/ Վարք Սրբոց / Սբ. Եվթիմիոս Մեծ

Սբ. Եվթիմիոս Մեծ

Սբ. Եվթիմիոս Մեծ

Սբ. Եվթիմիոս Մեծ
Հունվարի 20/փետրվարի 2

Սբ. Եվթիմիոսը ծնվել է 378 թ. Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքում: Նրա ծնողները` Պողոսը ու Դիոնիսիան, ազնվական ու բարեպաշտ քրիստոնյաներ էին: Նրանք երկար տարիներ անպտուղ էին, սակայն անդադրում աղոթքներից հետո, ունենում են շնորհազարդ մի մանուկ, որի ծննդյանը նախորդում է աստվածային մի տեսիլք` երեխայի մեծ ապագայի մասին:                                                      

Շատ չանցած սբ. Եվթիմիոսի հայրը մահանում է: Դիոնիսիան, իր զավակին Աստծու սպասավորությանը նվիրելու ուխտն ի կատար ածելով, եռամյա մանկանը ներկայացնում է Մելիտենեի եպիսկոպոս Օտրիոսին: Վերջինս սիրով ընդունում է մանկան խնամքի հոգսերը, մկրտում է նրան, իսկ հետո արժանացնում դպրության աստիճանին: Եվթիմիոսի ուսուցիչներն են լինում Սինոդիոս և Ակակիոս դպիրները, ովքեր հետագայում Մելիտենեի եպիսկոպոսներ են դառնում[1]: Արդեն 19-ամյա հասակում Եվթիմիոսը քահանա է ձեռնադրվում` միևնույն ժամանակ ստանձնելով քաղաքի բոլոր վանքերի ղեկավարությունը:

Երբ սբ. Եվթիմիոսը դառնում է 28 տարեկան, գնում է Երուսաղեմ` մտածելով, որ իր զբաղեցրած պաշտոնը կարող է խոչընդոտ ծառայել հոգևոր կատարելագործման համար: Տերունական սրբավայրերին երկրպագելով` նա անապատ է հեռանում: Բնակություն հաստատելով մի խրճիթում, նա ճգնության է տրվում: Եվթիմիոսի կացարանի մոտակայքում էր ճգնում մի այլ վանական` սբ. Թեոկտիստը:

Որոշ ժամանակ անց Եվթիմիոսի ու Թեոկտիստի մոտ սկսում են մարդիկ հավաքվել, և աստիճանաբար կազմվում է վանական մի համայնք, որի ղեկավարությունը Եվթիմիոսը հանձնարարում է իր ընկերոջը՝ Թեոկտիստին, իսկ ինքը միաբանության խոստովանահայրն է դառնում: Սբ. Եվթիմիոսն այսպես էր ուսուցանում իր միաբան եղբայրներին.

-Նա, ով  ցանկանում է վանական կյանքով  ապրել, պետք է իր կամքը հատի, մշտապես հնազանդության մեջ լինի ու խոնարհվի, իսկ մտքում մահվան հիշատակը պիտի ունենա, Դատաստանից ու հավիտենական կրակից պետք է վախենա ու Երկնային Արքայությունը փափագի:         

Երիտասարդ միաբաններին սուրբը պատվիրում էր աղոթքին նաև ֆիզիկական աշխատանքը զուգակցել.

-Եթե աշխարհականներն աշխատում են իրենց ընտանիքը կերակրելու համար, ու բացի դրանից, ողորմություն են տալիս և Աստծուն նվիրատվություն են անում, ապա մենք` վանականներս, առավել ևս պիտի աշխատենք, որպեսզի անգործությունից խուսափենք և ուրիշների աշխատանքով չկերակրվենք:

Աբբա Եվթիմիոսը պահանջում էր, որ միաբանները եկեղեցում ու սեղանատանը լուռ մնան: Երիտասարդ միաբաններին, ովքեր ցանկանում էին մյուսներից ավելի խիստ պահք պահել, սուրբը թույլ չէր տալիս հետևել իրենց կամքին, այլ հորդորում էր բոլորի հետ միասին սեղանատանը ճաշակել:

Սբ. Եվթիմիոսի կատարած բազմաթիվ հրաշքների համբավը շուտով տարածվում է ամենուր: Տարբեր տեղերից սրբի մոտ էին բերում զանազան հիվանդների, որոնք բժշկություն էին ստանում սրբի ձեռքով: Չկարողանալով տանել մարդկային համբավն ու փառքը, սբ. Եվթիմիոսն իր մտերիմ աշակերտ Դոմետիանոսի հետ ծածուկ լքում է վանքը և հեռանում Զիփ անապատի խորքերը` բնակություն հաստատելով այն քարայրում, որտեղ Սավուղի հետապնդումներից խուսափելով` թաքնվել էր սբ. Դավիթ Սաղմոսասաց թագավորը: Այդտեղ սբ. Եվթիմիոսը մի նոր վանք է հիմնում, իսկ Դավիթի քարայրը եկեղեցու է վերածում: Այդ ժամանակ սբ. Եվթիմիոսը բազում անապատականների դարձի է բերում մանիքեական մոլորությունից, բազում հրաշքներ գործում, հիվանդների ու դիվահարների բժշկում:                                

Մեծաթիվ այցելուները շարունակ խախտում էին հրաշագործ ճգնավորի անդորրը: Նույն պատճառով սուրբը մերժում էր որևէ մեկին աշակերտության ընդունել, բայց Տերը տեսիլքի մեջ նրան պատվիրում է չմերժել բոլոր նրանց, ովքեր գալիս են հոգու փրկության համար: Ահա այսպես կազմավորվում է սբ. Եվթիմիոսի մայրավանքը (լավրան), և 429 թ., երբ սբ. Եվթիմիոսն արդեն 52 տարեկան էր, Երուսաղեմի պատրիարք Հոբնաղի ձեռամբ օծվում է վանքի կաթողիկե եկեղեցին:

Մի օր լավրա են գալիս 400 ուխտավոր հայեր, ովքեր Երուսաղեմից Հորդանան էին ուղևորվում: Սբ. Եվթիմիոսը կանչում է իր աղքատ վանքի տնտեսին` Դոմետիանոսին և պատվիրում է կերակրել ուխտավորներին: Տնտեսը սակայն հաղորդում է, որ մառանում անգամ միաբանների համար բավականաչափ կերակուր չկա: Վանահայրը Սբ. Հոգով վստահեցնում է, որ մարդիկ ոչ միայն կհագենան, այլև ավելցուկ կմնա: Երբ Դոմետիանոսը գնում է փոքրիկ մառանը, ապա չի կարողանում դուռը բացել, որովհետև այն մինչև առաստաղը հացերով էր լցվել: Հայերից ոմանց կանչելով` նա ջարդում է դուռը, և հացերը դուրս են թափվում: Նույն բանը կատարվում է նաև ձեթի ու գինու պահեստում, այնպես որ մեծն աբբայի համերկրացիները հագենում են, և դրանից հետո երեք ամիս շարունակ պահեստի դուռը չէին կարողանում փակել:

Մի օր վանքի միաբաններից մեկը հրաժարվում է կատարել իրեն հանձնարարված հանզանդությունը` հակառակ մեծն Եվթիմիոսի հայրական հորդորներին: Տեսնելով, որ դրանք անօգուտ են, սուրբն ասում է անհնազանդ վանականին.

-Արդ կտեսնես, թե անհնազանդության համար ի՛նչ է լինում:

Նույն պահին միաբանը, դիվահարվելով ու փրփրելով, գետին է ընկնում: Եղբայրների խնդրանքով սուրբը բժշկում է անհնազանդ միաբանին ով, դևից ազատվելով, ներողություն է խնդրում աբբայից ու խոստանում է ուղվել:

-Հնազանդությունը, – ասում է սբ. Եվթիմիոսը, – մեծ առաքինություն է: Տերը սիրում է հնազանդությունն առավել քան զոհաբերությունը, իսկ անհնազանդությունը մահվան է հանգեցնում:

Երկու միաբան եղբայրներ, վանական խստակեցությունից ծանրացած լինելով, մտածում են վանքից փախչել: Սբ. Հոգով նրանց մտադրությունը տեսնելով` աբբան իր մոտ է կանչում վանականներին ու հորդորում այդ կործանարար մտքերը հեռու վանել.

-Պետք չէ անսալ այդ մտքերին, որոնք տխրություն են ծնում և ատելություն են առաջացնում այն վայրի հանդեպ, որտեղ ապրում ենք` ուրիշ տեղ գնալու դրդելով: Վանականը թող չմտածի, թե մի ուրիշ տեղ գնալով, լավ բանի կհասնի, քանի որ բարի գործին են հասնում ոչ թե տեղի շնորհիվ, այլ` ամուր կամքի ու հավատքի: Իսկ երբ ծառը հաճախակի տեղից տեղ են վերատնկում, ապա նա անպտուղ է մնում:            

451թ. Քաղկեդոնում կայանում է չորրորդ Տիեզերաժողովը, որը դատապարտում է Եվտիքեսի և Նեստորի հերետիկոսական ուսմունքները: Ժողովին մասնակցում են սբ. Եվթիմիոսի աշակերտները, ովքեր շտապում են իրենց հայազգի աբբային հասցնել հրապարակված հավատո սահմանը: Մեծն Եվթիմիոսը, փայլուն աստվածաբանական կրթություն ունենալով, քննության է առնում Քաղկեդոնի ժողովի հավատո սահմանը և, համեմատելով այն Եփեսոսի Տիեզերաժողովի (431թ.) վարդապետության հետ, հռչակում է, որ չորրորդ Տիեզերաժողովում հաստատված դավանությունը միանգամայն ուղղափառ է:                      

Աբբա Եվթիմիոսը առատապես օժտված էր պարզատեսության և մարգարեության շնորհներով: Նա տեսնում էր մարդու հոգու խորին շարժումներն ու խորհուրդները: Երբ միաբանները Սբ. Հաղորդություն էին ստանում, աբբան տեսնում էր, թե ով է արժանապես մոտենում սբ. Սկիհին, և ով` ի դատապարտություն: Երբ աստվածային Պատարագ էր մատուցում սբ. Եվթիմիոսը, հաճախ տեսնում էր իր հետ պատարագող հրեշտակին: Մի անգամ էլ երբ, անապատի ճգնությունից վանք վերադարձած սուրբը Պատարագի է կանգնում, վանականները տեսնում են երկնային հուրը, որ իջնում ու պարուրում է պատարագիչ աբբային: Մահվանից առաջ սբ. Եվթիմիոսն իմանում է իր մոտալուտ վախճանի մասին: Նա իր վերջին խրատներն է տալիս է եղբայրներին.

-Եթե ինձ սիրում եք, ապա պահեցե՛ք իմ պատգամները: Սեր ունեցեք, որովհետև դա է միության կատարելությունը, և որևէ առաքինություն հնարավոր չէ առանց սիրո ու խոնարհության: Հանուն սիրո Տերն Ինքը մեզ համար խոնարհվեց ու մեզ նման Մարդ դարձավ: Եկեղեցական ժամերգությունները երբեք բաց մի՛ թողեք, ավանդություններն ու վանական կանոններն ուշադրությամբ պահպանեք: Եթե եղբայրներից  որևիցե մեկն անմաքուր խորհուրդների դեմ է պայքարում, ապա մշտապես խրատեք նրան, որպեսզի սատանան անկման չտանի եղբորը: Եվս մեկ պատվիրան եմ հավելում. թող մենաստանի դարպասները երբեք փակ չլինեն ուխտավորների համար, և ամեն բան, որ ունենաք, առաջարկեք կարիքավորներին: Նեղության մեջ գնտվողներին օգնեցեք` որքան հնարավոր է:

 Սբ. Եվթիմիոսն իր հոգին խաղաղությամբ առ Աստված է ավանդում 473թ. հունվարի 20-ին,  97 տարեկան հասակում: Ուղղափառ Եկեղեցին նրան պատվել է «Մեծ» մակդիրով, քանի որ հիրավի վիթխարի են եղել սբ. Եվթիմիոսի հեղինակությունն ու ավանդը ոչ միայն պաղեստինյան, այլև բովանդակ քրիստոնյա արևելքի վանականության կայացման ու ընթացքի գործում:

 

Պատրաստեց Բ. Գրիգորյանը

 

[1] Մելիտենեի սբ. Ակակիոս եպիսկոպոսը եղել է V դ. հայտնի եկեղեցական գորժիչ և աստվածաբան: Նա նեցուկ է կանգնել Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետին` նրա ծավալած հականեստորական պայքարում: Սբ. Ակակիոս Մելիտենեցին եղել է նաև սբ. Սահակ Պարթև կաթողիկոսի և սբ. Մեսրոպ Մաշտոցի բարեկամն ու աջակիցը: Հայտնի են Ակակիոսի երկու թղթերը` ուղղված սբ. Սահակին, ինչպես նաև` վերջինիս պատասխան թուղթը Մելիտենեի առաջնորդին:

 

Սբ. Եվթիմիոս Մեծ

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com