/ Ծերերի խրատներ / Տերը գործում է մեր հավատին համապատասխան

Տերը գործում է մեր հավատին համապատասխան

 

Տերը գործում է մեր հավատին համապատասխան

Լեմեսոսի մետրոպոլիտ Աթանաս

 

Ծեր Պաիսիոսն ասում էր, որ երբ մարդու կողմից օգնություն չկա, այնժամ առատ օժանդակություն կա Աստուծո կողմից… Տերն իմ կամ ուրիշ մեկի, անգամ ծեր Պորֆիրիոսի կամ Պաիսիոսի կարիքը չունի. Տերն իր գործն անձամբ կարող է կատարել մարդկանց հոգիներում: Ուստի մենք երբեք չպիտի հուսալքվենք… Եթե որևէ մեկն առանց հավատ ունենալու գնար ծեր Պաիսիոսի մոտ, ապա ոչ մի օգուտ էլ չէր քաղի: Եվ ընդհակառակը, եթե հավատով ու հանուն Քրիստոսի խոնարհությամբ գնաս երիտասարդ խոստովանահոր մոտ, ապա կստանաս այն պատասխանը, որը կհամապատասխանի Աստուծո կամքին: Աթոսում ես այսպիսի մի պատմություն եմ լսել. ոմն վանականի խոստովանահայրը մահանում է, և վանականը, ծերի շորերը գերանին հագցնելով, ասում է. «Քանի որ այլևս խոստովանահայր չունեմ, այս գերանին եմ հարցնելու»: Այդպես էլ սկսում է անել ու մի անգամ, երբ ինչ-որ բան է հարցնում, գերանից լսում է` ո՛չ, այդպես չանես:

Այնպես որ Տերը գործում է մեր հավատին համապատասխան…Վա՜յ մեզ, եթե հենվենք ոչ թե Աստուծո, այլ մարդկանց վրա: Նույնիսկ Հունաստանում բնավ բոլորը չէ, որ կյանքի օրոք ճանաչում էին ծեր Պաիսիոսին ու Պորֆիրիոսին, թեպետ նրանք եզակի սրբեր էին…

   Գլխավոր մեղքը

Ես խոստովանահայր դարձա ու սկսեցի մարդկանց խոստովանեցնել, երբ դեռ Աթոսում էի ապրում ու շատ երիտասարդ էի: Մի անգամ ծեր Պաիսիոսին հարցրեցի, թե ի՛նչ հարցեր ուղղեմ այն մարդկանց, որոնք խոստավանության են գալիս: Բանն այն է, որ նրանցից ոմանք խնդրում էին, որ ես իրենց հարցեր տամ, և հետո իրենք պատասխանեն: Ծերն ասաց.

-Հարցեր տալուց խուսափի՛ր, բայց եթե մարդիկ շատ են համառում, ապա առաջին հարցը թող լինի այն, թե մարդն արդյոք սիրու՞մ է Աստծուն, ի՞նչ հարաբերություններ ունի Աստուծո հետ: Հետո հարցրու, թե այդ մարդն իր կողքի մարդկանց, ինքն իրեն և իրեն շրջապատող ամեն բան սիրու՞մ է արդյոք: Քանզի հենց Տերն է ասում, որ առաջին ու ամենամեծ պատվիրանը Տեր Աստծուն ողջ սրտով սիրելն է, իսկ դրան կհավելվի և մնացածը:

 

   Եկեղեցին եպիսկոպոսի բնական վայրն է

Պատճառներից մեկը, որ ես անձամբ եմ մարդկանց խոստովանեցնում, այն է, որ չեմ ուզում գրասենյակում նստել ու ինչ-որ կառավարիչ լինել: Խոստավանությունն ամենապարզ միջոցն է իմանալու, թե ինչի՛ մասին են մտածում մարդիկ, ինչո՛վ են մտահոգ, ի՛նչ խնդիրներ ունեն: Ես շա՜տ եմ ուրախանում, երբ մարդիկ հանձին իրենց եպիսկոպոսի հայր են տեսնում: Ուրախանում եմ, երբ գիտեմ, որ մարդիկ կարող են գալ եկեղեցի, գտնել ինձ` իրենց խնդիրների մասին պատմելու: Առաջնորդարան` իմ գրասենյակը, ամիսը մեկ-երկու անգամ եմ գնում: Այնտեղ ես ինձ քաղաքապետի պես եմ զգում, ուստի նախընտրում եմ լինել եկեղեցում ու մարդկանց հետ տեսակցել: Եկեղեցին եպիսկոպոսի բնական վայրն է:  

 

   Ինչի՞ կարիքն ունի Եկեղեցին

Մենք մեղավոր ենք այն բանի համար, որ Քրիստոսին չճանաչող մարդիկ կան: Մենք վիթխարի պատասխանատվություն պիտի զգանք այդ մարդկանց հոգիների համար: Եթե մենք սուրբ դառնանք, ապա մարդկանց առ Քրիստոսը կձգենք, սակայն մեր խնդիրն այն է, որ սրբության պակաս ունենք: Արդ, մենք արդարացի չենք մեր այն եղբայրների հանդեպ, որոնք մեր մեջ սրբություն չեն տեսնում, ուստի և Ավետարանին չեն մոտենում, չեն մերձենում: Ուրեմն այն, ինչը որ մեզ իրապես անհրաժեշտ է, Եկեղեցու մեջ սրբությունն է և սուրբ մարդիկ:

 

Հունարենից պատրաստեց Գ. Ղազարյանը

 

 

 

 

Տերը գործում է մեր հավատին համապատասխան

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com