՆԴՐՎԱԾՔ ՎԵՑԵՐՈՐԴ

 

 (Շարունակություն)

   Այժմ մենք Տերունական աղոթքի վեցերորդ խնդրվածքի մասին կզրուցենք. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն»: Յուրաքանչյուր մարդ անցյալում մեղքեր ունի, որոնք ծանր բեռի պես են և փրկության գնալուն խանգարում են: Առ Աստված տանող ճանապարհին դա առաջին խոչընդոտն է:

   Այժմ մյուս խոչընդոտի մասին կզրուցենք: Դրա մասին է խոսում Տերունական աղոթքի վեցերորդ խնդրվածքը. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն»:

   Ի՞նչ է փորձությունը: «Փորձություն» ասելով ի՞նչ պիտի հասկանանք: Եթե մենք Աստվածաշնչին անդրադառնանք, ապա կտեսնենք, որ թե Հին և թե Նոր Կտակարանի գրքերում փորձության մասին բազմիցս է խոսվում: Այսպես օրինակ` Հին Կտակարանի գրքերից մեկում այսպիսի մի համար կա. «Որդյա՛կ իմ, եթե Աստծուն ծառայելուն մոտենաս, հոգիդ ամենայն փորձության պատրաստիր» (Սիրաք Բ, 1):

  Հակոբոս առաքյալի թղթում ասված է. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի համարեցեք, երբ պեսպես փորձությունների մեջ ընկնեք» (Հակ. Ա, 2):

    Եթե սուրբ Հայրերի գրվածքներին անդրադառնանք, ապա այնտեղ էլ կտեսնենք ամբողջական գլուխներ, որոնք նվիրված են այն բանի բացահայտմանը, թե ինչ է փորձությունը և դրան ինչպես պետք է դիմանալ: Ամենից առաջ «փորձություն» ասելով պետք է հասկանանք բազմապիսի այն նեղությունները, փորձանքները, արհավիրքները, որոնք վրա են հասնում անկյալ, Աստծուց հեռացած մարդուն, նրա կյանքի ճանապարհին: Այս փորձանքները , նեղությունները, տառապանքը մարդու մարմնից, բնության տարերային աղետներից և շրջապատող մարդկանցից են առաջանում: Կան նաև նեղություններ չար ուժերից, սատանայից: Երբ մենք սրբերի վարքերն ենք ընթերցում, համոզվում ենք, թե ճգնավորները խավարի ուժերից ինչպիսի մեծ նեղություններ են կրում:

   Արտաքին նեղություններից բացի նաև ներքին նեղություններ, ներքին տառապանքներ կան. մեր կրքերը:

   Եթե մարդը հոգևոր առումով արթնացել է, սկսել է ուշադրությամբ ինքն իրեն վերաբերվել, ապա նրա մեջ կրքերի դեմ դժվարին մի պայքար է սկսվում: Կրքերը բխում են մարդկային բնությունից և սատանայից, ով այդ կրքերով, ինչպես հրաշեկ նետերով, մարդուն Աստծուց հեռացնել է ջանում: Ճգնավոր մարդու համար այդ կրքերը մեծագույն ներքին նեղություններն են: Ճգնավորը տառապում է, չարչարվում, աղոթում, որ Տերը ներքին նեղություններից իրեն ազատի:

   Կիրքն ու տառապանքը միևնույն բանն է:

   Փորձությունը և՛ արտաքին բնությունից, և՛ մարդու սրտից, և՛ թե սատանայից առաջացող տառապանքի ամբողջականությունն է: Այն անխուսափելի է յուրաքանչյուր մարդու համար, քանի դեռ նա երկրի վրա է ապրում:

   Իսկ որտեղի՞ց են հայտնվում այդ փորձությունները: Ո՞վ է դրանք ստեղծել:

  Փորձություններն Աստված չի ստեղծել. դրանք մեղքի միջոցով են աշխարհ եկել: Երբ մարդը սատանայից մեղքով վարակվեց, Աստծուց հեռացավ, դրա պատճառով ներքին և արտաքին բազմազան նեղություններ ի հայտ եկան: Այդ նեղություններն ու տառապանքը մեղքի արգասիքն ու հետևանքն են: Երբ մարդը սատանայից մեղքով վարակվեց, նրա հոգին հիվանդացավ: Յուրաքանչյուր հիվանդություն նեղություն է և տառապանքի հետ է զուգակցվում: Նեղություններն անխուսափելի են յուրաքանչյուր մարդու` արդարի և անարդարի համար, նրանց համար, ովքեր հոգով դեռևս քնած են և նրանց համար, ովքեր հոգով արթուն են:

   Բայց նեղություններին կարելի է երկու կերպ վերաբերվել:

  Կարելի է դրանցից թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ հաղթված լինել, կրքերի ու նեղությունների անդունդն ընկղմվել: Բայց կարելի է նաև դրանք հաղթահարել, հաղթանակող լինել: Ավետարանում կան երկու կերպարներ, որոնք իրենցով փորձությունների հանդեպ մարդու երկակի վերաբերմունքն են մարմնավորում:

   Մտաբերենք Գողգոթան: Տիրոջ  Խաչի երկու կողմերում երկու խաչեր կային, երկու ավազակներ էին խաչված: Նրանք միևնույն չարչարանքներն էին կրում. ծանր, անտանելի չարչարանքներ: Դա նրանց համար ամենամեծ փորձություններից էր: Բայց նայեցե՛ք, թե ինչպես երկու ավազակները միևնույն նեղությունը տարբեր կերպ են կրում: Ավազակներից մեկը հուսահատության է տրվում, Աստծուն հայհոյում, բայց մյուսն իր չարչարանքներին այլ կերպ է վերաբերվում: Նա ասում է. «Մենք այս տառապանքները կրելուն արժանի ենք. մենք մեր հանցանքի համար ենք դրանց արժանացել, բայց Տերն անարդարացի է տառապում»: Եվ Տիրոջը դիմելով` բարեմիտ ավազակը գոչում է. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ քո արքայությամբ գաս»: Եվ Տերը նրան պատասխանում է. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. ԻԳ, 39-43):

   Առաջին դեպքում այդ տառապանքը հուսահատություն, հայհոյանք է առաջացնում, մյուսում` հանգիստ ինքնակշտամբանքով, Տեր Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթքով է դիմագրավվում:

   Ինչպիսի՞ն են փորձությունների հանդեպ այդ վերաբերմունքի հետևանքները:

  Հուսահատությունը, խելագարությունն ու հայհոյանքը դժոխք են իջեցնում, իսկ ինքնակշտամբանքն ու աղոթքը դրախտ են բարձրացնում: Երկու ավազակները մեզ ցույց են տալիս, թե մարդիկ երկրային կյանքի անխուսափելի փորձություններն ինչպես են կրում:

   Յուրաքանչյուր մարդ կա՛մ առաջին, կա՛մ երկրորդ ավազակին է նմանվում. միջինը գոյություն չունի:

   Երբ փորձությունները վրա են հասնում, և մեր հոգուն հուսալքությունը, խռովքն են տիրում, եթե այդ ժամանակ մենք այդ կրքերին ենք տրվում, դրանցից հաղթվում ենք, ապա դա առաջին ավազակի ճամփան է: Մյուս ճանապարհն այն է, երբ մենք, փորձությունները կրելով, մեր մեղքերի մասին ենք հիշում, ինքներս մեզ ենք նախատում, աղոթքով Աստծուն ենք դիմում և այդպիսով դրանց հաղթանակողներն ենք դառնում: Այսինքն` սուրբ Հայրերի մեկնության համարձայն «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն» բառերը նշանակում են. «Մի՛ թող, որ մենք փորձություններից հաղթված լինենք, մի՛ թող, որ մենք փորձության մեջ խրվենք, այլ տու՛ր մեզ, Տե՛ր, փորձությունը տանել այնպես, ինչպես դու ես պատվիրել»:

  Այս բառերով մենք աղոթում ենք, որ Աստված մեզ զորություն տա` փորձություններն ու նեղությունները կրելու այնպես, ինչպես բարեմիտ ավազակն էր դրանք կրում, այլ ոչ թե ինչպես մյուսը, ով կրքերի և հուսալքության մեջ էր խրվել:

   Ահա թե Տերունական աղոթքի այս բառերն ինչ իմաստ ունեն:

 (Շարունակելի)

            Աղբյուր. Բորիս արքիմանդրիտ Խոլչև, Զրույցներ Տերունական աղոթքի մասին: Թարգմանությունը` Գ. Ղազարյանի, Եր., «Տիգրան Մեծ», 2012:

 © www.orthodoxkyanq.org

 

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com